ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ «ՑԱԽԱՎԵԼՆԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ»

Փողոցային ընդդիմության «փայլուն» ռազմավարությունը

ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հետընտրական այս օրերին լևոնականները, որ ակնհայտորեն իրենց «ծեծված շան պես են զգում», կրկին կանգնել են երկընտրանքի առջև` կամ իրագործում են «Պայքար, պայքար մինչև վերջ» կարգախոսը, կամ` տեղի տալով «քրեապետական համակարգին» …ցրվում են տները: Երրորդ տարբերակ չկա: Ավելի ճիշտ կար` Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով, Տեր-Պետրոսյանի կոնգրեսը կարող էր 13 հոգով մտնել Երևանի «խորհրդարան» և աշխատել, ինչից, սակայն ֆյուրերը կտրականապես հրաժարվեց` ինքն իրեն դատապարտելով պայքարի «նոր» ռազմավարություն մշակելու գործին: Իսկ նորն, ինչպես գիտեք, լավ մոռացված հինն է: Ավաղ, հայ հեղափոխականների դեպքում, չենք հասցնում հինը մոռանալ, և արդեն հրամցնում են «նորը», ինչով ազդարարում են պայքարի տրորված ճանապարհը կրկին անցնելու մասին: Արմատականների տասնամյա մաքառումները բնորոշվում են հենց միայն նրանով, որ ջանադրաբար իրագործում են «Կրկին փորձիր» կարգախոսը: Ստեփան Դեմիրճյանի «Արդարություն» դաշինքը 2003-ին մտավ Ազգային ժողով և բոյկոտեց խորհրդարանական աշխատանքը, հետո հասան նրան, որ 2004-ին տեղի ունեցան «ապրիլի 12-13-ի դեպքերը», այնուհետև ջլատված ուժերով մի կերպ հառնեցին ու բոյկոտեցին սահմանադրական հանրաքվեն և մի երկու տարի էլ գոյություն քարշ տալուց հետո, որպեսզի չհայտնվեն քաղաքական դաշտի լուսանցքում, մասնակցեցին 2007-ի խորհրդարանական ընտրություններին: Եվ արձանագրելով ջախջախիչ պարտություն` սպասեցին մի նոր մեսիայի հայտնությանը: Մեսիան, իհարկե, նոր չէր, այլ հակառակը` լա՛վ էլ քարթու էր, բայց Դեմիրճյանն ու իր «Արդարությունից» մնացած բեկորները լղոզվեցին «նորաթուխ» պատրոնին: Ինչ անես` մեր արմատականները իսկական մազոխիստներ են, որոնք պերմանենտ ջախջախումներից հետո շարունակ փյունիկի պես հառնում են` հայացքը չկտրելով բաղձալի հաղթանակին հասնելու տեսլականից:

Ինչևէ, Տեր-Պետրոսյանը սրանց շան նման կապեց իր դռանը, «Կրկին փորձիր»-ը անմիջապես փոխեց «Պարքար, պայքար մինչև վերջ»-ով ու հավատացրեց, որ տեսլականը շատ շուտով իրականություն կդառնա: Մինչդեռ «համաժողովրդական շարժման» պայքարի մեկնարկից տարիուկես անց անգամ հաղթանակի հասնելու հույս չկա, ավելին` դրա տեսլականի շորշոփներն էլ են կարծես մարում:

Եվ կրկին եկել է «նոր» ռազմավարություն մշակելու ժամանակը, ինչով էլ այս օրերին զբաղված է Հայ ազգային կոնգրեսը: Սակայն ամենահետաքրքիրը, գիտե՞ք որն է. հեղափոխական պայքարի կարգախոսը փոխած կոնգրեսի առաջնորդը, ինչպես ժամանակին Դեմիրճյանն ու իր «Արդարությունը», այժմ նույնությամբ իրագործում է «Կրկին փորձիր»-ը: Միայն զարմանում ենք, թե ինչ հավեսով է գործը զրոյից սկսելու` նախապատրաստելու արդեն իր երրորդ գալուստը: Ինչպես հայտնի է` ՀԱԿ-ն արդեն երկրի դեմոկրատական քաղաքական բոլոր ուժերին կոչ է արել համախմբվել «ժողովրդավարության հաստատման համար մղվող պայքարի շուրջ» և չի բացառել, որ նաև առաջիկայում քաղաքացիական անհնազանդության կոչով կդիմի հասարակությանը: Ավելին, կոնգրեսն այս օրերին քննարկում է քաղաքացիական շարժում ձևավորելու հնարավորությունը (խնդրեմ` «համածողովրդական շարժումից» վերադառնում են քաղաքացիականի, որպեսզի այն կրկին վերաճի «համաժողովրդականի»):

Եթե հիշում եք, 2007-ի գարնանը հհշականներ Ալիկ Արզումանյանն ու Կարապետ Ռուբինյանը հանրությանը «կինդեր սյուրպրիզ» մատուցեցին. մի արևոտ օր արթնացան ու ժողովրդին հորդորեցին դիմել քաղաքացիական անհնազանդության: Դե լրագրողները վազեցին տեսնելու ու լուսաբանելու քաջարի Ալիկի ու Կարապետի կազմակերպած «անհնազանդության» այդ ծիծաղելի ցույցերը: Առաջին օրը սրանք մի 50 հոգու հավաքեցին Սահմանադրական դատարանի շենքի դիմաց` մեգաֆոնով մի քիչ հոխորտացին ու ցույցն ավարտված համարելով, մարդկանց խնդրեցին հաջորդ օրը նույնպես հավաքվել: Երկրորդ օրը էլի մի քանի տասնյակ ցուցարարներով հայտնվեցին խոհրդարանի շենքի մոտ, Ալիկն ու Կարապետը դարձյալ մի լավ հայհոյեցին վարչախմբին, իսկ ձեռքներին ցախավելներ պահած կնանիք ղժժացին ու ծափահարեցին: Այնուհետև ազդարարեցին, թե «ցախավելների հեղափոխություն» են իրականացնում ու գոհ-երջանիկ ցրվեցին տները:

ՙՑախավելների հեղափոխությանը» հաջորդեց Նիկոլիկի գլխավորությամբ իրականացվող «Իմփիչմենթ» քաղաքացիական ակցիաների շարքը, և սա էլ իր խմբով 2007-ի ողջ ամառը շոգ ու տապին թափառեց մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում: Սրանք էլ համարելով որպես երկրում հասունացող հեղափոխական իրավիճակի ցուցիչ, տասնամյա լռության ուխտը խախտելով` Տեր-Պետրոսյանը որոշեց վերադառնալ մեծ քաղաքականություն, և դա անելու համար երկրորդ հայտը ներկայացրեց` 2007-ի սեպտեմբերի 21-ին հհշական յուրայիններին հավաքեց «Արմենիա-Մարիոթում» ու ելույթով հանդես եկավ նրանց առաջ: Հհշականները երջանկությունից գլուխները կորցրել էին և ոչ մի կասկած չունեին, որ շեֆը անպայման հաղթելու է: Ինչպես վերը հիշատակվածը, այնպես էլ դրան հաջորդած մնացած բոլոր իրադարձությունները, բոլորիդ հայտնի են:

Սակայն պարզվում է` հեղափոխականները դարձյալ որոշել են վերադառնալ ելման կետ և ամեն ինչ սկսել նորից: Թեպետ, քաղաքապետարանում աշխատելուց հրաժարվել են, բայց ստացվում է, որ արմատական կոնգրեսը, այնուամենայնիվ, աղբահանության գործը վերցնում է իր վրա, քանզի առջևում սպասվում է «ցախավելների հեղափոխություն», ինչը, հասկանալի է, առանց Ալիկի մի տեսակ անշուք կանցնի: Դրա համար էլ իշխանությունները համաներում հայտարարելու հարցում վռազում են` հեղափոխականներին հնարավորություն ընձեռելով «Կրկին փորձելու» ` «ցախավելների հեղափոխությունից» մինչև «Մարտի 1»:

Որովհետև «բռնապետական» ու «քրեապետական» ռեժիմը ուրիշ ճար չունի, քան այն, որ թույլ տա` սրանք անընդհատ իր գլխին սարքեն:

“Ազատամտություն”

05/06/2009

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *