Սեպտեմբերի 5-ի առավոտյան մի շարք հասարակական կազմակերպություններ և քաղաքացիական նախաձեռնություններ ուխտագնացություն են կազմակերպել դեպի Օշականի սբ.Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, այնուհետև ուխտագնացության մասնակիցները Երևանում միացել են «Հանուն հայալեզու կրթության» կարգախոսով անցկացվելիք երթին, որը մեկնարկել է Մատենադարանի մոտից և Մաշտոցի պողոտայով ձգվել է դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի, որտեղ երթի մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ։
Միջոցառմանը մասնակցել են նաև ընդդիմադիր ուժերի, մասնավորապես, ՀՅ Դաշնակցության, «Ժառանգություն» կուսակցության և Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ։
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «7օր»-ին ասել է, որ ակնկալում է, որ եթե անգամ օտարալեզու դպրոցներ բացելու մասին որոշումը թղթի վրա ընդունվի, ապա հասարակության կողմից անընդունելի է լինելու։
Նա նաև ասել է, որ չնայած իշխանությունը ԱԺ-ում մեծամասնություն է և հաճախ հրահանգի ներքո կոճակներ է սեղմում, ամեն դեպքում պետք է հասկանա, որ դա չէ այսօր ժողովրդի պահանջը։
Հայ Ազգային կոնգրեսի անդամ Կարապետ Ռուբինյանը նշել է, որ այս միջոցառումը խորհրդանշական չի, այլ իրական պայքար է։
–Սա իրական պայքար է, իրական մարդիկ իրական շահեր ունեն և իրենց շահերի համար դուրս են եկել պայքարի, ուղղակի շահերը նեղ շահեր չեն, համազգային շահեր են և ցավալի է, որ դա չի ընկալվում մեծամասնության կողմից, որովհետև հակառակ դեպքում այսօրվա միջոցառումը շատ ավելի զանգվածային կլիներ, բայց ոչ զանգվածային լինելն ամենևին դրա արժեքը չի փոխում։
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ասել է, որ ինքը սարսափելի հուզված և վիրավորված է, որովհետև չէր պատկերացնում, որ ՀՀ Երրորդ Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի նախաշեմին պետք է սեփական պետական լեզուն պաշտպանելու խնդիր առաջանար։ Դա, նրա խոսքերով, երևակայությունից անդին է։ Նրա կարծիքով, հաշվի առնելով կրթական ոլորտի խնդիրները, շատ ավելի առողջ կլիներ, եթե պետական քաղաքականությունը շեշտը դներ կրթական որակի բարձրացման վրա։
–Համոզված եմ, որ այս ժողովրդական ալիը պետք է իր դրական պտուղներն ունենա և իշխանությունը չի կարող հաշվի չնստել այս արդար հուզումի, վրդովմունքի և պահանջատիրության հետ։ Կրթությունը՝ հայերեն,- ընդգծել է նա։
7or.am