Եվ այսպես, ինչքան մոտենում է քվեարկության օրը, այնքան ավելի շատանում են ինչպես լարվածությունը, այնպես էլ տարատեսակ բլեֆները եւ ինտրիգները: Ու նկատվում է նաեւ մեկ այլ մրցակցային շերտ: Մի կողմից` ՙնարնջագույնները՚ հիմնականում ՀԱԿ-ի գործիչների շուրթերով եւ միջոցով ձգտում են առաջ տանել այն թեզը, որ ընտրությունները կանխավ կեղծված են եւ, հետեւաբար, պետք է պատրաստվել մայիսի 7-ին դուրս գալ փողոց:
ՀԱԿ-Ը ՀԱՍՆՈՒՄ Է ԿԱՏԱՐՅԱԼ ՄԱՌԱԶՄԻ
Նույնիսկ արդեն շրջանառության մեջ տեղեկություններ կան, որ ՀԱԿ-ի որոշ հատուկ բանագնացներ հիմիկվանից Եվրոպայում զբաղված են ստվերային ձեւով ընտրակեղծիքների մասին բանաձեւերի կանխավ պատրաստումով, ուր մայիսի 7-ին կմնա շտկել ընդամենը ինչ-ինչ մանր դետալներ: Մյուս կողմից` ՀՀԿ-ն հանրությանը ներկայացնում է քայլեր, որոնք հենց ընտրախախտումները կանխելու եւ նվազագույնի հասցնելու գործընթացի մի մաս են: ՀՀԿ կառույցներին ուղարկվել է նախընտրական վարքականոնի ուղեգիծ, որը պարտադիր է կատարման, եւ որի խախտողներին զգուշացվել է ՀՀԿ-ից հեռացվելու մասին: Գումարած դրան` արդեն գոյություն ունեն կոնկրետ հանձնարարականներ ընտրակաշառքի դեմ պայքարի վերաբերյալ: Սերժ Սարգսյանը ընդունել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, եւ խոսակցության նյութը հենց ընտրակաշառքներն էին: ՀՀ նախագահը նշել է, որ թեեւ գործող օրենսդրությունը լիովին հնարավորություն է տալիս արդյունավետորեն պայքարելու այդ երեւույթի դեմ, այնուամենայնիվ, հաշվի առնելով քաղաքացիների մտահոգությունը, նպատակահարմար է ընտրակաշառք վերցնողին ազատել քրեական պատասխանատվությունից, եթե նա նպաստում է այդ ընտրահանցագործության բացահայտմանը: Գումարած դրան` ընտրողների ցուցակների հետ կապված մեղադրանքներին ոստիկանությունը պատասխանում է աննախադեպ արագ արձագանքներով, եւ բավարար է, որպեսզի լրատվական տարածքում ցուցակային անճշտության կամ խախտման մասին տեղեկություն ի հայտ գա, որպեսզի դա անմիջապես ստուգվի եւ հանրությանը տեղյակ պահվի: Այսօր ցանկացած լրատվամիջոցի էլեկտրոնային փոստը պարզապես պայթում է ոստիկանության ուղարկած բազմաթիվ պարզաբանումներից:
Իսկ ի±նչ է մնում անել այդ պայմաններում ՀԱԿ-ին: Տարբեր բնակավայրերում նախընտրական հանդիպումները արդեն վերածվում են կատարյալ մառազմի: Մի կողմից` ԼՏՊ-ն ակնհայտորեն հոգնած է եւ աբսուրդային բաներ է ասում ՀՀԿ-ի վերաբերյալ` որ ՀՀԿ-ին քվե տալը ոչնչով չի տարբերվում ինքնասպանությունից, որ եթե ՀՀԿ-ն ունենա մեծամասնություն, ապա Հայաստանից կարտագաղթի 1 միլիոն մարդ, եւ քիչ է մնում հայտարարի, որ ՀՀԿ-ին քվե տալու դեպքում ամբողջ երկրագնդի մասշտաբով ապոկալիպսիս տեղի կունենա: Մյուս կողմից էլ հնչում են այնպիսի ֆանտաստիկ սոցիալական խոստումներ` միանգամից եռապատկել բյուջեն, լուծել խորհրդային ժամանակների ավանդերի հարցը, հաշված շաբաթներում ծաղկեցնել գյուղը, որ կարելի է հույժ զարմանալ, եթե հոգեպես առողջ գեթ մեկ ընտրող դրանց հավատա: Այդ ամենը թերեւս մեկ բացատրություն ունի` նույն ԼՏՊ-ն` իր մերձավոր շրջապատով հանդերձ, պարզ հասկացել է, որ մեծ հարցականի տակ է 7 տոկոսանոց շեմը հաղթահարելը, եւ, ի դեպ, այսօրվա դրությամբ տարբեր սոցհարցումներում ՀԱԿ-ի քվեների առնչությամբ դրանք 7 տոկոսից կամ մի փոքր ավել են կամ մի փոքր պակաս:
Այդ պայմաններում ՀԱԿ-ին մնում է ընդամենը երկու անելիք` հիսթերիա, գումարած դրան` քաղաքական քայլեր եւ ինտրիգներ, որոնք ուղղված են ընտրությունները կեղծված հռչակելուն, ու այդտեղ մեծ հույսեր են կապվում, այսպես կոչված, ՙմիասնական շտաբի՚ հետ, զի քաղաքական գերեզմանոցից վերակենդանացած Վարդան Օսկանյանի եւ Հմայակ Հովհաննիսյանի վարքագծի շնորհիվ կարծես թե մասամբ մոտ են իրականացմանը ԼՏՊ-ի այն երազանքները, որ ՀՀԿ-ի դեմ կողք-կողքի նույն մեթոդներով իրենց հետ ՙկռիվ տա՚ նաեւ ԲՀԿ-ն: Դե, իսկ որ այդ շտաբում դաշնակներ էլ կան, դա արդեն մուրազ է:
Եվ, ի դեպ, դա շատ կոնկրետ դրսեւորում ունեցավ Շենգավիթում, ուր կոնկրետ պայմանավորվածություններ եղան սկզբում ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի միջեւ, իսկ այնուհետ ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ: Եվ դա ՙտարածքային՚ գրկախառնությունների եզակի օրինակ չէ, զորօրինակ` վերջերս լրատվական կայքերում շրջանառվում էր տեղեկատվություն, որ Արարատի մարզի ընտրատարածքներից մեկում ԲՀԿ-ն սատարում է ՀԱԿ-ի թեկնածուին: Բայց, խոշոր հաշվով, բացառությամբ, թերեւս, մեկ, երկու ընտրատարածքի, ՀԱԿ-ի մեծամասնական թեկնածուները շանս չունեն նույնիսկ շոշափելի քվեներ ստանալ, էլ չենք խոսում հաղթելու մասին: Դե, իսկ գործնականում, թերեւս, ՀԱԿ-ի թեկնածուների պարագայում օրինակելի կդառնա վարքագծի այն մոդելը, որը դրսեւորում է Նիկոլ Փաշինյանը թիվ 7 ընտրատարածքում: Այսինքն` աղմուկ, աղմուկ ու կրկին աղմուկ: Էլ ուրիշ ի±նչ է պետք ՙընտրությունները հարամելու՚ համար:
Իսկ եթե վերադառնանք ՙմիասնական շտաբի՚ գործունեությանը, ապա այդտեղ գերիշխողը հենց ՙհարամելու՚ մտայնությունն է: Ու քանի որ դրա շրջանակում ոչ միայն խաղաղ գոյակցում, այլեւ գրկախառնված համագործակցում են ե°ւ Ռոբերտ Քոչարյանի, ե°ւ ԼՏՊ-ի ճամբարների ներկայացուցիչները, ապա այդ շտաբը իր բոլոր ճյուղերով հանդերձ հանգիստ կարելի է համարել լեւոնաքոչարյանական հաստատություն: Իսկ այդտեղ միավորված ուժերն էլ, քանզի նրանց նպատակը զուտ հակահանրապետական է կամ, ավելի ճիշտ` հակապետական է, ապա այդ ուժերի ամբողջ բույլն էլ կարելի է անվանել լեւոնաքոչարյանական ուժեր:
