![]() «Սույն հայտարարությունը հրապարակելու պահից դադարեցնում եմ իմ անդամությունը Հայ ազգային կոնգրեսին: Քաղբանտարկյալների հանդեպ իմ բարոյական պարտավորվածությունը, որը մինչ այս հետ էր պահում ինձ այս քայլից, շարունակելու է խայթել խիղճս:
Բայց, մյուս կողմից, շուրջս ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտը, մոլեռանդ շարքերի թշնամանքը, զրպարտելու, պիտակավորելու սկիզբ առած արշավը, այլեւս անհնարին ու իմաստազուրկ են դարձնում այդ վերջին կամրջի պահպանումը: Կոնգրեսից իմ դուրս գալու հանգամանքը ոչ մի կերպ չի նվազեցնում իմ անկեղծ հիացմունքը` հանուն ժողովրդավարական Հայաստանի Հանրապետության երկարամյա պայքարի իմ ընկերների վճռականության ու նվիրվածության հանդեպ»,- երեկ այսպիսի հայտարարություն տարածեց ՀԱԿ-ի այլեւս նախկին անդամ եւ նախկին հհշական Կարապետ Ռուբինյանը: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի ապրիլի 8-ի հանրահավաքից հետո նույն Ռուբինյանը նկատել էր. «Ոչ միայն փորձ չարվեց մեղմել ընդդիմադիր դաշտի ներքին հակամարտությունը, այլեւ նորից «վերլուծական» հարվածներ տեղացին «երրորդուժականների» պիտակին արժանացած բոլոր այլախոհների ուղղությամբ»: Նաեւ եզրակացրել էր, որ ՀԱԿ-ը նախապատրաստվում է ոչ թե արտահերթ, այլ հերթական ընտրություններին: Թվում էր, թե օրեր առաջ հրապարակած այս կարծիքից հետո Ռուբինյանը կշարունակի մնալ ՀԱԿ-ում, ինչպես վարվեց 2010-ի հուլիսին տեղի ունեցած ՀՀՇ համագումարից հետո, երբ հանդես եկավ «Հրաժեշտի բաց նամակով», իսկ մեկ շաբաթ անց «ղազագիր» գրեց: Այն ժամանակ Ռուբինյանը իր նամակում, անդրադառնալով համագումարին ու ՀՀՇ վարչության ընտրություններին, դառնությամբ արձանագրել էր հարազատ կուսակցության դեգրադացիան, բացահայտել «ժողովրդավարության էտալոն» ՀՀՇ-ի ու նաեւ ՀԱԿ-ի ներսում տիրող վիճակը: Համագումարից հետո Ռուբինյանը դուրս եկավ ՀՀՇ-ից, իսկ ՀԱԿ-ից` ոչ: Եվ ահա 9 ամիս էր պետք, որպեսզի հասկանար, որ ՀԱԿ-ն ու ՀՀՇ-ն «մի հոգի, մի մարմին» են, որտեղ բարոյահոգեբանական մթնոլորտը նույնն է մնացել, իսկ մոլեռանդ շարքերի թշնամանքն ու զրպարտելու, պիտակավորելու արշավը ընդհանուր գործելաոճ է` ընտրված ՀԱԿ-ի առաջնորդի կողմից: Երեկ արձագանքելով Կարապետ Ռուբինյանի հայտարարությանը, Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հայտարարեց. «Մենք հարգում ենք Կարապետ Ռուբինյանի որոշումը եւ իրեն հաջողություն ենք մաղթում»: Իսկ Ռուբինյանը իր որոշման մասին լրատվամիջոցների հարցապնդումներին կարճ պատասխանեց. «Ես հիմա ոչ մի հարցի չեմ պատասխանում, մինչեւ ապրիլի 28-ը ոչ մի ծպտուն չեմ հանելու»: Գուցե կոնգրեսը լքելու հարցում փոքր-ինչ շտապե՞ց Ռուբինյանը, քանի որ այս օրերին ՀԱԿ-ի ներկայացուցիչները վստահեցնում են, թե ապրիլի 28-ի հանրահավաքը լինելու է «պատմական»: Բայց դե երեւի իսկապես «դանակը ոսկորին էր հասել», եւ Ռուբինյանը ստիպված էր դիմել նման կտրուկ քայլի: Ի դեպ, եթե այսօր ՀԱԿ-ի առաջնորդը խոսում է «ջրբաժանի օրվա» մասին, իրականում ջրբաժանն արդեն տեղի է ունեցել, բայց ոչ թե, ինչպես Տեր-Պետրոսյանն է ակնկալում, իշխանության ու հասարակության, այլ ՀԱԿ-ի եւ այլախոհների միջեւ: Եվ այդ առումով հենց ՀՀՇ համագումարը դարձավ ջրբաժանի օր, երբ դրանից հետո ՀՀՇ-ից ու ՀԱԿ-ից հեռացան Արարատ Զուրաբյանն ու Խաչատուր Քոքոբելյանը: Այնուհետեւ ՀՀՇ լրատվական ծառայության ղեկավարի պաշտոնից հրաժարական տվեց Կարեն Կարապետյանը, որը եւս «անհետ կորածների» շարքում է եւ չի մասնակցում կոնգրեսի կազմակերպած եւ ոչ մի միջոցառման: Կարապետյանին հաջորդեց «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի հայտարարությունը, որում կոնգրեսի նոմենկլատուրայի ու այստեղ բնավորված շակալների իրական դեմքն ու գործելակերպը բացահայտելուց բացի, հայտարարեց, որ առժամանակ հեռանում է քաղաքականությունից: Ենթադրվում է, որ Կարապետ Ռուբինյանից հետո կոնգրեսը կլքի նաեւ Ալեքսանդր Արզումանյանը, որը նույնպես դժգոհ է Տեր-Պետրոսյանի քաղաքականությունից եւ երբեմն հրապարակավ արտահայտվում է այդ մասին: Ի դեպ, 2007-ի գարնան վերջին Ռուբինյանն ու Արզումանյանը միասին նախաձեռնեցին քաղաքացիական անհնազանդության շարժումը, որը, ճիշտ է, երկար չշարունակվեց ու տապալվեց, բայց այդ ակցիաներով նրանք նախապատրաստում էին Տեր-Պետրոսյանի վերադարձը: Դե, վերադարձավ եւ այլեւս չկարողացավ հանդուրժել իր գործողությունները, անգամ լիդերությունը վիճարկող, նաեւ ժամանակ առ ժամանակ կոնգրեսի գործունեության քննադատությամբ հանդես եկող այլախոհներին: Ի՞նչ կարող ես անել. այդպիսին է հայկական «ժողովրդավարության հայրը» կամ դեմոկրատ պապին: |
|||
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
|