ՀՀՇ վարչության անդամ Կարապետ Ռուբինյանը Tert.am-ին տված հարցազրույցում անդրադառնալով խորհրդարանական ոչ իշխանական եռյակի գործունեությանը նշում է, որ այս երեք ուժերը կապված չեն գաղափարախոսությամբ, բայց նրանց միավորում է մեկ իրական ցանկություն՝ ազատել բոլորին ներկա իշխանությունից: Նա նաև նշում է, որ այսօր հայ հասարակությանը իշխանափոխությունից բացի հուզում է երկրում արդարություն հաստատելու և քիչ թե շատ բարեկեցիկ կյանքով ընտանիք պահելու հնարավորության ստեղծումը, ինչի երաշխիքը եռյակը չի տալիս ու, ըստ նրա, չի էլ կարող տալ:
-Ոչ իշխանական եռյակի՝ ԲՀԿ- ՀԱԿ- «Ժառանգություն», միավորման վերաբերյալ ի՞նչ գնահատական կտաք: Արդյո՞ք այն բնական երևույթ է և ի՞նչ գաղափար կամ գաղափարախոսություն է միավորում երեք ուժերին:
– Ոչ մի միավորող գաղափարախոսություն, բնականաբար, չկա: Հայաստանում գաղափարախոսությունները արդեն վաղուց տոնական հագուստների դեր են կատարում՝ օգտագործվում են դեպքից-դեպք, կարճ ժամանակով՝ հյուրերի արջև պատշաճ տեսք ունենալու համար: Փաստենք, որ կա այդ երեք ուժերին միավորող մեկ իրական ցանկություն՝ ազատել իրենց և մեզ բոլորիս Սերժ Սարգսյանից ու իր հանցախմբից: Փաստենք նաև, որ այդ մասով նրանք արտահայտում են մեր հասարակության առնվազն 90 տոկոսի ցանկությունը:
Մնացած ամեն ինչում տարբերությունները, թե՛ եռյակի ներսում, թե՛ հասարակության սպասումների և եռյակի անդամների ու նրանց շուրջ կամաց-կամաց խմբվողների ծրագրերի միջև այնքան շատ են ու այնքան մեծ, որ եթե նույնիսկ օրինաչափ կամ բնական համարենք այդ միավորումը, ապա ոչ մի կերպ չենք կարող ներդաշնակ կամ առաջադիմական համարել:
Չեմ ուզում անդրադառնալ եռյակի ներքին հակասություններին, քառյակ-եռյակ-քառյակ ու էլի եռյակ դառնալու խորդուբորդ ճանապարհին: Քանի որ տեսանելի է, չեմ ուզում նաև անդրադառնալ եռյակի շուրջ այլ համախմբվող ուժերի հետագծերին ու որակին: Նաև մի կողմ թողնենք Ռոբերտ Քոչարյանի ականջները երևալ-չերևալու մասին ենթադրությունները: Անդրադառնանք հասարակական սպասումներին և թե ինչ է առաջարկում եռյակը հասարակությանը:
-Հաջորդ հարցս հենց այդ էր լինելու: Ի՞նչ կարող են նրանք առաջարկել հանրությանը և արդյո՞ք հանրության կողմից կա դրա պահանջարկը:
– Արդեն ասացի, որ Սերժ Սարգսյանի ռեժիմի վերացումը մեր հասարակության ճնշող մեծամասնության սրտով է: Սերժ Սարգսյանը ոչ միայն ժողովրդի խաղաղ ցույցերը բռնություններով ու արյան մեջ խեղդած, իշխանությունը յուրացրած, ինքնակոչ նախագահ է, այլև ապաշնորհ և ընչաքաղց կառավարիչ: Նա իր շուրջ հավաքել է նույնքան ապաշնորհ թիմ, որի նպատակն ու երազանքը անձնական անսահման հարստություն դիզելն է:
Արդյո՞ք եռյակի լոկոմոտիվը՝ ԲՀԿ-ն, որը մինչ այժմ դուրս չի եկել ոչ իշխանականի կոկոնից ու, ի տարբերություն մյուս երկուսի, խուսափում է հրաժարականի ուղղակի պահանջից, կգնա պայքարի հետագա սրացման, թե՞ կբավարարվի Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների դեմն առնելով և հաջորդ խորհրդարանական ու նախագահական ընտրություններից առաջ դիրքերն ամրապնդելով:
Ի՞նչ երաշխիքներ կան, որ ընտրակեղծարարության և ընտրակաշառք բաժանելու՝ հանրապետականներից ոչ պակաս փորձ կուտակած նույն այդ լոկոմոտիվը կկանգնի «արդար ընտրություններ» կոչվող կայարանում, ոչ թե կսլանա դեպի թագավոր ախպոր «Առինջ» կայարան:
Ի՞նչ երաշխիքներ կան, որ առայժմ կենացների և բարի ցանկությունների ձևով ներկայացվող տնտեսական բարեփոխումների ծրագրերը, ի վերջո, չեն հանգի ներկայիս վարչապետի արդեն իսկ կիրառած և տապալված մեթոդաբանությանը, երբ մտածված, խորը, արմատական բարեփոխումներ ձեռնարկելու փոխարեն, հարկերը մուծելու անհրաժեշտության մասին դատարկ կոչեր արվեցին հաստաքսակ ախպերությանը:
Հասարակության լայն խավերին, բացի ռեժիմից շուտափույթ ազատվելու խնդրից, նաև հուզում է այն, որ երկրում արդարության լինի, որ աշխատելու ու քիչ թե շատ բարեկեցիկ կյանքով ընտանիք պահելու հնարավորություն լինի:
Մի քիչ ավելի գիտակից խավը, բացի վերոգրյալից, կարևորում է Արցախի, երկրի ինքնիշխանության, աշխարհաքաղաքական ընտրության խնդիրները: Իր և երկրի համար նվաստացուցիչ, վտանգավոր և անընդունելի է համարում թերուս, տգետ, քրեական անցյալով ու ներկայով գործիչների իշխանության գալու հավակնությունները և արդեն իսկ հայտնվելը տարբեր կենսական նշանակություն ունեցող ու պատասխանատու պաշտոններում:
Ցավոք, հասարակության թվարկածս սպասումներին և անհանգստություններին եռյակը հստակ պատասխաններ և երաշխիքներ չի տվել և, իր էկլեկտիկ բնույթի պատճառով, չի էլ կարող տալ:
-ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսեց «մարգինալների» մասին, համաձա՞յն եք, որ հենց ՀՀՇ-ին նկատի ուներ, բայց մյուս կողմից նա մի ձևակերպում արեց՝ ընդդիմության ընդդիմությունը Սերժ Սարգսյանի բարեկամն է, ինչպե՞ս եք վերաբերում այս ձևակերպմանը:
-Նկատի ուներ և՛ ՀՀՇ-ին, և՛ բոլոր նրանց, ովքեր չեն համակերպվում Հայաստանը հետ՝ դեպի խորհրդային բանտ ու ճահիճ տանելու Պուտինի և նրա խամաճիկ Սերժ Սարգսյանի քայլերի հետ: Չեմ կասկածում, որ թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՛ իր բոլոր ասածներն ու արածները անմիջապես իրենց դրոշին դաջող ու մոլեռանդորեն հիմնավորող համախոհները, շատ ավելի մեծ եռանդով կպայքարեին ռեժիմի այդ քայլերի դեմ, եթե չլինեին հանուն իշխանափոխության Կրեմլի հետ գործարքի գնալու, ըստ իս, անբարո և անհեռանկար հույսերը:
Իսկ Սերժ Սարգսյանի բարեկամ լինելու մեղադրանքը, թողնում եմ պարոն նախագահի խղճին: Նրա այդ խոսքին հավատացողները պարզապես պետք է ապշեն, թե որքան շատ Սերժ Սարգսյանի բարեկամներ էին ընդգրկվել իր թիմում 2008-ին:
-Ձեր երբեմնի կուսակից Բագրատ Ասատրյանը մեզ հետ հարցազրույցում նշել էր, որ այո՛, եռյակում ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը 2008-ին եղել են բարիկադների տարբեր կողմերում, և նույնիսկ, որ ԲՀԿ-ն մարտիմեկյան դեպքերի ժամանակ շատ վատ դերակատարում է ունեցել: Միաժամանակ նա ասաց, որ եռյակի միավորումը տեսնում է որպես այլևս կայացած փաստ , հրապարակային գործընթաց՝ լայն բազմության պահանջով և լայն բազմության համար: Ձեր մեկնաբանությունը:
-Իմ երբեմնի կուսակից ու ներկա լավ ընկեր Բագրատ Ասատրյանը ամեն ինչ ճիշտ է ասել: Ի՞նչը մեկնաբանեմ: Փաստ է, որ միավորումը կա: Ինքս էլ ասացի, որ իշխանափոխության համար հասարակական լայն պահանջարկ կա: Կարվի՞ դա լայն բազմության համար, թե՞ դրա անվան տակ, կյանքը ցույց կտա: Ամենևին պետք չէ բացառել, որ պայքարի ծավալման ընթացքում դրական զարգացումներ էլ լինեն, հնարավորությունների նոր պատուհաններ բացվեն:
-Ձեր կարծիքով՝ ՀՀԿ-ն կգնա՞ բանակցությունների կամ երկխոսության, կամ դրան ինչ անուն ուզում եք դրեք:
-Անցյալն արդեն ցույց է տվել, որ բռնազավթված իշխանությունն ու է՛լ ավելի հարստանալու հնարավորությունները պահպանելու պայմանով, նեղն ընկնելու դեպքում, ՀՀԿ վերնախավը կգնա ցանկացած գործարքի՝ թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում:
http://www.tert.am/am/news/2014/11/06/armenia-karapetrubinyan/