ԲՀԿ-Ի ԵՐԿԱՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ
Հետաքրքրական մեկնաբանություն է տվել լեւոնաքոչարյանական շտաբի գործունեությանը ազատդեմոկրատացված ՙԺառանգության՚ ցուցակի անկուսակցական ներկայացուցիչ, ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը: Ըստ նրա` ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն խորհրդարանում կազմելու են կոալիցիա եւ, եթե ուժները պատի, կփորձեն Ռոբերտ Քոչարյանին դարձնել վարչապետ:
Ռուբինյանը բավականին տրամաբանական սխեմա է ներկայացնում, սակայն հարց է ծագում, թե որն է այդ ամենում ՀԱԿ-ի դերակատարումը: Դե, ՀԱԿ-ին առաջին հերթին հետաքրքրողը իրավիճակն ապակայունացնելն է, ու մայիսի 7-ից փողոցային հակապետական գործողություններ սկսելը: ՀԱԿ-ն այդտեղ, թերեւս, հույս ունի օգտվելու ԲՀԿ-ի վիթխարի ռեսուրսներից, իսկ Օսկանյանի ու Հմայակի պես կադրերը դրա որոշակի հույսեր ներշնչում են: Ու թեեւ Ռոբերտ Քոչարյանը դժվար թե ԼՏՊ-ին իր ուզած տեղը հատկացնի, անգամ եթե ունենա շռնդալից վերադարձ, բայց նույն լեւոնականներին հիմնականում հետաքրքրողը, կարծես թե, դա չէ: Ու ՙմիասնական շտաբում՚ Քոչարյանի ու Լեւոնի ճամբարների ներկայացուցիչների շահերի պարզ համադրում է գնում:
Սակայն դիտարկենք, թե Վարդան Օսկանյանի ու Հմայակ Հովհաննիսյանի շնորհիվ ինչ հետագա զարգացումներ կան ԲՀԿ-ում: Այն, որ Օսկանյանը հանգիստ իրեն թույլ էր տալիս հրապարակավ հերքել Ծառուկյանի ասածները, բազմիցս տեսել ենք: Բայց ահա նաեւ դեպք գրանցվեց, որ արդեն Հմայակը իր բերանը բացեց Ծառուկյանի վերաբերյալ` հայտարարելով, որ ԲՀԿ առաջնորդը հաճախ է Աստծո անունը հիշատակում, քանզի տարբեր սատանեքի անուններ շատ հիշատակելուց հետո դրանով պարզապես ՙմեղքերի քավություն՚ է անում: Բնականաբար, բազմակուսակցափոխ Հմայակի կենսագրությունում երբեւէ չի նկատվել այնպիսի հատկություն, ինչպիսին անձնական քաջությունն է, հետեւաբար` նա ԲՀԿ առաջնորդի անվան հետ հանգիստ բառախաղեր է թույլ տալիս` իմունիտետ ունենալով այնպիսի գործչի ստվերում, ինչպիսին Ռոբերտ Քոչարյանն է:
Օսկանյանը հասցրեց հնչեցնել գործնականում լրիվ հեղափոխական կարգախոսներ` դրական օրինակ հռչակելով քաղաքացիական պատերազմների արյան մեջ խարխափող Լիբիան, Թունիսը, Եգիպտոսը, Եմենը… Իսկ կառավարության 5 տարվա գործունեության քննադատությունը, բնականաբար, ամեն օր է ու ամեն ժամ:
Ու ՙավանդական՚ ԲՀԿ-ականները, եթե մինչ այդ ամեն ինչ դուրս էին գրում Օսկանյանի ՙանձնական կարծիքի՚ վրա, հիմա արդեն, կարծես թե, անցել են այլ վարքագծի: Այսպես, ի տարբերություն Հմայակի, ԲՀԿ առաջնորդի վերաբերյալ երբեւէ կատակ չանող Արամ Սաֆարյանը մասնավորապես ասել է. ՙՀայաստանի բազմաթիվ բնագավառներում առկա են աղետալի ցուցանիշներ, իսկ երկիրն էլ կարիք ունի արմատական փոփոխությունների…՚: