3Ա-Ն ԿՈՂՄՆՈՐՈՇՈՂ ՈՒԺ ԿԼԻՆԻ3Ա-Ն ԿՈՂՄՆՈՐՈՇՈՂ ՈՒԺ ԿԼԻՆԻ

Առցանց ազատականների ալյանսի ձեւավորումը նախաձեռնած ընդդիմադիր գործիչ Կարապետ Ռուբինյանը հույս ունի, որ 3Ա-ն 2012թ. ընտրությունների ժամանակ գոնե հասարակության համար կողմնորոշիչ դեր կունենա:  

«Հայաստանի քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի» հիմնադիր անդամ, ընդդիմադիր գործիչ Կարապետ Ռուբինյանը հունվարի 11-ին Facebook սոցիալական ցանցում հայտարարեց 3Ա-ի՝ Առցանց ազատականների ալյանս ձեւավորելու իր նախաձեռնության մասին, որի նպատակն է՝ փորձել համացանցի միջոցով միավորել Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի ազատականներին եւ «նրանց համատեղ առցանց գործունեությունը ծառայեցնել ի շահ մեր երկրի ու ժողովրդի»: Կ. Ռուբինյանը հույս ունի, որ 3Ա-ում ոչ միայն հնարավոր է քաղաքական գործունեության նոր ձեւեր կիրառել, այլեւ հայ հասարակության համար հիմնել ազատականության եւ ժողովրդավարության նոր ավանդույթներ, այն է՝ «գործունեության լիակատար թափանցիկություն, ֆինանսական լիակատար անկախություն, անդամների լիակատար հավասարություն, ներքին կառավարման խորը ժողովրդավարացում ու ղեկավար մարմինների հաճախակի, մրցակցային ընտրություններ»:

Նախատեսվում էր, որ մոտակա մեկ-երկու ամսում կձեւավորվի նախաձեռնող խումբ, որն առցանց համագումար կնախապատրաստի, որտեղ էլ 3Ա-ի ղեկավար մարմիններ կընտրվեն: Արդեն պատրաստ է նաեւ 3Ա-ի հռչակագիրը, որի նախնական տարբերակում ասված է «Մենք՝ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի ազատականներս, մեր Հայրենիքը ազատ, ապահով եւ բարեկեցիկ կյանքով ապրող հպարտ քաղաքացիների ժողովրդավարական երկիր դարձնելու ձգտումով, համախմբելով եւ համադրելով մեր ունակությունները եւ կարողությունները, միավորվել եւ ստեղծել ենք առցանց ազատականների ալյանսը: Մեր նպատակն է նախ՝ առցանց, ապա նաեւ իրական կյանքում ձեւավորել նոր, արդար հասարակական հարաբերություններ՝ անհատի ազատության ու հասարակական համաձայնության համադրումից ծնված օրենքի ու ավանդույթի ուժով, երաշխավորելով բոլորի իրավունքներն ու ազատությունները եւ զարգացման ուղի դուրս բերելով Հայաստանի ու Արցախի հանրապետությունները»:

Երեկ «Առավոտը» զրուցեց Կ. Ռուբինյանի հետ՝ պարզելու համար, թե ի՞նչ փուլում է գտնվում 3Ա-ի իր նախաձեռնությունը: «Ֆեյսբուքյան մեր խմբում արդեն ավելի քան 100 մասնակիցներ կան, համաձայնեցված է ու նոր տեսք է ստացել հռչակագիրը: Այդ ընթացքում ես զբաղված էի մի նոր նախաձեռնությամբ. խոսքը Համահայկական լրատվական պորտալի մասին է, որն արդեն գործում է: Հիմա պիտի փորձենք 3Ա-ի փաստաթղթերի համացանցային քննարկում կազմակերպել»,- ներկայացրեց Ռուբինյանը: Նրա մատուցմամբ, ինքը հետազոտություն չի իրականացրել եւ վիճակագրական տվյալներ չունի, թե ալյանսում ներգրավված ավելի քան 100 հոգու թվում քանի՞սն են հայաստանցիներ, արցախցիներ կամ սփյուռքահայեր, բայց հավաստիացրեց, որ նրանց մեջ կան Խաբարովսկից, Լոս Անջելեսից, Մոսկվայից, նաեւ Ղարաբաղից ընդգրկված մարդիկ: 3Ա-ի նախաձեռնության հեղինակի մատուցմամբ, ալյանսին միացել են նաեւ Հայ ազգային կոնգրեսի ու նաեւ Կոնգրեսից դուրս գործող կուսակցությունների ներկայացուցիչներ:

