Արտակ Զարքարյան.«Ռուս- թուրքական հարաբերությունները զուտ տնտեսական նշանակություն ունեն»

Նելլի Դանիելյան
«Ռադիոլուր»

Ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումների շուրջ այսօր բանավիճել են ՀՀԿ անդան Արտակ Զաքարյանն ու ՀԱԿ ներկայացուցիչ Կարապետ Ռուբինյանը:

Արտաքին քաղաքական կյանքում բանախոսները հատկապես կարեւորել են հայ- թուրքական ու ռուս- թուրքական հարաբերությունների շուրջ վերջին զարգացումները, ներքաղաքական կյանքում ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչների միջեւ հատկապես թեժ բանավեճի պատճառ է դարձել Հայաստանում քաղբանտարկյալների լինել- չլինելու շուրջ կարծիքների բախումը:

Հայաստանի ներքաղաքական կյանքում Կարապետ Ռուբինյանին հատկապես անհանգստացնում է վերջին նախագահական ընտրությունների, մարտի 1- ի դեպքերի հետեւանքները, ի մասնավորի` քաղբանտարկյալների գոյության հարցը:

Հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանն էլ վստահեցնում է` ՀՀ- ում քաղբանտարկյալներ չկան:

Արտաքին քաղաքականության ասպարեզում բանախոսներն անդրադարձան հայ- թուրքական հարաբերություններին: Կարապետ Ռուբինյանը կարծիք հայտնեց, որ արձանագրությունները պատճառ դարձան, որպեսզի Թուրքիան ներխուժի ԼՂ կարգավորման ասպարեզ: Արտակ Զաքարյանն էլ կարծում է, որ հայ- թուրքական հաշտեցման գործընթացում Հայաստանի շահերը չեն բեկանվել եւ չնայած Թուրքիայի ջանքերին, նրան այդպես էլ չհաջողվեց Հայաստանի հետ խոսել նախապայմանների լեզվով:

Ինչ վերաբերում է ռուս- թուրքական մերձեցմանը, ապա Կարապետ Ռուբինյանն այս գործընթացը եւս կապում է Թուրքիայի հետ հարաբերությունները շտկելու նախաձեռնողական քաղաքականության հետ:

«Ս. Սարգսյանը գաղտնիք չէ, որ այդ քաղաքականության մեկնարկը տվեց հենց Մոսկվայում: Այդ ժամանակ արդեն այդ սիմպտոմը կար, որ Ռուսաստանը փոխում է իր քաղաքականության վեկտրը եւ հայ- թուրքական սիրախաղը չի կարելի դիտարկել ռուս- թուրքական մերձեցումից դուրս: Հիմա մենք հերթական փուլի ակնատեսն ենք եւ տեսնում ենք, որ Ռուսաստանը բավականին ճկուն է այդ հարաբերություններում»:

Արտակ Զաքարյանն իր ընդդիմախոսի այս տեսակետը եւս չկիսեց` նշելով, որ ռուս- թուրքական հարաբերությունները միշտ եղել են հայ- թուրքականից անկախ:

«Կարծում եմ, որ ռուս- թուրքական հարաբերությունները զուտ տնտեսական նշանակություն ունեն: Թուրքիան հասկացավ, որ մեկ վեկտրի վրա կառուցել իր արտաքին քաղաքականությունը խիստ վտանգավոր է, որովհետեւ ազատվել իր վրա Արեւմուտքի ազդեցությունից հնարավոր չէ, եւ հիմա փորձում է այդ ազդեցությունը հավասարակշռել արեւելյան, այսինքն` ռուսական ազդեցությամբ»:

Ռուսական քաղաքականության ճկունությունն, ի դեպ, Կարապետ Ռուբինյանի կարծիքով՝ վտանգավոր է հատկապես Հայաստանի համար: Եվ որպես ասվածի ապացույց՝ ՀԱԿ ներկայացուցիչը վկայակոչում է ՌԴ նախագահի Անկարայում արտասանած խոսքերից մի հատված:

«Չգիտեմ հատուկ էր արված, թե պատահաբար ստացվեց մի արտահայտությունը, որ ես հիմա չեմ ուզում խորանալ, թե քանի շրջան, երբ ձեւակերպումների մեջ, որպեսզի չբարդացնեմ բանակցությունները: Դրանով նա հաստատեց, որ Ռուսաստանն անմիջականորեն զբաղվում է քանի շրջան, երբ խնդիրներով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններում: Մեդվեդեւը արտահոսք թողեց, որ, այնուամենայնիվ, այդպիսի խոսակցություն կա»:

Հանրապետական պատգամավորը շրջանների վերադարձի մասին հայտարարություններն անհիմն որակեց` նշելով, որ այդ հարցում վերջնական որոշումը Հայաստանինն է:

«Դա բոլորովին չի նշանակում, թե հայերն ասելու են` հարգելի Ռուսաստան ո՞ր շրջանն եք ուզում, որը՞ որի՞ց հետո եք ուզում, ո՞նց եք ուզում, սկուտեղի վրա՞, թե՞ առանց սկուտեղի եւ այլն»

Արտակ Զաքարյանը նաեւ նշեց, որ ԼՂ կարգավորման ասպարեզում բախվում են գերտերությունների շահերը, եւ Հայաստանը պետք է փորձի դրանից առավելագույն օգուտ կորզել:

Related Posts