14:30 19/06/2008
ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆ. «ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆ ԱՐԴԵՆ ՏՎԵԼ Է ԻՐ ՊՏՈՒՂՆԵՐԸ»
«Ընդդիմությանը ձեռք կտա, որպեսզի իշխանությունները առաջանցիկ քայլեր ձեռնարկեն Հայաստանը նորմալ ժողովրդավարական երկիր դարձնելու ուղղությամբ»,- այսօր Հայաստանում փոփոխությունների անհրաժեշտությանը նվիրված քննարկման ժամանակ նշեց ԱԺ նախկին փոխխոսնակ, Լևոն Տեր-Պետրոսյանի համախոհ Կարապետ Ռուբինյանը, ի պատասխան այն պնդման, թե ընդդիմության համար որքան վատ լինի երկրի վիճակն, այնքան լավ է: Նրա խոսքով, եթե իշխանություններն իսկապես ուզում են երկրի համար լավ լինի, նրանք պետք է միանգամից ընդունեն, որ ընտրությունները կեղծվել են և համաձայնեն նոր, արդար ընտրությունների անցկացմանը, որը միանգամից կլիցքաթափի լարված իրավիճակը:
Կ. Ռուբինյանի ներկայացմամբ, մի կողմից «իշխանությունը զավթած Սերժ Սարգսյանը» ոստիկանների հետ հանդիպման ժամանակ հայտարարում է, որ մարդիկ պետք է իրավունք ունենան հանրահավաքներ անցկացնելու, սակայն մի քանի ժամ անց մերժվում է համաժողովրդական շարժման հանրահավաքի անցկացումը: Դա հիմք է տալիս ԱԺ նախկին փոխխոսնակին, որ իշխանությունները իրենց հայտարարություններով փորձում են խաբել եվրոպական կառույցներին, բայց իրենց քայլերով ցույց են տալիս, որ չեն փոխվել:
Հարցին, թե ո՞ր ճանապարհն է Հայաստանում առավել հնարավոր` բարեփոխումներ վերևի՞ց, թե փոփոխություններ ներքևից, Կ. Ռուբինյանը համոզմունք հայտնեց, թե միակ ելքն այն է, որ հասարակությունը ներքևից ստիպելով հասնի իր իրավունքների հարգմանը:
Անդրադառնալով համաժողովրդական շարժման ազդեցությանը հասարակական ու քաղաքական կյանքում, նա ընդգծեց, որ շարժումն արդեն իսկ պտուղներ տվել է: Ըստ նրա, եթե չլիներ վերջին ամիսների պայքարը, երկրի վարչապետը լինելու էր այլ մարդ, խոսակցություն չէր գնալու այս կամ այն ոլորտում փոփոխությունների անհրաժեշտության մասին, չէր բացահայտվելու այն «փայլուն երիտասարդությունը», որ հիմա ակտիվորեն պայքարում է իր իրավունքների համար:
Այդուհանդերձ, ԱԺ նախկին փոխխոսնակը համոզված չէ, որ իշխանությունը իր բարձրաձայնած մտադրություններում անկեղծ է: «Նույնիսկ այն պարագայում, եթե մենք համոզված լինեինք իշխանության մտադրությունների անկեղծության մեջ, ճնշումը պետք է պահպանվեր: Նույնիսկ նորմալ ժողովրդավարական երկրներում, եթե հասարակությունը չի ճնշում իր իշխանություններին` այդ իշխանությունները լկտիանում են»,- ընդգծեց Կ. Ռուբինյանն ու հավելեց, որ Հայաստանը չունի ժողովրդավարական երկիր դառնալուն այլընտրանք և անգամ պետք է դառնա տարածաշրջանում ժողովրդավարության առաջնորդը:
Աղբյուր` Panorama.am