ՀՀՇ նախկին անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը նախաձեռնել է ստեղծել առցանց ազատականների ալյանս (3Ա), որի առաջնային նպատակը, ըստ Ռուբինյանի, կայանալն է և Հայաստանի, Արցախի, Ջավախքի ու սփյուռքի ազատականներին միավորելը մեկ առցանց կազմակերպության մեջ` համատեղ ջանքերով ելք փնտրելով Հայաստանը այս ծանր կացությունից դուրս բերելու և զարգացման ուղու վրա դնելու համար:
Անդրադառնալով այլ ուժերի հետ համագործակցության հնարավորությանը և մասնավորապես «Սարդարապատ» շարժմանը` Ռուբինյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց, որ 3Ա-ն այս պահին որևէ կազմակերպության հետ համագործակցության ծրագիր չունի:
«Ինչ վերաբերում է Սարդարապատի հետ անհատական մակարդակով համագործակցությանը, ապա շարժման ստեղծումից ի վեր, որը ևս դեռ նախաձեռնություն է, համագործակցել ենք, հրավերներին արձագանքել ենք, միջոցառումներին մասնակցել ենք, և ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ այս շարժման երկու ակտիվ անդամները` Ժիրայր Սեֆիլյանը և Տիգրան Խզմալյանը, մեզ հետ միասին ժամանակին ձևավորել են ՀՀ քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեն, և մենք մինչև հիմա այդ առումով էլ ենք համագործակցում»,- մեկնաբանեց Ռուբինյանը: