«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն այսօր, բանտից ազատ արձակվելուց հետո իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիի` ՀԱԿ հանրահավաքի ու դրան նախորդող օրերի մեղադրանքներին, որոնց համաձայն` քաղբանտարկյալ Արա Հովհաննիսյանը գող, ավազակ ու հանցագործ է:
«Եկեք հասկանանք երկու տարբեր իրողություն։ Այն բոլոր անձինք, ովքեր որպես քաղբանտարկյալ են հայտարարվել Հայ Ազգային Կոնգրեսի կողմից, դատապարտվել են կոնկրետ հոդվածներով, և քաղբանտարկյալի բնորոշման համար կարևոր է ոչ թե անձը, նրա անձնական հատկանիշները, ընդհուպ ոչ թե այն՝ ինչպես է իրեն պահել քրեակատարողական հիմնարկում, այլ այն, թե ինչ հոդվածով, իրավական ինչ արդարացվածությամբ են ուղարկել նրան բանտ։ Ինչ վերաբերում է Վարդգես Գասպարիին, նա իմ եղբայրն է. ես նրա նվիրվածությանը` շարժմանը և սկզբունքներին, նվազագույն անգամ չեմ կասկածում»,–հայտնեց Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե Վարդգես Գասպարիի խոսքերով՝ այդ հանցագործը, նարկոմանն այսօր հարթակում կանգնած է Կոնգրեսի կողքին, Փաշինյանն արձագանքեց. «Ես Վարդգես Գասպարիին շատ սիրում եմ, շատ հարգում, և երբ նա ինչ–որ բան ասում է, ես նրա ասածներին ուշադիր եմ վերաբերվում, ու Վարդգես Գասպարիին ասացի, որ մենք առաջիկա օրերին նրա հետ այդ թեմայով շատ մանրամասն խոսակցություն կունենանք։ Բայց այդ խոսակցության արդյունքում իմ կարծիքը Վարդգես Գասպարիի մասին չի փոխվի։ Իսկ Արա Հովհաննիսյանին ես գիտեմ որպես քաղբանտարկյալ։ Ես նրան, ցավոք սրտի, անձամբ ծանոթ չեմ, և առաջիկայում, եթե անհրաժեշտություն լինի, կծանոթանամ, եթե անհրաժեշտություն չլինի, չեմ ծանոթանա»:
Իսկ ինչ վերաբերում է ՀԱԿ-ից «շեղված» մեկ այլ անդամի` Կարապետ Ռուբինյանի գնահատականներին, այ այստեղ Նիկոլ Փաշինյանը փոխեց տրամադրվածությունը. «Առանձին մարդկանց սուբյեկտիվ ընկալումները դեռևս չեն նշանակում, որ իրականությունը համապատասխանում է այդ մարդկանց սուբյեկտիվ ընկալումներին, անկախ նրանից, թե այդ մարդիկ որքան են հարգելի:
Յուրաքանչյուր իրավիճակ կարելի է մեկնաբանել յուրորվի, բայց մենք պետք է հաշվի առնենք փաստերը: Կարապետ Ռուբինյանն այդպես է գնահատում իրավիճակը, բայց դա չի նշանակում, որ Կարապետ Ռուբինյանի բոլոր գնահատականները ճշգրիտ են և համապատասխանում են իրականությանը»:
02.06.2011 16:58