ԱԶԳ, 10-09-2008
Զանգվածային որոշ լրատվամիջոցներ երեկ հրապարակել էին մի նյութ, որում խոսվում է սեպտեմբերի 5-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ Կարապետ Ռուբինյանի, Ժիրայր Սեֆիլյանի, ինչպես նաեւ քաղբանտարկյալ Հովհաննես Հարությունյանի կնոջ` Անժելա Ալավերդյանի հանդիպման մանրամասների մասին:
Այս առնչությամբ մեր դիմումին ի պատասխան Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը նշեց, որ նման հրապարակումները, որոնք որոշապես բացասական միտումնավորվածություն ունեն եւ շարադրանքն էլ կատարվում է համապատասխանաբար, Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը հարկ չի համարում կարեւորել, անդրադարձ ունենալ եւ բանավեճի մտնել: