Երեկ լրացավ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 66-րդ եւ Շուշիի ազատագրման 19-րդ տարին: Ինչ խոսք, հաղթանակը պատերազմում կամ նույնիսկ կոնֆլիկտային հարաբերություններում բերում է տվյալ ազգին, պետությանը ինքնահաստատման: Մեծ հայրենական պատերազմում հայ ազգը փայլել ու առաջնահերթ է եղել թե իր արիությամբ, հերոսներով եւ թե, ցավոք, իր զոհերի քանակով: Շուշիի ազատագրումը մեր ազգի հաղթանակների հաղթանակն էր, իսկ ահա ՙորքանո±վ կարելի է 2-րդ համաշխարհային պատերազմում` մայիսի 9-ի հաղթանակը համարել նաեւ Հայաստանի հաղթանակը՚ հարցով Z-S հասարակական ուսումնասիրությունների կենտրոնն անցկացրել է հարցում Երեւանում 100 հոգու շրջանակում: Մինչ այդ եկեք տեսնենք, թե ինչ կարծիքներ են հայտնել վերը նշված հարցի մասին քաղաքական գործիչները: Ի դեպ, շատ շատերը երեկ, պարզապես գտնվելով քեֆերի եւ ուրախությունների մեջ, չցանկացան, որեւէ կարծիք հայտնել Հաղթանակի օրվա կապակցությամբ: Օրինակ, մեզ հետաքրքիր էր իմանալ, թե ՀՀՇ-ականներն ինչ կարծիք ունեն վերը նշված հարցի շուրջը: Սակայն ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, պատրվակ ընդունելով ուտուշ-խմուշը, հրաժարվեց հարցին պատասխանել:
Կոմունիստական միացյալ կուսակցության նախագահ ՅՈՒՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ. ՙԱյդ հաղթանակը ամբողջությամբ նաեւ մեր հաղթանակն էր՚:
ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ. ՙԻմ պապը` Արմենակ Օգանեսովը, պատերազմի մասնակից էր, ազատագրում էր Դոնի Ռոստովը, Արմավիրը, Տագանրոգը: Ֆաշիստների դեմ կռվել են մեր տոհմի բազմաթիվ տղամարդիկ, որոնցից ոմանք զոհվել են, շատերը` վիրավորվել: Հետեւաբար, այս տոնը շատ թանկ եւ մոտ է ինձ համար: Ինչ վերաբերում է քաղաքական կողմին, ապա չմոռանանք, որ Հայաստանը ԽՍՀՄ-ի մասն էր, եւ ԽՍՀՄ-ի հաղթանակը դրական հետեւանքներ ունեցավ նաեւ Հայաստանի համար, իսկ պարտությունը ծանր կնստեր մեր վրա: Հայտնի է, որ Թուրքիան ախորժակ ուներ ավարտին հասցնելու 1915 թվականին սկսած հայոց ցեղասպանության գործը: Միաժամանակ հայտնի է, որ լուծման ընթացք ուներ Թուրքիայի կողմից օկուպացված հայկական տարածքների ազատագրման գործընթացը, սակայն, Արեւմուտքի ջանքերով, այն տեղի չունեցավ: Իհարկե, ցավալի է, որ մեր ժողովուրդը տվեց այդքան շատ զոհ այդ պատերազմում: Սակայն պատերազմը մնում է պատերազմ, եւ թշնամուն պետք է արժանավայել դիմակայել: Կարեւոր է, որ այսօր մենք բարձր գնահատենք մեր ազգի կարգավիճակը որպես ֆաշիզմի ջախջախման մեջ մեծագույն ներդրում ունեցած ազգի եւ այդ քաղաքական դիվիդենտը կարողանանք արդյունավետ օգտագործել ներկայիս աշխարհաքաղաքական գործընթացներում՚:
ԱԻՄ նախագահ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ. ՙՇատ մասնավոր ընկալում է, եւ եթե հայ ժողովրդի ճակատագրում դա որեւէ բան փոխեր դրական իմաստով, ապա այն կարելի էր համարել իսկապես առաջընթաց: Բայց մենք ընդամենը ունեցանք 300.000 զոհ եւ, ցավոք սրտի` կռվում էինք ոչ թե դեմոկրատական աշխարհի կողմից, այլ, կարծում եմ, հայտնի է, որ համաշխարհային պատերազմը Հիտլերը սկսեց Ստալինի աջակցությամբ, եւ շատերը չգիտեն, որ Լեհաստանը գրավելուց հետո բոլշեւիկաֆաշիստական համատեղ շքերթ է անցկացվել: Հետո նախկին դաշնակիցները սկսեցին իրար դեմ կռվել, եւ արդյունքում ստացվեց, որ երկու սրիկաների կռվին 600.000 հայ մասնակցեց: Ճիշտ է, մերոնք մասնակցում էին դրան հավատալով, որ հետո հայկական հարցի ոլորտում փոփոխություն կլինի, եւ այդ հավատը սին չէր, բայց մենք բոլորս գիտենք, որ որեւէ բան չփոխվեց՚:
Դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. ՙԿասկած անգամ չկա, որ մեր հաղթանակն է: Այդ պատերազմին մասնակցել է շուրջ 700.000 հայ, որից 300.000-ը զոհվել են, իսկ 109-ը հերոսի կոչում են ստացել: Դա Մեծ հայրենական պատերազմն էր, որտեղ պայքարում էին ֆաշիզմի դեմ: Այս դեպքում Հայաստանը փրկվեց ոչնչացումից, եւ պարզ էր, որ եթե հանկարծ Սովետական Միությունը պարտվեր` Հայաստանն էլ չէր լինելու, առավել եւս, որ Թուրքիան ատամները սրած սպասում էր, թե Ստալինգրադի ճակատամարտն ինչով է ավարտվելու: Եվ եթե պարտվեին, ապա միանգամից նրանց զորքերը, որոնք կանգնած էին մեր սահմանի վրա, մտնելու էին Հայաստան՚:
ԱԺ նախկին փոխխոսնակ ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆ. ՙՀաղթանակի մասին դատում են արդյունքներով, իսկ Հայաստանը ահռելի մարդկային կորուստներ տվեց այդ պատերազմում, որի դիմաց ստացավ խաղաղություն հնարավոր տեսական հարձակումներից, թշնամուց ապահովություն: Ես կարծում եմ, որ զոհողությունների այդ ահռելիությունը բոլորովին համահունչ չէր ձեռքբերումներին: Դա մեր երկրի պատերազմը չէր, այլ կայսրության պատերազմն էր, որի մասն էր կազմում մեր երկիրը, սակայն պտուղներն ավելի շատ այդ կայսրությունը քաղեց, քան հայ ժողովուրդը՚:
Այժմ տեսնենք, թե ինչ կարծիք ունեն մեր համաքաղաքացիները, որքանո±վ կարելի է 2-րդ համաշխարհային պատերազմում հաղթանակը համարել նաեւ Հայաստանի հաղթանակը` ըստ Z-S կենտրոնի տվյալների.
1. Անկասկած, դա նաեւ Հայաստանի հաղթանակն էր, քանի որ Հայաստանը Սովետական Միության մի մասն էր` 27%:
2. Դա նաեւ մեր հաղթանակն էր, քանի որ ԽՍՀՄ-ի պարտության դեպքում Թուրքիան կհարձակվեր Հայաստանի վրա` 26%:
3. Դա պայմանականորեն հաղթանակ էր Հայաստանի համար, քանի որ կորուստները ձեռքբերումներին համաչափ չէին` 22%:
4. Հայաստանի համար դա ավելի շատ ողբերգություն էր, քան հաղթանակ, քանի որ 300.000 զոհ տվեցինք` 19%:
5. Դժվարանում են պատասխանել` 6%:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