ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը մտահոգություններ ունի ՀՅԴ-ի առաջարկած պլատֆորմի վերաբերյալ։ Այդ մտահոգությունները նա արտահայտեց այսօր՝ «Էրեբունի պլազայում» կայացած բաց քննարկման ժամանակ, որ հենց ՀՅԴ-ի կողմից էր հրավիրվել:
«Այո, պետք է միավորվել, սակայն, այնուամենայնիվ, անհասկանալի է, եթե ինչ-որ հրաշքով տեղի ունենա նման մի կոնսոլիդացիա, և երբ սկսվում է պայքարը Հայաստանի ժողովրդավարացման համար, կամ օլիգարխիկ ռեժիմի դեմ, դեմ ենք առնում մի հերթական կեղծված ընտրությունների, և ժողովրդին դեմ ենք տալիս ավտոմատի փողին»,- ասաց նա՝ մտահոգություն հայտնելով, որ դեռ պարզ չէ, ինչ են անելու այդ ժամանակ, չնայած, ինքն ասել է, որ իշխանության համար այլ ելք չի լինելու, և եթե հերթական անգամ պետք է կրակել, ուրեմն կկրակեն։
Ռուբինյանի հաջորդ անհանգստությունն այն է, որ եթե միավորման այս ծրագիրն իրականցվի, ի՞նչ երաշխիքներ կստեղծվեն, որ անձերը, որ պիտի իրենց մասնակցությունը բերեն այդ գործում, պիտի համոզված լինեն, որ արդար ընտրություններ են լինելու։ Եվ պետք է համոզվել, որ այդ միասնական թեկնածուն կիրականացնի պլատֆորմի բոլոր կետերը։
«Ես արդեն հրապարակային ողջունել եմ դաշնակցության առաջարկած այս պլատֆորմը, որը կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի քաղաքական դաշտը միավորվի դրա շուրջ: Եվ, անշուշտ, մեր հասարակության ցանկությունն է դա»,- ասաց նա՝ փաստելով, որ հիմա հասարակության մոտ հիասթափվածության մթնոլորտ է տիրում, սակայն իրենք պատրաստ են կառչել ցանկացած հնարավորությունից, որպեսզի դուրս գան քաղաքական զարգացման ներկայիս վիճակից: