Երեւանի քաղաքապետարանը երեկ որոշում է կայացրել` մերժել հունիսի 18-ին, ժամը 20-22-ը, Ազատության հրապարակում նստացույց անցկացնելու մասին Քաղբանտարկյալների եւ հալածյալների կոմիտեի համակարգող Կարապետ Ռուբինյանի կողմից ներկայացված իրազեկումը:
Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչ Գ. Բաղդասարյանը մերժումը հիմնավորել է հետեւյալ կերպ. «Հաշվի առնելով Երեւանի քաղաքապետարանի մշակույթի եւ տուրիզմի վարչության 09.06.2010թ. հ13/3782 գրությունը եւ ղեկավարվելով «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով, այն է` նշված օրը, ժամին եւ նշված վայրում անցկացվելու է մեկ այլ միջոցառում, որը բացառում է տվյալ միջոցառման անցկացումը…»: Ռուբինյանը համոզված է, որ «այլ միջոցառում» արտահայտությունը վերաբերում է Ազատության հրապարակում վերջին օրերին տեղադրված հսկա ատրակցիոններին: Ներկայացնենք Ռուբինյանի հետ մեր հարցազրույցը.
– Պարոն Ռուբինյան, Երեւանի քաղաքապետարանը երեկ որոշում է կայացրել արգելել Քաղբանտարկյալների եւ հալածյալների կոմիտեի` հունիսի 18-ին, ժամը 20-22-ը, նստացույց անցկացնելը: Ձեզ բավարարո՞ւմ է միջոցառումն արգելելու քաղաքապետարանի հիմնավորումը:
– Իհարկե չի բավարարում, որովհետեւ ակնհայտ է, որ սա նույն հին խաղերն են, «խորամանկություն» էլ չեմ կարող ասել, որովհետեւ այնքան ակնհայտ լկտի խաղեր են, որոնց նպատակը միակն է` պատճառ սարքել եւ մերժել միջոցառումները: Ազատության հրապարակը երեւի բոլորը պատկերացնում են, չէ՞, մեծ, բաց տարածք, ոչ կանաչապատ, եւ էդ նույն մարդիկ, ովքեր նույն մեր երեխաներին զրկում են կանաչ տարածքներից, սրճարանների, այլ կառույցների տակ տրամադրում են կանաչ տարածքները` իրենց գրպանը փող լցնելու նպատակով, հանկարծ դարձել են այնքան երեխայասեր, որ էդ ողորկ ասֆալտը տրամադրել են երեխաներին, որ ոչ մի հիմար իր երեխային այդ կիզիչ արեւի տակ չի տանի, այդ կարուսելները չի նստեցնի: Ուրեմն, պարզ ճշմարտությունն այն է, որ էդ բոլորը արվում է, որ մեզ մերժելու հիմք ունենան: Նույնիսկ դա հաշվի առնելով` մենք ներկայացրել էինք իրազեկումը: Քննարկման ժամանակ ես նաեւ գնացի այն բանին, որ հարցրեցի` էդ ձեր այսպես կոչված «երեխաների միջոցառումը» քանիսի՞ն է ավարտվում, ասացին 9-ն անց կեսին, ասացի` լավ, համաձայն եմ, մենք մեր միջոցառման սկիզբը կտեղափոխենք 9-ն անց կեսին: Դա եւս մեկ շանս էր իրենց, որպեսզի նորմալ որոշում կայացնեն, դա էլ անտեսեցին եւ պատասխանից էլ չերեւաց, թե դա ոնց են անտեսում: Ուղղակի հանձնարարությունը դա է, որ ամեն գնով արգելեն Ազատության հրապարակ մուտքը:
– Իսկ Ձեզ տեղյակ պահեցի՞ն երբ են ավարտվելու այդ միջոցառումները:
– Սեպտեմբերին: Էդ ժամանակ էլ հավանաբար երեխաների գիտելիքի կիսամյակ կհայտարարեն Ազատության հրապարակում: Երեւի Հովիկ Աբրահամյանին կբերեն, որպեսզի աշակերտների համար դասընթացներ անցկացնի:
– Հնարավո՞ր է, որ անկախ քաղաքապետարանի այդ որոշումից անցկացնեք նստացույց:
– Չեմ բացառում, գիտե՞ք, էդպիսի բաներ արել ենք, բայց դա քաղաքական որոշման խնդիր է: Փաստ է, որ իշխանությունները ոչ մի հետեւություն չեն անում եւ շարունակում են սեփական ժողովրդի նկատմամբ հաղթանակներ տոնելու իրենց պնդաճակատ քաղաքականությունը: Սրա դեմն առնել պետք է, անշուշտ, բայց պետք է խելոք լինել:
– Այսինքն, դեռ հստակ որոշված չէ՞, կլինի նստացույց, թե` ոչ:
– Մենք, դե կհավաքվենք, քննարկումներ կանենք, կտեսնենք այդ արգելքը բողոքարկելու դատական ճանապարհով գնում ենք, թե չենք գնում, որովհետեւ օրենքի ակնհայտ խախտումներ կան: Կորոշենք` շարունակում ենք էդ ուղիով, թե գնում ենք, այնուամենայնիվ, մեր բողոքն արտահայտելու, եթե գնում ենք, ապա գնում ենք Ազատությա՞ն հրապարակ, թե այլ տեղ:
– Ե՞րբ եւ որտեղ եք քննարկելու:
– Մոտ օրերս: Քաղբանտարկյալների կոմիտեն պարբերաբար նիստեր է անում, առաջիկա նիստում կքննարկվի այդ հարցը:
– Մենք տեղյակ ենք, որ նախկին քաղբանտարկյալներից շատերը դժգոհ էին եւ չէին ցանկանում, որ նստացույց անցկացնելու խնդրանքով դիմեք քաղաքապետարան: Ճի՞շտ եք համարում ամեն դեպքում իրազեկելը:
– Գիտե՞ք ինչ, ես անձամբ եւ մի շարք այլ կոմիտեի անդամներ կողմնակից են, որ օրենքի ընձեռած բոլոր հնարավորություններն օգտագործվեն` ցանկացած պարագայում: Մեր խնդիրն այն չի, որ անընդհատ գնանք առճակատումների, հենց իշխանությունների նպատակն էլ դա է, որ մեզ անընդհատ մղեն առճակատումների: Մենք դրանից չենք խուսափելու, հարկ եղած դեպքում գնալու ենք առճակատումների: Բայց ամեն դեպքում պետք է մտածենք, դա արդյունավետ լինելո՞ւ է, թե չի լինելու, եւ պետք է ընտրենք ամենաարդյունավետ ճանապարհը:
– Ներկայումս ՀՀ բանտերում դեռեւս 15 քաղբանտարկյալներ են պահվում: Նրանց ազատության համար է՛լ ինչ միջոցառումներ են պլանավորվում առաջիկայում:
– Ընդհանրապես քաղբանտարկյալների վիճակը ամենօրյա խնդիր է, դա Կոնգրեսը բավականին հաջող տանում է, բողոքի ակցիաները դուք գիտեք, որ արդեն մեկ տարուց ավելի է շարունակվում են Գլխավոր դատախազության առջեւ, հիմա պլանավորել էինք Ազատության հրապարակում բողոքի ակցիա: Այդ կարգի բաներ պիտի քննարկենք, տեսնենք` ինչ կարող ենք անել:
– Այսինքն սպասվում է, որ ամռանը նույնպե՞ս ընդդիմությունը ակտիվ է լինելու:
– Համենայնդեպս, մենք ջանք չպիտի խնայենք դրա համար:
– Պարոն Ռուբինյան, հայտնի է, որ քաղբանտարկյալների ընտանիքները լուրջ ֆինանսական խնդիրներ ունեն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ դեպքերում քաղբանտարկյալները ընտանիքի միակ աշխատողն են եղել: Որքանո՞վ եք դուք եւ առհասարակ Հայ ազգային կոնգրեսը կարողանում աջակցել նրանց:
– Խնդիրը միայն դա չէ, դուք չհիշատակեցիք լուրջ առողջական խնդիրները, որոնք համարյա բոլորի մոտ ծագել են, չհիշատակեցիք իրավական օգնությունը, որ պարտադիր բոլորին տրվում է եւ, փառք Աստծո, Հայ ազգային կոնգրեսի ուժերը հերիքում են այդ աջակցությունը ապահովելու համար:
Սյուզաննա Պողոսյան – Հունիս 12, 2010