«Ասպարեզը» ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի՝ ՀՀ իշխանություններին ուղղված 12 կետից բաղկացած պահանջների վերաբերյալ զրուցել է ԱԺ նախկին փոխնախագահ, հասարակական-քաղաքական գործիչ Կարապետ Ռուբինյանի հետ:
-Պարոն Ռուբինյան, Ձեր գնահատականը ԱԺ ոչ իշխանական ուժերի՝ իշխանություններին ներկայացրած 12 կետերի վերաբերյալ, ո՞ր կետերը կկարեւորեիք:
-Նախ ընդհանուր տպավորությունս ասեմ: Այդքան էլ հասկանալի չէ՝ ինչի համար է այդ բոլորն արվել, քանի որ կուռ տրամաբանություն, նպատակ չի երեւում, ինձ համար մի բան է հստակ՝ դրանով քառյակը հայտարարում է, որ մինչեւ սեպտեմբեր ամիսն արձակուրդ է վերցնում: Նաեւ հասկանում եմ, որ փորձել են համատեղ աշխատանքի ճոխ շարունակության տպավորություն ստեղծել, ոնց որ թե այլ բան է ստացվել՝ կարծես նոր կառավարության համար վստահության կրեդիտ են բացել: Այդ կետերում կան այնպիսիք, որոնք նախկինում այս կամ այն ձեւով արծարծվել են եւ իշխանությունների կողմից լուծում չեն ստացել կամ լիովին մերժվել են: Ստացվում է, որ Հովիկ Աբրահամյանի գլխավորած նոր կառավարության հետ նոր հույսեր են արթնացել: Ստացվում է, որ վստահության ինչ-որ կրեդիտ կա: Ընդհանուր առմամբ՝ 12 կետերը զանազան խնդիրների հավաքածու են, որոշները խորհրդարանի հարց ու պատասխանի ժամանակ բարձրացվելիք հարցեր են, որոշներն էլ լուրջ հարցեր են՝ ենթադրենք, 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու հարցը: Գիտենք, որ նախկինում փորձ էր արվել համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, բայց այն կոպտորեն մերժվել էր հանրապետական մեծամասնության կողմից: Քանի որ այդ կետերի կատարմանը նպաստող որեւէ սպառնալիք կամ վերջնագիր չկա, պարզապես մեղմորեն ասվում է, որ սեպտեմբերին կգնահատեն, թե ինչպիսին են արդյունքները, թե որքանով է կատարվել կամ չի կատարվել, ուղղակի ուզում են տպավորություն ստեղծել, որ պայքարի ինչ-որ գործընթաց կա: Սեպտեմբերին էլ կարող են հավաքվել եւ ոսկեղենիկ հայերենով ասել, որ տեսեք, մի երկու-երեք կետեր, թեկուզ, օրինակ, գյուղացիների օժանդակության առումով, կատարվել է եւ դրական առաջընթաց կա, հատկապես, որ վարչապետը գյուղացի է եւ ինքն էլ է հայտարարել գյուղացու կողքին կանգնելու իր մեծ շահագրգռվածության մասին:
-12 կետերի մեջ իշխանափոխության պահանջ չկա, ըստ ձեզ, այդ պահանջը պետք է ներառվա՞ծ լիներ:
-Շատ լուրջ հարցեր չկան. եւ՛ ապօրինի իշխանությունների վերջը դնելու պահանջ չկա, եւ՛ երկիրը ժողովրդավարական ուղի տեղափոխելու, մարդու իրավունքները չոտնահարելու: Չկա ոչ մի խոսք մեր երկիրը Մաքսային միության եւ Եվրասիական ճահիճ ընկղմելու մասին: Լուրջ խնդիրներ կան, որոնք չեն արծարծվել, փոխարենը՝ այնպիսի կետեր են ներառել, որոնք պառլամենտում ունեցած իրենց գործառույթների սահմաններում հանգիստ կարող էին արծարծել եւ հետապնդել:
-Օրինակ, տեսանկարահանող եւ լուսանկարող սարքերի, կարմիր գծերի գործող համակարգերի վերանայման կետը կարեւոր չէ՞:
-Արագաչափերի վերաբերյալ թող օրենսդրական նախաձեռնություն, հարցապնդում անեն, իրենց համապատասխան հրապարակումներում արծարծեն, դա ի՞նչ մի բան է, որ քառյակի 12 պահանջների մեջ են ընդգրկել:
-Եթե իշխանափոխության պահանջն էլ ներառեին, այն կիրականանա՞ր:
-Իշխանափոխության պահանջը թղթով չի արվում, դրան հասնում են զանգվածային միջոցառումներ իրականացնելով, իշխանությանը անհնազանդություն ու վերջնագիր ներկայացնելով եւ վերջնագրի հետեւում ժողովրդին կանգնեցնելով, իսկ մենք տեսնում ենք, որ նման փորձեր չեն արվում:
Զրուցեց՝ Անահիտ Սիմոնյանը