Սարգսյան-Ալիեւ սպասվող հանդիպումը. ու՞մ կշիռը կավելանա տարածաշրջանում

Օրերս Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը լրատվամիջոցների հետ զրույցում նշեց, թե ինքը կարծում է, որ հայկական կողմը պատրաստակամ է Հայաստան-Ադրբեջան նախագահների հանդիպմանը: Պարզապես, ըստ Կիրակոսյանի, այդ հանդիպումը սեպտեմբերից շուտ չի լինի եւ կկայանա ոչ թե Փարիզում, այլ Նյու Յորքում:

«Ես կարծում եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն այնուամենայնիվ կհանդիպեն, սակայն դա կլինի ոչ թե Փարիզում, այլ Նյու Յորքում: Ամենայն հավանականությամբ կհանդիպեն սեպտեմբերին ՄԱԿ-ի ԳԱ հանդիպումների ընթացքում»,- ասաց Ռ. Կիրակոսյանը:

Որ կողմին է հատկապես անհրաժեշտ այդ հանդիպումը՝ Հայաստանի՞ն, Ադրբեջանի՞ն, թե՞ ավելի շատ երրորդ երկրի:

Հիշեցնենք, որ Սարգսյան-Ալիեւ հնարավոր հանդիպման առաջարկությունը Ֆրանսիայի նախագահինն էր. Ֆրանսուա Օլանդը հանդիպման անհրաժեշտության մասին խոսեց Հայաստան կատարած այցի ժամանակ:

ՀՀՇ վարչության անդամ Կարապետ Ռուբինյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հետեւյալ կարծիքն արտահայտեց.

Կարապետ Ռուբինյան

«Այդ հանդիպումներն արդեն վաղուց ոչինչ չեն խոստանում կողմերին, բացի այն բանից, որ հավաստում են բանակցային գործընթացի շարունակականությունը եւ երբեմն նպաստում են լարվածության թուլացմանը: Փարիզյան այս հանդիպումը նախապատրաստվում է Արեւմուտք-Ռուսաստան գահավիժող հարաբերությունների ֆոնին եւ միայն այդ՝ բուն կոնֆլիկտի հետ կապ չունեցող հանգամանքով կարող է չկայանալ: Ռուսաստանի նախագահի հետ գնալով ավելի դժվար է դառնում փոխհասկացողության եզրեր գտնել բոլորի, այդ թվում, ինչպես տեսանք, նաեւ Հայաստանի ինքնակոչ նախագահի համար, որը հեռավոր Արգենտինայում ստիպված եղավ ցածրաձայնել իր թշնամուն՝ Ադրբեջանին ահռելի քանակությամբ զենք վաճառելու վերաբերյալ հայ ժողովրդի անհանգստության մասին: Կկայանա՞, թե՞ ոչ հանդիպումը՝ դժվար է կանխագուշակել, բայց ակնհայտ է, որ ռուսները խանդով են վերաբերվում Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությանը եւ չեն թաքցնում Արցախում միակ արբիտրի դերը ստանձնելու իրենց ձգտումը»:

Ռուբինյանի խոսքերով՝ այդ հանդիպումը անհրաժեշտ է թե՛ Հայաստանին եւ թե՛ Ադրբեջանին, չնայած նրան, որ հանդիպումից սպասելիքները փոքր են:

«Կոնֆլիկտի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունից ելնելով՝ ընդհանուր առմամբ հանդիպումը անհրաժեշտ է ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ադրբեջանին, մանավանդ որ սահմաններում լարվածությունը մեծ է: Բայց, մյուս կողմից, եթե հանդիպումներից սպասելիքները ավանդաբար շատ փոքր են, եթե այդպես էլ մեր կողմից չի շեշտվում բանակցություններին Արցախի իշխանությունների մասնակցության անհրաժեշտությունը, ապա չենք կարող պնդել, որ պլանավորված հանդիպման կայացումը կենսական նշանակություն ունի մեզ համար»:

hakob chaqryan, Հակոբ Չաքրյան

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը գտնում է, որ խոշոր հաշվով հանդիպումը առաջին հերթին Ադրբեջանին է պետք: Նրա կարծիքով բանակցային ամբողջ գործընթացի ընթացքն է ցույց տվել, որ Ադրբեջանը պատկանում է այն երկրների շարքին, որի հետ բանակցություն վարելն անօգուտ է:

«Մի պետություն, որ մարդասպանին հերոսացնում է, այն մարդասպանին, որ իր դասընկերոջն է սպանում միայն նրա համար, որ հայ է, եւ վերադառնում ու ազգային հերոս է հռչակվում, այդ պետությունից այլ բան ի՞նչ ակնկալել:

Նրանք ինչպես են վարվել, այդպես պետք է վարվել, նույն կերպ. Սումգայիթում կանանց բռնաբարել եւ ողջ-ողջ այրել են, նույնը պիտի արվի իրենց հետ, որ խելքի գան»:

Ինչ մնում է Մինսկի խմբի անդամ երկրների գործունեությանը, Հ. Չաքրյանի կարծիքով Մինսկի խմբի անդամ երկրներից յուրաքանչյուրը ցանկանում է, որ ղարաբաղյան խնդիրը լուծում ստանա, բայց լուծվի իրենց կողմի ջանքերով:

«Մինսկի խմբի անդամ երկրներից յուրաքանչյուրն ուզում է, որ լուծվի Ղարաբաղի հարցը, բայց ոչ թե ուրիշի, այլ իրենց նախաձեռնությամբ, դրա համար չի լուծվում, միայն ԼՂ հարցը չէ, նաեւ Կիպրոսի հարցը: Ում նախաձեռնությամբ որ լուծվեց, տվյալ կոնֆլիկտային գոտում նախաձեռնողի հեղինակությունն ու տվյալ կշիռը ավելանում է»:

Քրիստինա Մկրտչյան http://galatv.am/

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *