«Ազատ դեմոկրատներն» ու «Ժառանգությունը» երեկ հրավիրած ասուլիսում ավելի շատ անդրադարձան Հայ ազգային կոնգրեսին, քան իշխանություններին կամ որեւէ այլ ուժի: ՀՀՇ-ից հեռացած եւ «Ազատ դեմոկրատների» ցուցակում ընդգրկված Կարապետ Ռուբինյանը, օրինակ, առիթից օգտվելով «կպավ» ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանին: Հիշեցնելով, որ «Նիկոլ Փաշինյանի առաջադրման մասին իմանալուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը բարի կամք դրսեւորեց եւ հանեց իր թեկնածությունը», նա ասաց` քանի որ մյուս տեղերում «Ժառանգությունն» իր թեկնածուներին ավելի վաղ էր հայտարարել, ուստի բարի կամք դրսեւորելու հերթը Կոնգրեսինն է. «Օրինակ, մեր լավ բարեկամ Արամ Մանուկյանը, որն իր բազմահազար ընտրողներին Լոռվա մարզում թողել եւ Արաբկիրում է իր թեկնածությունը դրել, կարող է որպես բարի կամքի դրսեւորում հանել իր թեկնածությունը մեր երրորդ հանրապետության, ըստ իս, լավագույն պատգամավորներից մեկի` Զարուհի Փոստանջյանի դիմաց: Սա կլինի համերաշխության շատ լուրջ քայլ»:
«Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն էլ ասաց, թե Կոնգրեսը սխալ է ներկայացրել յուրաքանչյուր ընտրատարածքում մեկ թեկնածու թողնելու հետ կապված «Ժառանգություն»-Կոնգրես բանակցությունների ընթացքը, եւ շարունակեց. «Բանակցությունները գնում են, բայց այդ բանակցությունները Հայ ազգային կոնգրեսը տանում էր ոչ թե ընդդիմության հետ, այլ ուղղակի իշխող կոալիցիայի ներկայացուցիչների հետ: Եւ անթաքույց պարզ դարձավ, որ թիվ 12 եւ թիվ 13 ընտրատարածքներում ՀԱԿ-ի եւ ՀՀԿ-ի ներկայացուցիչը միասին պայմանավորվել են ըստ ընտրատարածքների միասին պաշտպանել միմյանց»: Նաեւ հավելեց. «Եթե օրվա կեսը կարելի է ասել իշխանափոխության մասին, իսկ օրվա հաջորդ կեսին բանակցել այդ նույն իշխանության ներկայացուցիչների հետ, որպեսզի բերեն խորհրդարան, այստեղ մի քիչ կարծում եմ, որ իշխանափոխության մասին կրկնելը ռեալ հիմք չունի»:
Հայ ազգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանը ճիշտ չհամարեց մեկնաբանել վերոգրյալ հայտարարությունները. «Մենք միակողմանի պարտավորություն ենք վերցրել, որ մեր միակ թիրախը գործող վարչախումբն է` ի դեմս Հանրապետական կուսակցության, եւ մենք որեւէ այլ քաղաքական ուժի հետ չենք բանավիճելու անկախ նրանից` որքանով խեղճ ու սուտ կլինեն նրանց ասածները մեր վերաբերյալ»: Մեկնաբանություն խնդրեցինք նաեւ թիվ 12 ընտրատարածքում Կոնգրեսի կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված Տիգրան Տեր-Պետրոսյանից. «Ես չեմ ուզում մեկնաբանել «Ժառանգության» ներկայացուցչի հայտարարությունը, կարծում եմ` այսօր ավելի լուրջ խնդիրներ կան, ինչպես ապօրինությունների դեմ պայքարը: Եթե խոսքը վերաբերում է Մհեր Սեդրակյանի հետ իմ հանդիպմանը, ասել եմ, նորից եմ կրկնում` դա եղել է միայն մեկ թեմայով` ինչպես բացառել ապօրինությունները»: