Որ տեմպի կորուստ չլինի

«Ժառանգությունը» դժվար է դասել խոշոր զանգվածային կուսակցությունների շարքին, որն ամպագոռգոռ կարգախոսներով տանում է ժողովրդին դեպի պայծառ ապագա: Բայց կուսակցությունն ունի մի կարեւոր առավելություն, որն իրեն առանձնացնում է այլ քաղաքական ուժերից. այն միշտ քաղաքացիների կողքին է՝ խտրականություն չդնելով՝ նրանք հասարակության կողմից ճանաչված են, թե անհայտ, քաղաքական դաշնակից են, թե մրցակից: Այնտեղ, որտեղ խախտվում են մարդու իրավունքները, այնտեղ, որտեղ մարդիկ բողոքում են դրա դեմ, այդ բոլոր վայրերում կարելի է տեսնել «Ժառանգության» փոքրաթիվ խմբակցության անդամներին: Դուք, թերեւս, կասեք, որ դա ավելի շուտ իրավապաշտպան խմբի, ոչ թե քաղաքական կառույցի գործառույթ է: Տեսականորեն դա իսկապես այդպես է: Բայց այսօր մարդկանց փոքր-ինչ ձանձրացրել է այն, ինչ Հայաստանում կոչվում է «քաղաքականություն», երբ ընդդիմությունը՝ ՀՅԴ-ն, ԱԺՄ-ն, ՍԻՄ-ը եւ այլք, իսկ հիմա՝ ՀԱԿ-ը, արտաբերում է միեւնույն շաբլոն մեղադրանքները արտագաղթի, «թալանչիների» եւ «ժողովրդի արյունը ծծողների» մասին, իսկ իշխանությունը դրան պատասխանում է նույնքան հերթապահ փաստարկներով ու… շարունակում թալանել: «Քաղաքականության» այս ձեւն, իմ կարծիքով, իրեն սպառել է, ծեծված խոսքերը կորցրել են իրենց իմաստը եւ ձեռք են բերել զուտ ծիսական բնույթ:

Ժամանակն է, որ հասարակությունն իր առաջ դնի թեեւ երբեմն փոքր, բայց կոնկրետ եւ իրագործելի նպատակներ: Քաղբանտարկյալների ազատ արձակումը հենց նման մի խնդիր էր՝ փառք ու պատիվ ՀԱԿ-ին, մնացած ուժերին, բոլոր նորմալ քաղաքացիներին. այն հաջողվեց իրագործել: Դրանից հետո ամիսներ շարունակ «անհապաղ հրաժարական» անպտուղ կարգախոսի վրա կողմնակիցների էներգիան սպառելը, իսկ այնուհետեւ հերթական խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին պատրաստվելը շախմատային լեզվով կոչվում է «տեմպի կորուստ»: Օրինակ՝ երբ դուք առաջ եք տանում ձեր նավակը կամ թագուհին, իսկ հակառակորդը դրանք «քշում է» զինվորով, դուք ստիպված եք լինում ֆիգուրն առաջվա տեղը դնել, բայց մրցակիցն ավելի նպաստավոր դիրք է ձեռք բերում:

«Ժառանգությունն» իր սահմանափակ հնարավորություններով փորձում է առաջ գնալ «փոքր գործերում՝ լինեն դրանք բնապահպանական, տնտեսական, իրավական, թե կրթական: Վստահ եմ, օրինակ, որ եթե մեզ հաջողվի կասեցնել կրպակների տեղադրումը Մաշտոցի պողոտայում, դա հասարակությանը ավելի շատ կոգեւորի, քան ամիսներով ամենաբոցաշունչ կարգախոսների վանկարկումը:

Երեկ տեղի ունեցավ «Ժառանգության» համագումարը, որի ընթացքում ամենահետաքրքիր ելույթներից մեկն ունեցավ որեւէ կուսակցության անդամ չհանդիսացող Կարապես Ռուբինյանը: Նա, մասնավորապես, ասաց, որ շրջադարձային փոփոխությունների հնարավորությունը, կարծես թե, բաց է թողնված, բայց դանդաղ, էվոլյուցիոն զարգացումը նույնպես համառ պայքար է պահանջում: Գուցե նույնիսկ՝ ավելի համառ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

aravot.am

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *