Հանցագործները չեն որոշել՝ «համաներե՞լ» զոհերին, թե՞ ոչ

Մինչ օրս քաղբանտարկյալներին անազատության մեջ պահելու համար ՀՀ իշխանությունները հմտորեն ֆռռացրել են եվրոպացիներին, իհարկե՝ եվրոպացիների ցանկությամբ, իսկ մինչ ֆռռացնելն էլ վարպետորեն լապշա են կանխել նրանց ականջներից:

Երեկ այս գործընթացը «Հայելի» ակումբում մանրամասն ներկայացրեց Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեի համակարգող Կարապետ Ռուբինյանը՝ գաղտնազերծելով նաեւ լապշա կախողին. «Հովիկ Աբրահամյանը ֆռռացրեց եվրոպացիներին, նրանց ականջներին լապշա կախեց, թե մեր Քրեական օրենսգրքում փոփոխություն կանենք եւ քաղբանտարկյալների հարցերը կլուծենք: Եվրոպացիները պատժամիջոց չկիրառեցին, եւ մենք տեսանք, թե այդ փոփոխություններն ինչ եղան: Հիմա ԵԽԽՎ նիստից առաջ համազեկուցողներ են եկել Հայաստան, որոնց ականջներից նոր լապշա կկախեն՝ ասելով, որ ամբողջ թափով գնում ենք դեպի համաներում հայտարարելը: Հետո Հովիկ Աբրահամյանը կգնա Ստրասբուրգ եւ կփորձի այդ լապշան ամրապնդել»:

Իսկ ինչո՞ւ եք եվրոպացիների հասցեին այդպես արտահայտվում. մեր այս հարցին՝ Ռուբինյանը պատասխանեց. «Դանակը ոսկորիս է հասել»: Ռուբինյանի երեկվա ընդդիմախոսը՝ ՀՀԿ-ական Րաֆիկ Պետրոսյանը, շատ հանգիստ էր: Դանակը ոչ միայն նրա ոսկորին չէր հասել, այլեւ մաշկն անգամ չէր քերծել: Նա շատ հանգիստ տոնով հաստատեց. «Այո, մեր իշխանությունները ցանկանում են Եվրոպայի առաջ ցույց տալ, որ շարժվում են դեպի ժողովրդավարություն»: Պետրոսյանը հենց այս շարժումի մեջ է տեսնում նաեւ Սերժ Սարգսյանի հնարավոր համաներումը: Երեկ նա նույնիսկ հնարավոր համաներման օրը հայտնեց՝ հուլիսի 5-ին՝ ՀՀ Սահմանադրության օրվա առիթով, սակայն համառորեն որեւէ կապ չնկատեց համաներման եւ մարտի 1-ի դեպքերի եւ ընդհանրապես քաղբանտարկյալների միջեւ: «Համաներումը հասարակական պահանջ է դարձել»,- դասը սերտածի պես արտասանեց նա՝ չմոռանալով, որ այսօր «մեր հասարակության մեջ կա մի հատված, որը դեմ է համաներմանը, քանի որ գտնում է , որ հանցագործը պետք է պատժվի»: Երբեմնի դասախոսը նաեւ հիշեց, որ ժամանակին համաներմանը դեմ էր նաեւ մեծ փիլիսոփա Կանտը, սակայն Պետրոսյանը ակնհայտորեն ավելի մեծ փիլիսոփա է, քան Կանտը: Նա դեմ չէ համաներմանը, միայն դեմ է այն մարտի 1-ի հետ կապելուն: Սա հենց այն հիմնական հարցն էր, որի շուրջ երեկ ընթացավ բանավեճը: Կարապետ Ռուբինյանը կասկած չունի, որ համաներումը, եթե, իհարկե, այն հայտարարվի, կապվում է մարտի 1-ի հետ՝ Եվրոպայի առաջ առաջընթաց ցույց տալու համար: «Ակնհայտ «առաջընթաց» է, որ մեր երկրի հանցագործները պետք է ներեն իրենց զոհերին համաներման ձեւով՝ եվրոպացիների բուռն ճնշման ներքո: Չկասկածեք, որ դուրս եկածները շնորհակալություն չեն հայտնելու ոչ Սերժ Սարգսյանին, եւ ոչ էլ պարոն Պետրոսյանին: Նրանք, ինձ պես, դուրս են գալու եւ դատական կարգով բողոքարկելու են այս իշխանությունների անօրինականությունները: ՀՀ ժողովրդավարացման համար պայքարը ոչ ընդմիջում ունի, ոչ դադար եւ բոլոր մեղավորները մի օր կանգնելու են դատարանի առաջ»,- ասաց Ռուբինյանը: Պետրոսյանն անմիջապես նետվեց իշխանություններին պաշտպանելու: «Պետությունը շատ ուժեղ է եւ վախենալու բան չունի, որ մի քանի հանցագործներ կազատվեն, եւ նորից իր դեմ ինչ-որ բաներ կկատարվի: Եթե այդ մարդիկ նորից փորձ անեն, նրանք նորից կհայտնվեն անազատության մեջ»,- ասաց Պետրոսյանը՝ ակամա բացահայտելով քաղբանտարկյալների համար իշխանությունների մշակած ողջ ռազմավարությունը:

“ՏԱՐԵԳԻՐ”

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *