Այդ մարդիկ հիմնական խնդիրը կամ չեն տեսել, կամ` չտեսնելու են տվել

Քրիստինե Խանումյան

“Ժամանակ”, 12/03/2010

Անբարոյականություն է, երբ խնդիրները ստորադասվում են ինչ-ինչ քաղաքական շահերի

Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչները շարունակում են իրենց տեսակետները ներկայացնել հետմարտիմեկյան դատավարությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցի կապակցությամբ:

ԱԺ նախկին փոխխոսնակ, ներկայում «Քաղբանտարկյալների եւ քաղհալածյալների աջակցության» կոմիտեի համակարգող Կարապետ Ռուբինյանը այդ զեկույցը գնահատեց որպես «փաստերի արձանագրում, որտեղից, ցավոք սրտի, համապատասխան եզրակացություններ արված չեն»:

«Ես հասկանում եմ, իհարկե, որ իրենք իրենց ստանդարտներն ունեն, խնդիրները հետազոտելու ձեւը, բայց իրենք պիտի նաեւ հասկանային մեզ, քանի որ ըստ իրենց հաշվետվության, բավականին քրտնաջան աշխատանք են կատարել: Իրավիճակի այդ հասկացողությունը ես չտեսա: Կամ էլ ուղղակի ցանկություն չեն ունեցել` ձեւական ֆորմատից դուրս գալու: Այնպիսի տպավորություն ստացա, որ այդ մարդիկ հիմնական խնդիրը կամ չեն տեսել, կամ չտեսնելու են տվել: Իրենք այնպես են ներկայացրել խնդիրները, որ կան թերություններ, որոնք դատավորների համար երեւի համապատասխան թրեյնինգներ կամ սեմինարներ, դասընթացներ անցկացնելու դեպքում հնարավոր է վերացնել: Միեւնույն ժամանակ, նրանք չեն տեսել այն խայտառակությունը, որ կատարվեց այդ նույն ժամանակաշրջանում մեր դատարաններում: Դատարանները ուղղակի հարճի կարգավիճակով ծառայեցրեցին բռնապետության շահերին` որպես հալածանքների բութ, անգրագետ գործիք: Այ սա է, որ ես այդ զեկույցում չտեսա», – նշեց Ռուբինյանը: Իրավիճակը ավելի պատկերավոր հասկանալու համար, ԱԺ նախկին փոխխոսնակը առաջարկեց հետեւյալ զուգահեռն անցկացնել. «Դա նույնն է, եթե այդ նույն ժՀՄԻԳ-ին ուղարկեին անցյալ` Օսվենցիմի պայմանները հետազոտելու համար, եւ նրանք եզրակացություն անեին, որ սանիտարական վիճակը վատ է` չնկատելով, թե գազային խցերում ինչ է կատարվում: «Նման տպավորություն ստացա ԺՀՄԻԳ-ի հայաստանյան զեկույցից, որ իրենք այդ գազային խուցը չնկատելով` խոսում են ինչ-որ անմեղության կանխավարկածների մասին, թե ինչքանով էին հիմնավորված կալանքի սանկցիաները եւ այլն: Այդ ամեն ինչը ճիշտ են գրել, եւ որպես գործիք օգտագործելու համար` լավ գործիք է, բայց եւ իմ դժգոհությունը գալիս է նրանից, որ նրանք կամ չեն նկատել, կամ ավելի հակված եմ նրան, որ չնկատելու են տվել հիմնական պրոբլեմը, այն է` Հայաստանում իշխանության են եկել հանցագործներ, եւ եկել են հանցագործ ճանապարհով: Այդ հանցագործությունների մի ահռելի մասն էլ այն է, որ իրենք զանգվածային հալածանքներ են իրականացրել խաղաղ բնակչության նկատմամբ, եւ այդ հալածանքների հիմնական գործիքներից մեկն էլ եղել է ամբողջ դատական համակարգը: Եվ այդ դատական համակարգը բարեփոխել թրեյնինգների, դասընթացների միջոցով հնարավոր չէ: Պետք է կտրուկ փոփոխություններ լինեն Հայաստանի իշխանական համակարգում: Միայն այդ դեպքում հույս կա, որ կառաջանա քաղաքական կամք` անկախ դատական համակարգ ստեղծելու համար: Իսկ այն հանցագործ կատարողները, որոնք դեռ սպասում են իրենց դատավճռին, ոչ մի դեպքում չեն լինի այդ դատական համակարգում, ես համոզված եմ», – հայտարարեց Կարապետ Ռուբինյանը:

