Սահմանադրության ընդունմամբ հասարակությունը կհաստատի «խաղի կանոնները»

«Հայք»
20 մայիսի 1995 թ.

Գնահատելով Սահմանադրության կարեւորությունը, որի նախագիծը Ազգային ժողովի ընտրությունների հետ միաժամանակ կներկայացվի հանրաքվեի, Գերագույն խորհրդի պատգամավոր Կարապետ Ռուբինյանը Արմենպրեսի թղթակցին ասաց. «Սահմանադրության ընդունումը շատ կարեւոր է, որովհետեւ հասարակությունը կկարողանա հաստատել «խաղի կանոնները», որոնցում ինչ-որ բան կարող է անձամբ ինձ դուր չգալ, ինչ-որ բան կարող է դուր չգալ այլոց: Բայց կյանքի հիմնական օրենքի հաստատման համեմատությամբ, որի շնորհիվ պետությունը կայունորեն զարգանալու եւ բարենորոգումները շարունակելու հնարավորություն կստանա, բոլոր չնչին վեճերը, ապակառուցողական ընդդիմության տարփողած նախագծի թվացյալ եւ իրական թերությունները կորցնում են իմաստը:
Համաժողովրդական քվեարկության միջոցով սահմանադրության ընդունումը կարեւոր է պետության ժողովրդավարական ավանդույթների զարգացման համար: Ժողովրդի մասնակցությունն այդքան կարեւոր հարցի լուծմանը, բացի այլեւայլ հանգամանքներից, բարձրացնում է ընդունվող օրենքի կարգավիճակը: Եւ նույնիսկ չնայած նրան, որ հետագայում ուղղումներ մտցնելը դժվար կլինի՝ ընդունման եղանակի պատճառով, վերջին հաշվով այդ «թերությունը» արժանիքի է վերածվում, քանի որ մենք ստանում ենք կայուն օրենք, որը կայունություն է երաշխավորում պետության եւ հասարակության մեջ:
Այնուհետեւ պարոն Ռուբինյանը համոզմունք հայտնեց, որ ժողովուրդը ճիշտ ընտրություն կատարելու համար բավարար իմաստնություն ունի:
Այն խնդիրը, որը պետք է լուծվի, սկզբունքորեն բարդ չէ. իր վերաբերմունքը հայտնել Հանրապետության Հիմնական օրենքի եւ այն դաշինքի նկատմամբ, որի ջանքերով է ժողովրդի դատիններկայացվում փաստաթուղթը եւ հաջողության դեպքում ինքն էլ կկենսագործի Սահմանադրությամբ ամրագրված բարենորոգումները:
Ըստ Կարապետ Ռուբինյանի, հանրաքվեին այլընտրանք չկա, բացասական արդյունքը լոկ կապակայունացնի իրադրությունը եւ ի չիք կդարձնի դրական նվաճումները ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության բնագավառում: «Ողջախոհ ընտրողը հաշվի կառնի բոլոր «թեր» եւ «դեմ»-երը եւ կնդունի միակ ճիշտ որոշումը: Այս միտքը լավատեսություն է ներշնչում»,- վերջում ասաց պարոն Ռուբինյանը:

Արմենպրես

Related Posts