Այն, որ զանազան-զարմանազան առիթներով հին ՀՀՇ-ից դուրս թողնված ոչ պակաս հին ՀՀՇ-ականները փորձելու են վերամիավորվել ու, ի վերջո, կանեն այդ բանը, ոչ միայն զարմանալի չէ, այլև միանգամայն բնական է: Ամեն դեպքում, նրանցից շատերը՝ Հովհաննես Իգիթյան, Կարապետ Ռուբինյան, Ալեքսանդր Արզումանյան, Արարատ Զուրաբյան և մյուսները, ՀՀՇ-ի անիշխանության տարիներին այն կորիզի անբաժանելի մասն էին, որ ձևավորում ու պահում էին այդ՝ հակասական զգացմունքներ հարուցող կուսակցության քաղաքական դեմքն ու նկարագիրը: Եվ այն, որ մի քանի տարի առաջ, ինչ-ինչ հաշվարկներով կազմակերպված ներկուսակցական «իշխանափոխության» հետևանքով հենց այս կարողունակ գործիչներին իրենց իսկ ՀՀՇ-ական «հին ընկերները» դուրս մղեցին կամ դուրս արեցին կուսակցությունից, իրենց մեղքը չէ:
Դա՝ անկախ այն բանից, թե 1991-98թթ. իշխանության եղած ուժին ով ինչպես է վերաբերվում կամ ինչպես է գնահատում այդ կուսակցության ակտիվի վրա հիմնված Լևոն Տեր-Պետրոսյանի «վերադարձի» կազմակերպումն ու դրա հետևանքները: Արդեն «Ազատ դեմոկրատներ» անվանումով քաղաքական միավոր ձևավորելու փորձը հուշում էր, որ ցանկության դեպքում, վերը նշված համախոհներին կհաջողվի «վերակենդանացնել» ՀՀՇ-ն ևս: Ամեն դեպքում, մեր քաղաքական դաշտում ընդգծված ազատական միավորի պակասությունը նկատելի էր: Ու, եթե ձևավորվում կամ վերաձևավորվում է մի կուսակցություն, որը ոչ միայն անվանապես է լինելու ազատական (լիբերալ) դիրքերում, այլև դրա մեջ համախմբված են նշված ուղղության կողմնակիցները, ապա պետք է որ դա ողջունելի լինի: Էլի՝ անկախ այն բանից, թե ով ոնց է նայում լիբերալներին:
Բայց արի ու տես, որ ՀԱԿ-ում մնացած «հին ընկերները» հին ընկերների հե՛չ ընկերը չեն: Ողջ հարցն այն է, որ անցանկալիներին հին ՀՀՇ ղեկավարությունից թեկուզ աղմուկ-ղալմաղալով, բայց՝ լիովին հեռացնելուց կամ կամովին հեռանալու վիճակի մեջ դնելուց հետո, Լևոն Տեր-Պետրոսյանը մի այլ խումբ համախոհների հետ ու Արամ Մանուկյանի կանխատեսելի թողտվությամբ, վերացրեց նաև ՀՀՇ-ն: Այսինքն՝ «Հայոց համազգային շարժում» կուսակցությունն ուղղակի վերցրեցին և տարրալուծեցին «Հայ ազգային կոնգրես» կուսակցության մեջ: Վերջինս ընդհանրապես անհասկանալի մի բան է գաղափարաքաղաքական առումով, քանզի դրանում միավորվածների մեջ լիբերալներ էլ կան, սոցիալիստներ էլ ու առհասարակ, ինչ ուսմունքի ու կողմնորոշման կողմնակից ասես որ չկա:
Էհ, հին ՀՀՇ-ից դուրս թողնվածներն էլ, որոշելով միավորվել, բռնեցին ու «վերակենդանացրին» իրենց կուսակցությունը՝ նախկին անվանումով: Վերջիվերջո, ժառանգությունը նրանն է, ով ժառանգորդ է ու տիրություն է անում այդ ժառանգությանը: Ու այստեղ, ՀԱԿ-ում տարրալուծված ու այնտեղ մնացած նախկին ընկերները հայտարարեցին, թե՝ ՀՀՇ անվանումն ու խորհրդանիշը ամրագրված են պետռեգիստրում, և դրանց օգտագործման իրավունքը պատկանում է ՀՀՇ հասարակական կազմակերպությանը:
Պարզ ասած՝ հեղինակային իրավունքի հարց մեջտեղ բերեցին, թե՝ «էս սարն իմն է, էս ծառն իմն է», հա, էն նշանն ու անունն էլ է իմը:
Պարզվեց, որ դա այդքան էլ այդպես չէ:
Ոչ պակաս հետաքրքիր է, որ ըստ արդարադատության նախարարության ներկայացուցչի ՝ «նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում «Հայոց համազգային շարժում» անվանումով ո՛չ հասարակական կազմակերպություն կա գրանցված, ո՛չ էլ կուսակցություն»: Դե, կուսակցությունը հասկանալի է՝ ընդամենը մի երկու օր առաջ է հիմնադիր համագումարը տեղի ունեցել, ե՞րբ պիտի դիմեին: Բայց որ ՀԿ էլ չկա, իրոք, հետաքրքիր է, քանզի ստացվում է, որ ՀԱԿ-ում մնացած նախկին ՀՀՇ-ականները ներկայիս ՀՀՇ-ականներին «ահ են տալիս» չեղած կազմակերպության անունից:
Չէ, բայց այդ ռեգիստրում ինչ-որ մի կազմակերպություն կա գրանցված, սակայն այն կոչվում է «Հայոց համազգային շարժում. ազատականության տարածման և ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպություն: Տնաշեննե՜րը: Այնքան էլ երկար անվանում են հորինել:
Իսկ առհասարակ, եթե ՀՀՇ անվանումն այդքան թանկ ու հարազատ էր ՀԱԿ-ում մնացած նախկիններին, ապա էլ ինչո՞ւ էին ամեն ինչ անում, որ ջնջվեր ու լուծարվեր այն: Միանգամից թող կոչվեին, օրինակ՝ ՀԱԿ-ՀՀՇ կամ ՀՀՇ-ՀԱԿ:
Սակայն այստեղ կարևորը, այնուամենայնիվ, անվանումը չէ: Կարևորն այն է, թե եղածներից ով է իսկապես համապատասխանում այդ անվանմանը: Այն, որ Լ.Տեր-Պետրոսյանի ձևավորած ու այժմ Լևոն Զուրաբյանի առաջնորդած կազմակերպության մեջ ՀՀՇ-ից բան չի մնացել, երևաց հենց թեկուզ միայն նրանից, որ անցած նախագահական ընտրություններում ՀԱԿ ԱԺ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանին սատարելու համար սկսեցին ՀՀՇ-ից մարդկանց հեռացնել:
Ողջ հարցն այն է, թե ցեխի մեջ գցած դրոշն ով կվերցներ: Արարատ Զուրաբյանը, Իգիթյանը, Ռուբինյանը, Արզումանյանը ու մյուսները չեն խորշել, վերցրել են այդ դրոշը: Ու կողքից ամենևին լավ տպավորություն չի թողնում այն, որ նրանց առաջինը ցանկանում են «ոտք գցել» իրենց նախկին ընկերները: Վախենո՞ւմ են, ի՞նչ է: Թե՞ խանդում են: Ինչի՞ն, ախր:
Հեղինակ Արմեն Հակոբյան
29 հոկտեմբեր 2013 17:51