Խոսելով այս առցանց նախաձեռնության հայտարարած նպատակների իրացման ուղղությամբ տարվող գործունեության եւ ազատականներին գործնականում միավորելու արդյունավետության մասին՝ Ռուբինյանը նկատեց, թե՝ «համենայնդեպս, ամեն ինչ արվում է արդյունքի հասնելու համար»: «Իհարկե, այս պահի դրությամբ ես դժգոհ եմ թե՛ խմբի անդամների քանակից, թե՛ ներգրավվածների ակտիվությունից: Մեծ մասը թեեւ ներգրավվել է խմբում, բայց ակտիվություն չկա, դիտորդի կարգավիճակում է: Իսկ ես ուզում եմ, որ մարդիկ հանդես գան սեփական նախաձեռնություններով, լիդերության համար պայքար լինի, որ մոտակա առցանց համագումարում մրցակցային ընտրություններ լինեն»,- հայտարարեց Ռուբինյանը՝ դժվարանալով համագումարի հրավիրման կոնկրետ ժամկետ նշել: Նա միայն ասաց, թե համագումար հրավիրելը պայմանավորված է խմբում ներգրավվածների ակտիվությունից, նաեւ՝ քանակից:

Հայտնի է, որ տեղեկությունը հզոր զենք է, ու այսօր ողջ աշխարհում համացանցը նույնքան հզոր գործիք է դարձել ոչ միայն տեղեկատվական պատերազմների, այլեւ հեղափոխական շարժումների համատեքստում: Թերեւս պատահական չէ, որ համացանցի ընձեռած հնարավորությունները, մասնավորապես՝ տեղեկություններ ստանալու ու տարածելու առումով, փորձ է արվում սահմանափակել կամ վերահսկողության տակ առնվել հատկապես բռնապետական կամ կիսաավտորիտար երկրներում ու հատկապես հեղափոխությունների, իշխանափոխությունների ժամանակաշրջանում: Այդպես եղավ Հայաստանում «մարտիմեկյան» իրադարձություններից հետո, այդպես է այս օրերին, օրինակ՝ Եգիպտոսում: Կ. Ռուբինյանին հարցրինք՝ հնարավոր համարո՞ւմ է, որ երկրում բարեփոխումները, իշխանափոխությունը կամ հեղափոխությունը խմորվեն ու մեկնարկեն հենց համացանցից. «Սոցիալական ցանցը հեղափոխություն իրականացնելու տեսանկյունից հզոր հաղորդակցական գործիք է, եւ իսկապես այն կարելի է օգտագործել մարդկանց արագ տեղեկացնելու, արագ գործողություններ հայտարարելու եւ իրականացնելու առումով: Բայց այդ ամենի համատեքստում ես ավելի շատ կկարեւորեի համացանցի դերը հատկապես այն իմաստով, որ դրա շնորհիվ վերանում են նույնիսկ պետությունների միջեւ սահմանները, ու նույնիսկ ամենահետամնաց երկրում էլ երիտասարդներին մատչելի է դառնում ժողովրդավարական երկրներում կյանքի բոլոր ասպեկտները: Իսկ երբ դա մատչելի է, դա նաեւ քոնն է համարվում ու նաեւ մտածողություն է փոխում: Հենց այս համատեքստում մենք տեսնում ենք, որ մասնավորապես արաբական աշխարհում, որտեղ բողոքի ակցիաներ են լինում, երիտասարդությունը որակական փոփոխություն է կրել իր մեջ ու այլեւս չի ուզում բռնապետությունը հանդուրժել: Դա ես շատ դրական եմ համարում, եւ, կարծում եմ, համացանցը նույն ազդեցությունն ունի նաեւ հայաստանյան հասարակության վրա, եւ վաղ թե ուշ Հայաստանում էլ երիտասարդությունը թելադրող է դառնալու»:

Մեր հարցին, թե՝ 3Ա-ի առցանց նախաձեռնությունից պե՞տք է առաջիկայում սպասել կոչեր, ոչ վիրտուալ կյանքում ինչ-որ ակցիաներ կազմակերպելու նախաձեռնություններ, Ռուբինյանը պատասխանեց. «Ոչինչ պետք չէ բացառել»: Եվ այդուամենայնիվ, Հայաստանում 2012թ. ընտրությունների թեժ ժամանակահատվածում 3Ա-ն ի՞նչ վիճակում կլինի. «Հույս ունեմ, որ գոնե բարոյական ազդեցություն ունեցող քաղաքական ուժ կլինի, որը կփորձի իր գաղափարներով ընտրողների համար որոշակի կողմնորոշիչ լինել»:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ,

«ԱՌԱՎՈՏ»

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *