Ցտեսություն, հեղափոխություն

Քաղաքացիական բաց համաժողովում, որ հրավիրել էր Ժառանգության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, ելույթ է ունեցել Կարապետ Ռուբինյանը` Հայ ազգային կոնգրեսի նախկին անդամը: Խոսելով երկրում առկա ծանր իրավիճակի եւ մարտահրավերների մասին, նա նշել է, որ իրար հաջորդող իշխանությունները չեն կարողացել երկրում ապահովել քաղաքացիների պարզ ակնկալիքների եւ հույսերի իրականացումը`ստեղծել իրավապես եւ սոցիալապես պաշտպանված միջավայր: Կարապետ Ռուբինյանն ասել է, որ այդպիսի պետության հասնելու գործում հույսեր էր ներշնչում տարվա սկիզբը, երբ սոցիալ տնտեսական լարվածությունը մի կողմից, իսկ արաբական հեղափոխություններն էլ մյուս, ժողովրդի մեջ բավական վճռական տրամադրություններ էին արթնացրել, ու թվում էր, թե եթե ընդդիմությունը` Կոնգրեսը, առաջնորդեր դրանք եւ պահեր հասարակությանը փողոցում մի քանի օր, ապա նախագահական ընտրության կեղծիքով եւ մարտի 1-ի արյունով նախագահ դարձած Սերժ Սարգսյանը կհեռանար, ինչպես նշել է Կարապետ Ռուբինյանը:

Սակայն, ըստ նրա, այդ հույսերը չարդարացան, եւ Կոնգրեսը հեռացավ արմատական ընդդիմության դաշտից եւ երկխոսություն սկսեց իշխանության հետ, որի արդյունքի վերաբերյալ ընդամենը ենթադրություններ կարող են արվել: Կարապետ Ռուբինյանը եզրակացրել է միայն, որ հերթական ընտրական պրոցես է սպասվում, ինչը նշանակում է “ցտեսություն, հեղափոխություն, ցտեսություն, արմատական փոփոխություններ”, ու մենք նորից կանգնելու ենք կեղծվող ընտրական գործընթացի առաջ:

Սակայն Կարապետ Ռուբինյանը նկատել է, թե ամեն ինչ այդքան էլ անհույս չէ: Նա նշել է, որ հույս է ներշնչում քաղաքացիական նախաձեռնությունների զարթոնքը: Կարապետ Ռուբինյանի խոսքով, դրանք պետք է վերածվեն ավելի լայն ֆորմատի` քաղաքացիական ֆորումի, որտեղ անձնակենտրոնության փոխարեն կլինի ազատ եւ անկաշկանդ քննարկում, որտեղ կձեւավորվի այն շարժումը, որը Հայաստանում կստեղծի փոփոխությունների նախադրյալներ:

Ելույթ ունեցող մեկ այլ մասնակից` Տապան փորձագիտական կենտրոնի ղեկավար Գեղամ Նազարյանը, նշել է, որ շատ կարեւոր է քաղաքացիական հավաքներն անցկացնել հստակ օրակարգով եւ օրակարգում ներառել տարբեր շերտերի թիրախավորված խնդիրներ, ձգտելով լուծումներ առաջարկել դրանց համար:

Հասարակական ակտիվիստ, քաղաքացիական նախաձեռնությունների անդամ Արփինե Գալֆայանն ասել է, որ ներկայում շատ է ասվել եւ հստակ է այն, թե ինչ խնդիրներ ու մարտահրավերներ կան Հայաստանի համար, ու այժմ պետք է ավելի շատ խոսել այն մասին, թե ինչ պետք է անել դրանք լուծելու, փոփոխությունների հասնելու համար: Նա ասել է, որ կա այդպիսի արդյունավետ քննարկումների մարդկային պոտենցիալ եւ այն պետք է օգտագործել:

Ռազմավական եւ ազգային հետազոտությունների հայկական Կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանն էլ ասել է, որ այսօր Հայաստանում գլխավոր խնդիրը մարդու իրավունքն է, որը լուծելու համար պետք է, որ քաղաքացիական իրավագիտակցությամբ քաղաքացիները միմյանց հետ գան համաձայնության իրավունքի շուրջ, պայմանագիր կնքեն, գործակցեն եւ ստեղծեն այն միջավայրը, որը կբերի երկրում փոփոխությունների եւ իրավական ու քաղաքացիական միջավայրի հաստատման:

lragir.am

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *