Ամեն ինչ հանգելու է հերթական խորհրդարանական ընտրությունների. Կարապետ Ռուբինյան

«Տրամաբանությունը բերում է նրան, որ ամեն ինչ խաղաղ ճանապարհով գալու, հանգելու է հերթական խորհրդարանական ընտրությունների, որտեղ թամադան էլի լինելու է Սերժ Սարգսյանը»,- այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի նախկին անդամ, այժմ «Առցանց ազատականների ալյանս» կամ 3Ա նախաձեռնության ղեկավար Կարապետ Ռուբինյանը: Նրա համոզմամբ՝ անտրամաբանական է, որ իշխանությունը ՀԱԿ-ի հետ նստի բանակցի սեփական հրաժարականի շուրջ:

«Հեղափոխության մասին պետք է մոռանանք»,- ասաց նա՝ պարզաբանելով, որ դրա համար առկա բոլոր գործոններն այլևս չկան, «թերևս միայն մնացել է սոցիալական իրավիճակի գործոնը»:

3Ա նախաձեռնության ղեկավարը, անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն երկխոսության թեմային, նշեց, որ ինքը սկզբունքորեն դեմ չէ երկխոսությանը: «Ուղղակի մեր համաժողովրդական պայքարը, որը մինչև մարտի 1-ը բավական ռադիկալ և գրագետ քաղաքացիական անհնազանդության մեթոդներ էր կիրառում, անթերի պայքար էր իրականացնում… դա պիտի բերեր իշխանությունների հրաժարականի: Մենք օր առ օր տանուլ ենք տալիս մեր երկիրը, քանի որ այս ռեժիմի գոյատևումը կործանում է երկիրը»,- ասա նա:

Ռուբինյանի կարծիքով՝ ՀԱԿ-ից դուրս ընդդիմադիրների մոտ փնտրտուք կա: «Մեր այսօրվա խղճուկ քաղաքական դիսկուրսը լի է մեծ քաղաքական բամբասանքներով, տարբեր խարդավանքներով: Տեղի են ունենում հանդիպումներ ու քննարկումներ, որոնց ես էլ եմ մասնակցել: Քննարկել ենք տարբեր թեմաներ, հնարավոր զարգացումները»,- ասաց նա:

Արձագանքելով իր՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանող քաղաքական թիմում հայտնվելու հավանականության մասին ակնարկին, Ռուբինյանն ասաց. «Բացառվում է, որ ես հայտնվեմ մի թիմում, որը պաշտպանի Քոչարյանին: Դա զարհուրելի ֆանտաստիկայի ոլորտից է»:

Նա չհերքեց չհերքեց այն լուրերը, որ այսօր ընդդիմադիրների շրջանում հանդիպումներ են տեղի ունենում, ինչը, ըստ նրա, փորձում են կապել Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ակտիվացման հետ:

Լուրեր Հայաստանից – Թերթ.am

Related Posts