Սերժ Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկելով ղեկավարել Սահմանադրական խորհուրդը, դա անում է ոչ առանց հետին մտքի։ Նման կասկած ունի քաղաքական, հասարակական գործիչ Կարապետ Ռուբինյանը։
Նա այսօր Ազատության հրապարակում բաց Քաղաքացիական խորհրդի ձևաչափում ելույթ ունենալով ավելացրեց, որ, իբր, դրանով իշխանությունը փոխզիջման է գնում, այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը, ով անցնում է պաշտոնավարման երկրորդ շրջանը և չի կարող երրորդ անգամ թեկնածու լինել, գուցե որպես «աթոռից կառչած անձնավորություն», կցանկանար Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռքերով իրականացնել բարեփոխում, որից հետագայում օգտվելու էր ինքը։
Բայց սա, ըստ Կարապետ Ռուբինյանի, չի նշանակում, որ իրենք այս առումով հակառակվելու նպատակով պետք է հետ կանգնեն սահմանադրական բարեփոխումներից։
Կարապետ Ռուբինյանը հայտարարեց, որ Ղարաբաղյան շարժման առաջին տարիներին՝ մինչև Լևոն Տեր-Պետրոսյանի առաջին ժամկետում ընտրությունը, Գերագույն խորհուրդը հանդիսանում էր պառլամենտական կառավարման լավագույն օրինակ։ «Եվ պառլամենտարիզմի ծնունդը կարելի է հաշվարկել էդ ժամանակներից»,- ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը։ Նա հիշեցրեց, որ այդ պառլամենտական համակարգում վերջ տրվեց Հայաստանում կոմունիստական կուսակցությանը, հռչակվեց Անկախություն և ստեղծվեցին օրենսդրական հիմքեր։ Բանախոսը հիշեց, որ այն ժամանակ էլ կային պառլամենտական կառավարման դեմ և կողմ կարծիքներ, սակայն գերիշխող դարձավ կիսանախագահական ձևը։
«Ասվում էր, որ պատերազմի մեջ ներքաշված երկիր ենք և պետք է հզոր, միանձնյա ղեկավար ունենանք, ուղղահայաց իշխանություն… Ասվում էր, որ եթե վարչապետը լինի մեր առաջին դեմքը, իսկ բոլոր տեղերում նախագահները լինեն, մի տեսակ կարող է նվաստացող իրավիճակում հայտնվի»,- վերհիշեց Կարապետ Ռուբինյանը՝ արձանագրելով, որ հետխորհրդային տարածքում, բացառապես մերձբալթյան երկրների, մյուս անկախացող երկրները գնում էին այդ ճանապարհով։
Ըստ Կարապետ Ռուբինյանի՝ իրականում սա նախագահական , այլ ոչ կիսանախագահական համակարգ է, քանի որ սահմանադրական այն թեզը, որ երկրի ղեկավարը նախագահն է, բայց եթե ընդդիմությունը խորհրդարանում մեծամասնություն կազմի, պառլամենտն է ղեկավարում երկիրը, երբեք չի գործել։
«էդպիսի բան չեղավ մեր երկրում, մի դրվագ միայն եղավ, որը ավարտվեց «հոկտեմբերի 27-ով»,- ասաց Կարապետ Ռուբինյանը և ավելացրեց, որ նախքան այդ Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը իրենց վրա վերցրին խորհրդարանի ղեկավարումը։ «Ինչի դեմ բողոքեց Ռոբերտ Քոչարյանը, որը հայտնվել էր Անգլիայի թագուհու կարգավիճակում»։
Նրա ամփոփմամբ՝ երեք նախագահների պաշտոնավարումը ցույց է տվել, որ Հայաստանում այս ձևը արդարացված չէ, ի տարբերություն Գերագույն խորհրդի, որը փաստորեն, կառավարման պառլամենտական ձևի փայլուն օրինակն էր։ Ի տարբերություն այս որակի ԱԺ-ի, որը կարողանում է միայն տարին մեկ անգամ սպիտակ կամ դեղին համարանիշների մասին օրենքներ ընդունել։
Բանախոսը նշեց, որ միանձնյա որոշումներ ընդունելու դեպքում շատ մեծ է նախագահի սխալվելու հավանականությունը, և հիշեցրեց Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին Հայաստան կանչելու Լևոն Տեր-Պետրոսյանի ձեռնարկը, որի համար նա հետագայում ներողություն խնդրեց ժողովրդից։ Այն ժամանակվա քաղաքական իսթեբլիշմենթում եղած Ռուբինյանն ասաց, որ բացի մի քանի հոգուց, Տեր-Պետրոսյանի այդ որոշման մասին ոչ ոք տեղյակ չէր։
Իսկ պառլամենտը միանձնյա չէ, աստեղ ոչ թե մեկ խելք է, այլ մեկից ավել՝ ինչի առավելությունը պնդում են ժողովրդական ասացվածքները։