Հայ-թուրքական հարաբերությունների ստորագրումից հետո ընդդիմության հետագա անելիքների ու գործողությունների մարտավարությունը որոշելու համար Հայ ազգային կոնգրեսն ակտիվ քննարկումներ է անցկացնում: Մինչ վերջնական որոշումը զրուցեցինք ՀԱԿ անդամ Կարապետ Ռուբինյանի հետ` արձանագրությունների վավերացումը կանխելու ուղղությամբ ՀԱԿ-ՀՅԴ-ընդդիմադիր բևեռի այլ կուսակցություններ ձևաչափով համագործակցության հնարավորությունների մասին։ Երբ ՀՅԴ-ն պահանջում էր միայն արտգործնախարարի հրաժարականը, Հայ ազգային կոնգրեսից նշում էին, թե Դաշնակցությունը ավելի շատ իմիտացիոն գործունեությամբ է զբաղված` չպահանջելով արտաքին քաղաքականություն իրագործող և երաշխավոր Սերժ Սարգսյանի հրաժարականը: Երեկ, սակայն, ՀՅԴ տարածած հաղորդագրության մեջ հստակ նշված է նաև իշխանափոխության պահանջ` հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու դեպքում: Այսինքն` սրանով վերջակետ դրվեց ՀԱԿ-ի` չմիավորվելու այս հիմնավորմանը:
Հարցադրմանը Կարապետ Ռուբինյանը որպես իր անձնական տեսակետ նշեց, որ դեպի միավորում ինչ-որ շարժ կա: «Բայց, անկեղծ ասած, Դաշնակցության այդ հայտարարությունն ինձ բոլորովին դուր չեկավ, որովհետև այնտեղ իրենք Սերժ Սարգսյանի ուղերձի խայծը կերել էին` շատ լավ հասկանալով, որ դա ոչինչ չնշանակող, իրավաբանական ուժ չունեցող մի փաստաթուղթ է, որն իշխանությունները փորձում են ներկայացնել որպես ստորագրվածի հակակշիռ: Իսկ ուղերձը ստորագրվածի հետ ոչ մի առնչություն չունի: Իսկ Դաշնակցությունը, այդ խայծը կուլ տալով, ինչ-որ հղումներ է անում դրա վրա և պահանջում է, որպեսզի իշխանությունները ղեկավարվեն այդ ուղերձով և ոչ թե ստորագրվածով: Այսինքն` հերթական անգամ խուսափողականություն են դրսևորում այդ վերջին պահանջին հասնելու ճանապարհին: Երբ որ հասնեն այդ վերջին պահանջին, այդ դեպքում շատ հնարավոր եմ տեսնում մեր համագործակցությունը»,- ասաց Կարապետ Ռուբինյանը: Իսկ արդյո՞ք ժամանակ չի կորչում այդ ճշգրտումների կամ դիրքորոշումների հստակեցմանը հասնելու ճանապարհին. երկու ուժերն էլ առանձին-առանձին ասում են, որ աղետալի, բախտորոշ իրավիճակում ենք և անգամ անդունդի եզրին. միգուցե ժամանակն է, որ միավորմանը հասնելու համար ինչ-որ բաներ մղվեն հետին պլա՞ն: ՀԱԿ անդամն ասաց, որ քանի որ «պահը վաղուց է աղետալի, իսկ միավորումը` հրամայական, ապա արժի, որ բոլորի կողմից ցանկացած ջանք թափվի, որ միավորումը կայանա»: Հարցին, թե ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի միջև գաղափարական և այլ գործոններով պայմանավորված անհամատեղելիությու՞նն է ավելի ուժեղ, թե՞ միավորիչ գործոնը, Կարապետ Ռուբինյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ շատ ավելի հզոր են այն գործոնները, որ պիտի ստիպեն, որպեսզի միավորված ճակատ ստեղծվի: Համենայնդեպս, այդ ընդդիմադիր ճամբարում գտնվող ուժերից մեկը չեմ հիշում, որ մերժած լինի մեր երկրում ժողովրդավարության հաստատման հրամայականը: Եվ բոլորն էլ անխտիր մերժել են այդ ստորագրված փաստաթղթի դրույթները»: Ըստ ՀԱԿ անդամի, այս երկու հիմքերի շուրջ էլ կարելի գալ շատ պարզ համաձայնության. ՀՀ-ում սահմանադրական կարգը վերականգնելու համար ստեղծվում է համատեղ ճակատ, մինչ այդ «պայմանավորվելով, որ իշխանափոխությունը տեղի է ունենալու ժողովրդավարական, ազատ, ընտրությունների միջոցով»: ՀԱԿ անդամն այս առնչությամբ հիշեցրեց Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունը, ըստ որի ինքը Սերժ Սարգսյանի հրաժարականի դեպքում չի առաջադրվելու, և ասաց, որ այն դյուրին է դարձնում այս հարցում համաձայնության գալը: Հարցն էլ, թե ՀԱԿ-ի համար սկզբունքայի՞ն է` ով ում է միավորվում` ՀՅԴ-ն ՀԱԿ-ին, թե հակառակը, Կարապետ Ռուբինյանն առաջարկեց ուղղել Կոնգրեսի ղեկավարությանը: «Իսկ անձամբ իմ համար ոչ մի նշանակություն չունի»,- ասաց նա:
ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը պարոն Ռուբինյանի հարցադրումներին ի պատասխան նշեց. «Հրաժարականի մասին մենք խոսել ենք մինչ այդ: Նախագահի ուղերձը դեռ չկար, երբ որ հնչեց այն ձևակերպումը, որ կա Դաշնակցության հայտարարության մեջ, նման ձևակերպում եղել է նաև մեր վերջին հանրահավաքում, այնպես որ պարզունակ դատողություն է մտածել, թե նախագահի այդ ելույթը ազդել է մեր տրամադրությունների վրա: Մենք ասել ենք, որ քանի դեռ հնարավորությունը կա` աշխատելու և իշխանությունների հետ այս խնդիրներում հասնելու ճիշտ լուծման, մենք այդ աշխատանքը կանենք: Իսկ երբ կսպառվեն միջոցներն ու հնարավորությունները, այն ժամանակ, այո’, հնարավոր է, կդիմենք նաև իշխանափոխության: Նորից եմ կրկնում` սա նոր չէ, և սա, այսպես ասած, շարունակությունն է մեր ասածների: Երկրորդ. մենք ասել ենք, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումն ու վավերացումը կանխելն ամենակարևոր խնդիրն է, իշխանափոխությունը մեզ համար ամենակարևոր խնդիրը չէ, և մեզ համար շատ զարմանալի է, որ երբ երկրի համար այսպիսի կարևոր խնդիրներ են ծառացել, մարդկանց համար աթոռակռիվը առաջնահերթն է: Մենք ասել ենք` ինչ վտանգներ ենք տեսնում. եթե մարդիկ կընդունեն, եթե մարդիկ համամիտ կլինեն մեզ հետ, կարող ենք միանալ: Մենք որևէ հավակնություն չունենք, թե ով ում է միանում, բայց եթե մեր նշած վտանգներն ընդունվեն: Համենայնդեպս, ես տեսել եմ, որ այն խնդիրները, որոնք մենք ենք դնում, ՀԱԿ-ին չեն հուզում»:
ԱՆՈւՇ ԴԱՇՏԵՆՑ