ԱԺ նախկին փոխխոսնակի խոսքով` այդ համատեքստում իրեն ուղղակի զարմացրել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն` դեսպան Լենարչիչի այն հայտարարությունը, որտեղ վերջինս հույս էր հայտնել, թե «այդ զեկույցն էլ ավելի կնպաստի այն բարեփոխումներին, որոնց հակված են Հայաստանի իշխանությունները»: «Ակնհայտ տափակաբանություն: Դա նշանակում է, որ կամ այդ մարդը չի հասկանում, թե ՀՀ իշխանությունները որ ուղղությամբ են տանում երկիրը, կամ պարզապես շահագրգռված չէ իր ասածը հասկանալ: Ուրիշ բան չեմ կարող ասել», – նշեց Ռուբինյանը: Պարոն Ռուբինյանի խոսքով` այդ զեկույցը հազիվ թե ազդի իշխանությունների դիրքորոշումների եւ գործելաոճի վրա, իսկ ընդդիմության համար էլ` այն «ուղղակի փաստական ինչ-որ նյութ է, որը կարելի է օգտագործել»: Հարցին, թե արդյո՞ք այս խնդիրներում չկա հենց նույն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մեղավորության բաժինը, որը նախագահական ընտրություններից հետո մի քանի տարաբովանդակ գնահատականներ տվեց դրանց, Կարապետ Ռուբինյանն արձագանքեց. «ԺՀՄԻԳ-ը, անշուշտ, բարոյական մեղսակցություն ունի»: «Որովհետեւ այդ հապշտապ` եվրոպական չափանիշներին համապատասխանելու վերաբերյալ առաջին գնահատականը ահագին արջի ծառայություն մատուցեց իշխանություններին եւ ոգեւորեց նրանց: Այն, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ամեն հաջորդ զեկույցը շատ ավելի օբյեկտիվ գնահատականներ էր տալիս` ինչ-որ չափով մեղմել են դա, բայց դա իրենց չի ազատում բարոյական պատասխանատվությունից` հենց այդ առաջին զեկույցի համար: Երեւի դրանից դրդված էլ իրենք որոշեցին նաեւ մոնիտորինգի ենթարկել դատավարությունները», – նշեց Կարապետ Ռուբինյանը: Իսկ թե ի՞նչը կարող էր ստիպել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին այդ զեկույցում չնկատելու տալ Հայաստանի իրական խնդիրները` հարցին Կարապետ Ռուբինյանը հակադարձեց այսպես. «Իսկ ի՞նչը կարող էր ստիպել ԵԽ-ին ընդհանրապես, որ վերջին ժամանակներս շատ մեղմ վերաբերվի Հայաստանին, պատժամիջոցներ չկիրառի: Ի՞նչը կարող էր ստիպել պարոն Համարբերգին, որ քաղբանտարկյալների առկայության, մարդու իրավունքների ամենօրյա ոտնահարման պարագայում վաղուց ոտքը Հայաստանում չի դրել: Այդ մասին խոսում է հասարակությունը, մենք նամակներ ենք գրում այդ պաշտոնյաներին, կազմակերպություններին եւ նշել ենք, որ անբարոյականություն է, երբ որ այս խնդիրները ստորադասվում են ինչ-ինչ քաղաքական շահերի. թեկուզ եւ շատ գերակա»:

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *