Այսօր քաղբանտարկյալների խնդիրներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձ է եղել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին։
«Քաղբանտարկյալների ազատ արձակման գործում մենք ձեզ ընկալում ենք որպես գործընկերներ, բայց իշխանություններն էլ ձեզ ընկալում են որպես մեզ հանցակից»,– հայտարարել է ՀՀ քաղբանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչ Կարապետ Ռուբինյանը՝ դիմելով լրագրողներին։
Վերջինս պատմել է, թե ինչպիսի տանջանքներից հետո ազատ արձակեցին «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին՝ որակելով նրա նկատմամբ կիրառվածը որպես անմարդկային դրսևորում, որը «տեղի ունեցավ բոլորիս աչքի առջև»։
Խոսելով նաև համաներման թերիության մասին՝ Կարապետ Ռուբինյանը այն անվանեց խեղկատակություն։
«Եթե ընտրել են այդ խեղկատակության ուղին, ապա ես կոչ եմ անում Հանրային խորհրդին. մենք ունենք քաղբանտարկյալների 21 հոգանոց բանակ, թող նորից դիմեն Սերժ Սարգսյանին և ասեն նրան, որ իր արած գործը կիսատ է, թող շարունակի»,– հայտարարեց Կարապետ Ռուբինյանը։
Քաղբանտարկյալների կոմիտեի մեկ այլ ներկայացուցիչ՝ Վարդգես Գասպարին տեղեկացրեց ՔԿՀ–ներում տեղի ունեցող ճնշումների և բռնությունների մասին։ Նրա խոսքով՝ ավազակապետություն ասվածը ինքը լավ հասկացավ կալանավայրում, քանի որ ավազակապետության հանցագործ գործակալները բանտերում փորձում են ճնշել քաղբանտարկյալներին, որ նրանք հետ կանգնեն իրենց գաղափարներից։
Գասպարիի խոսքով՝ նորեկ կալանավորը, մտնելով այդ մսաղացի մեջ, դառնում է կատարյալ հանցագործ։ Վերջինս նաև նշեց, որ ճնշումներ սովորական կալանավորների նակտմամբ ևս իրականացվում են։
«Գործող իշխանությունը ձևացնում է, թե տեղյակ չէ կալանավյարերում տեղի ունեցող բռնություններից, սական իմ կարծիքով իշխանությունները քրեական հանցագործների հետ հաշվեհարդար են իրականացնում քաղբանտարկյալների նկատմամբ»,– հավելեց Վարդգես Գասպարին։
Tert.am
11.08.2009