Իշխանությունը պետք է տեղի տա, և այդ պահը մոտենում է. Կարապետ Ռուբինյան

Երրորդ օրն անընդմեջ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) երևանյան համաժողովին զուգահեռ ակցիաներ են անցկացնում։
«Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի մոտ այսօր ցուցարարները պարզել էին «Ազատություն քաղբանտարկյալներին» գրությամբ պաստառներ, ոմանք կրում էին քաղբանտարկյալների նկարներով շապիկներ: Համաժողովի մասնակիցներից շատերը մոտենում էին ցուցարարներին, զրուցում նրանց հետ և նրանց հետ վանկարկում` «ազատություն»: Նրանցից մեկն արդեն երրորդ օրն է` կրում է ապրիլի 6-ին տեղի ունեցած ակցիայի ժամանակ ընդդիմադիր երիտասարդներից ձեռք բերած քաղբանտարկյալի գլխարկը:

Ակցիային մասնակցում էր նաև Քաղբանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչ Կարապետ Ռուբինյանը, որը Tert.am-ի հետ զրույցում ասաց. «Համաժողովի մասնակիցներն ասել են, որ մեր պայքարն արդար է, ֆիքսել, որ քաղբանտարկյալներ կան Հայաստանում: Ես դա շատ բարձր եմ գնահատում, որովհետև նաև անհոգի եվրոչինովնիկների հետ հարաբերությունների փորձ ունենք: Տվյալ դեպքում լրիվ այլ մակարդակի փոխըմբռնում ունեցանք, և սա շատ կարևոր է: Մյուս կողմից, այս երևույթն իշխանություններին հերթական անգամ սևերես արեց ամբողջ միջազգային հանրության առջև: Եվ ինչ-որ մի պահի երևի պիտի տեղի տան, մարդկային տրամաբանությունը դա է ասում… Այս պահը այդ պահն է, թե ոչ` ես դժվարանում եմ ասել, բայց որ մոտենում ենք դրան` ակնհայտ է»,- ասաց Կարապետ Ռուբինյանը:

Ըստ նրա` եթե ընդդիմադիրներն անտարբեր լինեին, և եթե ժողովուրդը դուրս չգար փողոց ու բողոքի ցույցեր չանցկացներ, FIDH-ի արձագանքը հայաստանյան իրողությունների առնչությամբ շատ ավելի մեղմ կլիներ:

Tert.am

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *