Իշխանությունները քաղբանտարկյալների հանդեպ անձնական քինախնդրություն ունեն

Հացպանյանը դեռ կարող է սպասել, բայց նրա հայրը չի կարող. նա մահամերձ է

«Տեղի ունեցած համաներման տեքստն այնպես ձեւակերպվեց, որպեսզի հնարավորինս ավելի շատ մարդիկ շարունակեն մնալ բանտերում: Դա, կարծում եմ, առաջին գնահատականն է, որ պետք է տալ համաներմանը», – երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Քաղբանտարկյալների եւ հալածյալների կոմիտեի անդամ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Այնուհետեւ նա հավելեց, որ այսօր գոյություն ունեն բանտերում նստած կոնկրետ քաղբանտարկյալներ, որոնց երկրի ամենաբարձրագույն իշխանությունը հատկապես բանտում պահելու խնդիր է ունեցել: Այդ մարդկանց թվում նա նշեց ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի եւ ազատամարտիկ Սարգիս Հացպանյանի անունները:

«Այդ անձնական քինախնդրությանը գումարվեց նաեւ չարության մղումը` հնարավորինս շատ մարդ պահել բանտում, եւ արդյունքում այսօր բանտերում ունենք 21 քաղբանտարկյալներ», – ընդգծեց Վ.Հարությունյանը` նշելով, որ ընդգծված քինախնդրության ու վրեժխնդրության վառ օրինակ է նաեւ 27-ամյա քաղբանտարկյալ Ռոման Մնացականյանի դեպքը, ով ընդամենը մասնակցել է հետընտրական հանրահավաքներին եւ չի եղել շարժման ակտիվիստ: Նա դատապարտվել է 3, 5 տարվա ազատազրկման եւ պետք է որ համաներմամբ ազատ արձակված լիներ, սակայն դա տեղի չի ունեցել, քանի որ ազատազրկման ժամանակահատվածում «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում 5 անգամ նրա մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս, ինչը կարգապահական խախտում է, որն էլ պատճառ է դարձել, որ նրա վրա համաներումը չտարածվի:

«ՔԿՀ-ի նախկին պետ Մարգարյանը մեզ հետ զրույցում չէր էլ թաքցնում իր անձնական հակակրանքն ու ատելությունը Ռոմանի նկատմամբ, եւ հիմա Ռոմանը պետք է մնա անազատության մեջ` միայն այն բանի համար, որ ադմինիստրացիայից ինչ-որ մեկն իրեն չի սիրում», – ասաց Վ.Հարությունյանն ու նկատեց, որ բոլոր արգելված առարկաները ՔԿՀ-ներ են մտնում բացառապես ՔԿՀ-ների աշխատակիցների միջոցով, եւ նրանք պատվեր լինելու դեպքում առանձին կալանավորների ենթարկում են տույժի:

Դե թող հիմա էլ Հանրային

խորհուրդն ասի, որ

համաներումը կիսատ-պռատ է

«Դուք երեւի հիշում եք, թե ինչպիսի խեղկատակ կերպով հասարակությանը մատուցվեց համաներումը. որ իբր դա ոչ թե ԵԽԽՎ կողմից պարտադրանք է, այլ փորձ արվեց ներկայացնել, որ պետք է հասարակական կարծիքի ուսումնասիրություն արվի, եւ հանձնարարվեց նախագահին կից` Վազգեն Մանուկյանի ղեկավարած հանրային խորհրդին ուսումնասիրել իրավիճակն ու եզրակացություն տալ, թե որքանո՞վ հասարակությունը համաներման կարիքն ունի», – ասաց Կոմիտեի համակարգող Կարապետ Ռուբինյանն ու ընդգծեց. «Դե եթե իշխանություններն ընտրել են այդ խեղկատակ ոճը, թող եւս մեկ անգամ անդրադառնան դրան, թող Վազգեն Մանուկյանի կառույցը` Հանրային խորհուրդը, եւս մեկ անգամ քննարկի, թե ի՞նչ արդյունքներ տվեց համաներումը, հասարակությունը բավարարվե՞ց այդ համաներմամբ, եւ եթե գան եզրահանգման, որ, այնուամենայնիվ, հասարակությունը բավարարված չէ, իսկ դա ակնհայտ է բոլորի համար, որովհետեւ Հայաստանում պահպանվեց քաղբանտարկյալների 21 հոգանոց բանակը, թող նորից դիմեն պարոն Սերժ Սարգսյանին եւ ասեն, որ Ձեր արած գործը կիսատ-պռատ է, եւ պետք է գործը ավարտել»:

Կոչ եմ անում հանրային խորհրդին իրենց սկզբունքայնությունը պահպանեն եւ շարունակեն այդ ազգանվեր գործունեությունը», – հեգնեց նա:

Մենք կսպասենք, բայց

Սարգիս Հացպանյանի

հայրը չի սպասի. նա մահամերձ է

«Բոլորը գիտեն, որ Սարգիս Հացպանյանը եղել է Արցախի ազատամարտի մասնակից, եւ դա քննարկման թեմա չէ: Անգամ ամենավերին իշխանական աղբյուրները չեն ժխտում դա, բայց նրանից պահանջում են, որ արդարադատության նախարարություն ներկայացնի տեղեկանք առ այն, որ նա մասնակցել է մարտերին, որպեսզի համաներմամբ ազատ արձակվի», – ասաց Վարդան Հարությունյանն ու հավելեց. «Ես կարող եմ վստահեցնել, որ ազատամարտին հազարավոր մարդիկ են մասնակցել, որոնցից նման տեղեկանք կարող են ներկայացնել միայն նրանք, ովքեր պատերազմից հետո շարունակել են իրենց ծառայությունը բանակում: Իսկ նրանք, ովքեր չեն շարունակել ծառայությունը, այդպիսի տեղեկանք բերել չեն կարող: Նաեւ հայտնի չէ, թե ո՞վ պետք է տա այդ տեղեկանքը»:

Ի դեպ, նրա քրեական գործում կա ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից տրված վկայականը, որտեղ նշված է, որ նա լեյտենանտ է, կա նաեւ տեղեկանք, որ նա ԼՂՀ ՊԲ կողմից հաշվառված զենք է ստացել: «Փաստորեն, Ս.Հացպանյանին բանտում պահելու վճիռը կայացվել է: Սերժ Սարգսյանը փայլուն գիտի, որ Հացպանյանը եղել է ազատամարտիկ, նրանք միասին են եղել Ղարաբաղում: Նա Հացպանյանին տեսել է եւ զինվորական հագուստով, եւ զենքով, եւ տեսախցիկով` որպես ազատամարտը վավերագրող, բայց նա անում է այն, ինչ անում է», – ընդգծեց իրավապաշտպանը:

Նշենք, որ մի քանի տասնյակ ազատամարտիկներ, գրավոր վկայություններ են տվել, որ Ս.Հացպանյանը պատերազմի մասնակից է, որոնց թվում են նաեւ ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Ռուդիկ Հյուսնունցն ու Պարգեւ Սրբազանը: Վերջինս փորձել է ինչ-որ բան անել այս հարցով, բայց դա նրան չի հաջողվել: Փաստն այն է, որ ոչ ՀՀ, ոչ ԼՂՀ պաշտպանության նախարարությունները նման տեղեկանք չեն տալիս:

Հացպանյանի կինը` Հասմիկ Թորոսյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ ԼՂՀ ԱԺ մի քանի պատգամավորներ եւ մի շարք մտավորականներ գրավոր հայտնում են. «Ս.Հացպանյանը մասնակցել է ղարաբաղա-ադրբեջանական պատերազմին, սկզբում անդամագրված է եղել Լեոնիդ Ազգալդյանի ու Վլադիմիր Բալայանի ջոկատներում, ապա` ԼՂՀ ՊԲ թիվ 49971 զորամասում` Մարտակերտի պաշտպանական շրջան: Հացպանյանին իրոք ճանաչող եւ իրեն հարգող ոչ մի մարդ դա չի կարող ուրանալ»: Հացպանյանի կնոջ խոսքով` հնարավոր է, որ իր ամուսնու վերաբերյալ արխիվային փաստաթղթեր չլինեն, որովհետեւ ֆրանսահայը չէր կարող պատերազմի ժամանակ փաստաթղթեր ձեւակերպել, քանի որ դա կներկայացվեր, որ նա վարձու զինվոր է:

«Կարծում եմ, որ պաշտպանության նախարարությունը իրավասու է, ելնելով արխիվային տվյալներից եւ մեր բերած գրավոր վկայություններից, տալ տեղեկանք, որ ամուսինս մասնակցել է ազատամարտին», – ասաց ազատամարտիկի կինը:

Այս բոլոր վկայությունները Հասմիկը ներկայացրել է ԼՂՀ ՊՆ, բայց նախարարի օգնականն ասել է, որ եթե իրենց արխիվում որեւէ մեկի ազատամարտիկ լինելու վերաբերյալ չկա վկայություն, ապա նրա ազատամարտիկ ընկերներից հավաքվում է 5 գրավոր վկայություն, հետո նախարարությունում նիստ է կայանում, եւ եթե այդ վկայությունները համարվում են արժանահավատ, այդ մարդուն տալիս են համապատասխան տեղեկանք: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ նիստը պետք է կայանա հոկտեմբերին, իսկ դա ուշ է, քանի որ համաներման վերջին ժամկետը սեպտեմբերի 30-ն է: Բացի այդ, ըստ Հասմիկի, իրենք դեռ կարող են սպասել մինչեւ սեպտեմբերի 30-ը, բայց Հացպանյանի հայրը չի կարող սպասել, որովհետեւ քաղցկեղով հիվանդ է եւ մահամերձ:

Արթուր Խեմչյան

“Ժամանակ”, հինգշաբթի, 12 օզոստոս 2009

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *