Րաֆֆին վերածնեց ժողովրդի հավատը, նա է այս երկրի օրինական նախագահը

Րաֆֆին իր անձնվեր պայքարով կարողացավ վերածնել մեր ժողովրդի հավատը մեր իսկ ուժերի նկատմամբ:
Նման խոսքերով Ազատություն հրապարակում հավաքվածներին դիմեց նախկին քաղբանտարկյալ, ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը, ով այնտեղ է սատարելու Րաֆֆի Հովհաննիսյանին:
«Հիմնական հերոսը դուք եք, իմ ժողովուրդ: Դուք եք, որ ավելի շատ հավատ եք պահպանել ձեր մեջ, քան մենք, դուք եք, որ հերոսաբար, առանց վախի գալիս էիք կանգնում Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումներին և չնայած բոլոր խուլիգանություններին, որ այս իշխանությունները արեցին, իրենց ընտրությունը արեցին»,- ասաց Կարապետ Ռուբինյանը:
ԱԺ նախկին փոխխոսնակն ասաց, որ ինքը առիթ է ունեցել Րաֆֆիին շնորհավորել այս փառահեղ հաղթանակի համար:
«Նա ինձ համար ընտրությունների օրվանից հետո այս երկրի օրինական նախագահն է: Ես հոռետեսորեն ասում էի, որ հիմա անկման շրջան է և բավական ժամանակ կպահանջվի, որ ժողովուրդը հավատա ինչ-որ առաջնորդի և ոտքի կանգնի: Ես չէին հավատում, որ մեր ժողովուրդը այսքան դրական գիծ է պահել»,- ասաց Կարապետ Ռուբինյանը:
Այս օրերին, ըստ ՀՀՇ նախկին անդամի, հիմնական մտայնությունն այն էր, թե այս անգամ կհաջողվի՞, թե ոչ:
«Դա կախված է բոլորի վճռականությունից, Րաֆֆին միայնակ չի կարող ոչինչ անել, եթե մենք ամեն օր վճռականություն չցուցաբերենք: Մենք 4-5 տարի պայքարել ենք մինչ այս։ Սա պայքարի շարունակությունն է։ Այս պայքարը անձի պայքար չէ, մեր ամբողջ ժողովրդի պայքարն է, և ես հպարտ եմ, որ մենք բոլորով կանգնած ենք այստեղ»,- ասաց Կարապետ Ռուբինյանը:

Թերթ.am, 18:28 • 20.02.13

Related Posts