Իսկ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նախորդ տարիներին Հայաստանում իրականացված բարեփոխումները չե±ն գոհացնում ԲՀԿ-ին, Արամ Սաֆարյանը պատասխանել է. ՙԵս կարծում եմ դրանք ոչ միայն ԲՀԿ-ին չեն գոհացնում, այլ` նաեւ մեր կոալիցիոն գործընկերներին… Մենք աշխատել ենք այնքան, որքան հնարավորություն է տվել մեր կոալիցիոն համագործակցությունը: Իսկ կոալիցիան կառավարության եւ խորհրդարանական մեծամասնության մեջ եղել են շիտակ, ուղիղ, պարզ, թափանցիկ եւ կանխատեսելի` մեր կոալիցիոն գործընկերների համար: Արել ենք այն, ինչ հնարավոր է համարվել, այն` ինչ նկատվել է օգտակար եւ առաջնահերթ կոալիցիայի տեսանկյունից՚: Այնուհետ ԲՀԿ խմբակցության քարտուղարը նշում է, որ ԲՀԿ ծրագրերը ընդունելի են համարվել երկու կառավարությունների կողմից, սակայն ՙդա չի կենսագործվել տարբեր պատճառներով, որոնցից մեկն էլ ֆինանսատնտեսական գլոբալ ճգնաժամն էր՚: Այսինքն` ԲՀԿ-ի ՙնարնջագույն՚ թեւը ջախջախիչ քննադատության է ենթարկում ամբողջ կառավարությանը, իսկ ԲՀԿ-ի ՙավանդական՚ թեւի ներկայացուցիչները արդեն սկսել են արդարանալ, թե ինչու մասնավորապես ԲՀԿ-ի նախարարները չեն կարողացել լավ աշխատել: Իսկ դա արդեն նոր երանգ է` հին ԲՀԿ-ականները ստիպված են արդարանալ դրսից ներմուծված նորելուկների առաջ, այդ նորելուկներն էլ, եթե դիմենք վերնախավի մի մասի բառապաշարին, ՙգնալով հաբռգում են՚: Կամ, պարզ ասած, առայժմ օսկանյանական թեւին հաջողվում է գնալով ավելի ու ավելի ուժեղացնել սեփական ազդեցությունը ԲՀԿ-ի ներսում:
Դե, իսկ լեւոնաքոչարյանական շտաբի համար, բնականաբար, ՀՀԿ-ից հետո աչքի գրող է դարձել ՙԺառանգությունը՚, որին վարկաբեկելու համար բանը հասել է արդեն այնպիսի տեխնոլոգիաներին, ինչպիսիք են մեկ օր ապրող կայքերի ստեղծումը, դրանց վրա համապատասխան ՙկոմպրոմատի՚ զետեղումը, իսկ այնուհետ` այդտեղ հղում տալով, դրա տարածումը: Դե, եթե մինչ այդ ՙԺառանգությանը՚ մեղադրում էին, որ ծախվել է իշխանությանը, ապա հիմա արդեն մեղադրեցին թուրք դիվանագետների հետ գաղտնի շփումների մեջ: Ի դեպ, նույն ՙԺառանգությունն՚ էլ իշխանական անազնիվ խաղ վարելու մեջ է մեղադրում ԲՀԿ-ի օսկանյանական թեւին` դա որակելով ընդդիմության ձայները փախցնելու նենգավոր մեթոդ, եւ միաժամանակ օտարերկրյա ուժերի գործակալ Օսկանյանին մեղադրելով նրանում, թե վերջինս ծառայում է մի գործընթացի, որը միտված է ապագա ԱԺ-ում արեւմտամետ ուժերի ներկայության բացառմանը կամ դրանք նվազագույնի հասցնելը: Կարճ ասած` բավականին զվարճալի է, թե ինչպես երկու ամերիկածին ուժերը պատրաստ են իրար մեղադրել ամենամահացու մեղքերի մեջ: Ինչպես ասում են` շարունակությունը հաջորդիվ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱ, 03.04.2012թ. http://www.iravunk.com/