Առավոտ, 1998թ. մայիս
Սարդարապատի հերոսամարտի տոնակատարություններին մասնակցած մի մտավորական, բարձր գնահատելով միջոցառումների կազմակերպվածությունը, նկատելով նաեւ գինու տակառների առատությունն ու դրա հետ մեկտեղ /ցավոք/, խորտիկների բացակայությունը, որպես այդ օրվա երկու թերություն նշեց. ՙԱմբողջ օրն սպասեցինք իշխանություններին, իսկ նրանք ժամը հինգին հազիվ եկան՚: Անտեղյակ էր, որ նրանք մինչ Սարդարապատում ժողովրդին միանալն ու իրենց հետ միասին ուրախանալը, եւս մի կարեւոր միջոցառում ունեին Ծիծեռնակաբերդումª Սոսե մայրիկի աճյունի ամփոփումը: Այնպես որ, եթե անգամ ուզեին էլ, ավելի վաղ, քան ժամը 17.00-ն հերոսամարտի դաշտ ժամանել չէին կարող: Երկրորդ թերությունը, ըստ նույն մտավորականի, Սարդարապատի դաշտում նախկին իշխանության իսպառ բացակայությունն էր: Ի մասնավորի նշվեցին Տեր-Պետրոսյանը, Արարքցյանը, Սիրադեղյանը, Արա Սահակյանն ու Կարապետ Ռուբինյանը: Այս փաստը մեր զրուցակցի կողմից միանշանակ բացասական որակվեց, որովհետեւ ՙտոնը ժողովրդինն է, եւ նրանք պարտավոր էին այդ օրը գալ, անգամª եթե հրավեր չստանային՚: Այստեղ ստիպված եղանք հիշեցնել, թե Ղարաբաղյան շարժման 10-ամյակի, Շուշիի ազատագրման տոնակատարություններին եւ այլուր ՙնրանց՚ բացակայությունը նույնպես նկատելի էր, ավելին, դրանով տպավորություն էր ստեղծվում, որ ՙնրանք՚ ընդհանրապես որեւէ կապ չեն ունեցել ո°չ շարժման, ո°չ պատերազմում հաղթանակի հետ: Վերջին ամիսների առատ տոնակատարություններում զարմանալի թվացող ՙբացակաների՚ թիվն ընդհանրապես նկատելի էր, բայց թերեւս հասկանալիª հեղափոխական օրենքներով առաջ գնացող հասարակարգի համար: Այս առնչությամբ ուշադրություն դարձրինք տոներին նախորդած հեռուստատեսային ՙՄամուլի ակումբում՚ քանիցս հնչած մտքին, որի առանցքը սա էր. նոր իշխանությունների նկատելի ձեռքբերումներից է պատշաճ մակարդակով Սարդարապատի տոնակատարությունների նախապատրաստությունը: Եվ դրան, իրոք, ոչ ոք չի առարկում: Բայց արդյոք նույնը չէ±ր լինի, եթե փետրվարի 3-ը հապաղեր մի քանի ամսով, կամ, ենթադրենք, չիրականանար: Կամ, օրինակ, այս տարի ոչ թե հերոսամարտի 80-ամյակը տոնվեր, այլª 79- ամյակը: Արդյոք նույն եռանդն ու նյութական նույն միջոցնե±րը կծախսվեին հանդիսությունները կազմակերպելու համար: Հիշեցնենք, որ Ադրբեջանում թեեւ իշխանության փոփոխություն բնավ չեղավ, բայց առաջին հանրապետության տոնակատարությունները շատ ավելի շքեղ ու հարուստ էին, իսկ Վրաստանում, ուր դարձյալ կարեւոր նշանակության դեպքեր ձմռանը չարձանագրվեցին /չհաշված ակնհայտ մահափորձերը/, հակառակըª համեստ հանդիսություններ էին: Մեր հայրենակիցներին հիշեցնենք նաեւ, որ Հայաստանի առաջին զորահանդեսը անցկացվեց հենց Սարդարապատի հերոսամարտի օրը, 1994 թ. մայիսի 28-ին, պատերազմից հետո: Այն խորհրդանշում էր նաեւ մերօրյա փայլուն հաղթանակներն ու Հայ դատի նոր իմաստը: Հաջորդ տարի ապրիլին, Հայոց ցեղասպանության 80 ամյակի օրերին Ծիծեռնակաբերդում բացվեց նոր թանգարան, իսկ Երեւանում միջազգային գիտաժողով անցկացվեց, ուր փայլուն զեկուցումով հանդես եկավ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Արդյոք դա նշանակո±ւմ է, որ ցեղասպանության 83-րդ տարեդարձը պետք է նույն մակարդակով նշվեր նաեւ այս տարի, եւ եթե նշվեց ավելի համեստ, ապա դրանում կարելի է նկատել Հայ դատի նկատմամբ նոր իշխանության ուշադրության պակասը: Տրամաբանորեն դատելովª ոչ:
ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