…Հետագա համագործակցության ակնկալիքով՝ ավազակապետական ԱԳՆ

Որքան զբաղվել եմ լրագրությամբ, իշխանության ներկայացուցիչներից միշտ տրտունջներ եմ լսել, թե ընդդիմությունը միայն հայհոյում է, միայն հրաժարական է պահանջում, ոչինչ չի առաջարկում և այլն։ Հաճախ ընդդիմության հասցեին հնչող այդ մեղադրանքները արդարացի են լինում, բայց եթե վերցնենք Հայ ազգային կոնգրեսի վերջին մեկ տարվա գործունեությունը, ապա նրա հասցեին նման մեղադրանք հնչեցնողը կամ ծանոթ չէ ՀԱԿ-ի փաստաթղթերին, կամ էլ պարզապես քարոզչությամբ է զբաղվում։ Բերեմ վերջին երկու օրինակները։ Կենսաթոշակային համակարգի բարեփոխումը, ըստ փորձագետների, ոչ միայն հասունացել է, այլև առնվազն 10 տարի ուշացել։ Իշխանությանը վճռականություն չէր հերիքում՝ այդ ցավագին, ոչ պոպուլյար բարեփոխումներն անցկացնելու։ Վերջապես այս տարի կարծես թե որոշեցին դա անել, եթե, իհարկե, նորից չնահանջեն։ Մշակվել է որոշակի հայեցակարգ, որում Կոնգրեսը բազմաթիվ խոցելի տեղեր է տեսնում, և ընդդիմությունն առաջարկել է իր այլընտրանքային տարբերակը։ Անկախ նրանից՝ որն է ճիշտ, որը սխալ, դա առողջ, ողջունելի երևույթ է։ Ողջունելի չէ, որ ոչ իշխանության, ոչ ընդդիմության տարբերակը որևէ տեղ չի քննարկվում։

Հիմա էլ ՄԱԿ– ի բանաձևի խնդիրը։ Ընդդիմությունն ասում է՝ քանի որ Ադրբեջանը փորձում է ՄԱԿ-ի ԳԱ– ում անցկացնել իրեն հարմար տեքստը, մենք էլ դրան պետք է հակադրենք մեզ ձեռնտու փաստաթուղթը, որի նախագիծն էլ առաջարկվում է մեր իշխանություններին։ Դարձյալ չեմ կարող մասնագիտակսսն գնահատական տալ այդ փաստաթղթին։ Բայց եթե ես լինեի ԱԳՆ-ի տեղը, նամակ կգրեի Կոնգրեսին մոտավորապես հետևյալ բովանդակությամբ. «Հարգելի Կոնգրես, շնորհակալ ենք ձեր առաջարկի համար, սակայն ձեր ներկայացրած փաստաթղթի այս և այս կետերը մեզ համար ընդունելի չեն։ Հետագա համագործակցության ակնկալիքով՝ ավազակապետական ԱԳՆ»։ Բայց առաջարկի հաջորդ իսկ րոպեին հայտարարել, որ այն անհեթեթ է՝ որևէ բանական քննության չի դիմանում։

Խնդիրը հենց այն է, որ Հայաստանում չկա հասարակությանը հուզող հարցերի քննարկման մշակույթ, որը պետք է ձևավորվի, իհարկե, իշխանության, ընդդիմության, լրատվամիջոցների և ողջ հասարակության ջանքերով։ Մեզանում ընդունված է կենտրոնանալ ինչ-որ երկրորդական, անձնական դետալների վրա, որոնք զուտ արտաքնապես գուցե հետաքրքիր են, բայց շեղում են բուն թեմայից։ Այդ խնդիրը կա նաև ընդդիմադիր շրջանակներում։ Երբ Կարարպետ Ռուբինյանի կամ Ալեքսանդր Արզումանյանի նման հարգված քաղաքական գործիչները և (անպայման կավելացնեմ) մտավորականները ինչ-որ մի բան են ասում, պետք է քննարկել նրանց ասածի բովանդակությունը, ոչ թե այն, թե ինչու են նրանք դա ասել և, ընդհանրապես, կյանքում ինչ լավ կամ վատ արարքներ են կատարել։ Ժամանակն է, որ Հայաստանում էլ լինեն հարթակներ, որտեղ «բա որ դու…» մակարդակի փաստարկները հենց սկզբից «չեղյալ հայտարարվեն»։

Հիմա բանակում կատարված բռնության տեսագրության վերաբերյալ քննարկում են՝ դա Խաչատուրո՞վն է սարքել Սեյրան Օհանյանի գլխին, թե՞ հակառակը (գուցե հենց իշխանությունն է նման խոսակցություններ շրջանառում՝ հասարակության ուշադրությունը շեղելու համար)։

Ճիշտն ասած, եթե նույնիսկ նման բան կա, դա ինձ բացարձակապես չի հետաքրքրում։ Ինձ հետաքրքրում են միայն խոշտանգված երեխաները և սադիստին հասնող պատիժը։

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

16.09.2010, «ԱՌԱՎՈՏ»

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *