Իշխանությունները գրոգի մեջ են և ունակ չեն որոշում կայացնել

Կարապետ Ռուբինյան. «Իշխանությունները գրոգի մեջ են և ունակ չեն որոշում կայացնել»

12:18 • 30.07.08

«Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում շարունակում է մնալ լարված և կմնա լարված այնքան ժամանակ, քանի դեռ հիմնական խնդիրը, որը կանգնած է հասարակության առջև, չի լուծվել։ Այդ խնդիրը սահմանադրական կարգի վերականգնումն է մեր երկրում, որը խաթարված է բավական վաղուց, և այն հույսերը, որոնք արթնացան՝ վերջին նախագահական ընտրությունների հետ կապված, որ ի վերջո ժողովուրդը հնարավորություն կունենա ընտրել օրինական իշխանություն, փաստորեն, չարդարացան։ Մեր հասարակության ճնշող մեծամասնությունը չի համակերպվում այդ իրականության հետ»,– այսօր Մամուլի ազգային ակումբոմ (ՄԱԱ) հայտարարել է ՀՀՇ անդամ, Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին Ազգային ժողովի փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը։

Նա նշել է, որ ներկա իրավիճակի պահպանումը վտանգում է Լեռնային Ղարաբաղի խնդիրն ու Հայաստանի անվտանգությունը։ Արտաքին քաղաքականության առումով ակումբի հյուրը, մատնանշելով Հայաստանի վերաբերյալ վերջին շրջանում ընդունված միջազգային փաստաթղթերը, ընդգծել է, թե մեր երկրի արտաքին քաղաքականությունը կործանված է։

Ընդդիմադիր գործիչը նշել է, որ իրենք երկխոսություն չեն տեսնում, քաղբանտարկյալների ազատ արձակման առումով ևս առաջընթաց չեն նկատում։

«Իշխանությունները գրոգի մեջ են և ունակ չեն որևէ որոշում կայացնել», – հայտարարել է Կարապետ Ռուբինյանը՝ անդրադառնալով Արարատ Զուրաբյանի և մյուս քաղբանտարկյալների նկատմամբ խափանման միջոցները փոխելու իրողությանը։ Ակումբի հյուրն ասել է, թե ինքը ոչ մի տրամաբանություն չի տեսնում ո´չ մարդկանց կալանավորելու և ո´չ էլ նրանց ազատ արձակելու գործելակերպի մեջ։

ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի կալանքը փոխարինելու հանգամանքը Ռուբինյանը համարել է մարդասիրական դրսևորում կամ մարդասիրության փայլատակում, հետո էլ հավելել. «Չեմ հասկանում տրամաբանությունը, եթե սրանք որոշել են ազատ արձակել, պետք է միանգամից բոլորին ազատեն, ինչպես պահանջում է ԵԽԽՎ-ն»։

Tert.am

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *