«Ոչ թե կիսաավտորիտար` այլ զինվորաոստիկանական երկիր»

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը երեքշաբթի օրը Պրահայում հրապարակել է իր տարեկան զեկույցը, որում Հայաստանը կրկին դասվել է կիսաավտորիտար երկրների շարքում:

«Մութ տարի ժողովրդավարության համար»` Freedom House-ը իր զեկույցում այսպես է բնութագրում 2008 թվականը հետխորհրդային տարածքի երկրների համար:

«Անցումային փուլի երկրները» անվանմամբ զեկույցն ընդգրկում է 29 երկիր, այդ թվում եւ նորանկախ Կոսովոն, եւ արձանագրում, որ այդ երկրների երկու երրորդը 2008 թվականին հետընթաց են ապրել ժողովրդավարության բնագավառում:

Տարածաշրջանում տագնապալի իրավիճակը սրում են խիստ խնդրահարույց ընտրությունները թե Ռուսաստանում, թե Վրաստանում, թե Ադրբեջանում ու Հայաստանում: Զեկույցում Հայաստանի վերաբերյալ ասվում է, որ նախագահական ընտրությունները մթագնվել են հետընտրական բռնություններով, որոնց հետեւանքով մարդկային զոհեր կան:

Գնահատումը կատարվել է 7-միավորանոց համակարգով: Համապատասխանաբար` 1 միավորը ամենալավ արդյունքն է, 7-ը` ամենից վատը:

Այն երկրները, որոնք անցնում են 6 միավորի շեմը, համարվում են ամբողջովին ավտորիտար ռեժիմի երկրներ: Այս տարի այդպիսի երկրների թիվն աճել է` 6-ից դառնալով 8: Այդ ցուցակում առաջին անգամ ընդգրկվել են Ռուսաստանն ու Ղրղզստանը: Մնացած 6 ավտորիտար երկրներն են Ադրբեջանը, որտեղ այս տարի ժողովրդավարության ամենանշանակալի անկումն է գրանցվել, Թուրքմենստանը, Բելառուսը, Տաջիկստանը, Ուզբեկստանը եւ Ղազախստանը:

Ամենաբարձր միավորը, հետեւաբար եւ ժողովրդավարության առումով ամենից ծանր վիճակը Թուրքմենստանում է, որը վատթարագույն ցուցանիշ համարվող 7 միավորից ստացել է 6, 93-ը: Ամբողջովին ավտորիտար ռեժիմով բնութագրվող այս երկրներից հետո ամենավատ ցուցանիշը Հայաստանն ունի` 5, 39 միավոր, եւ զեկույցում կիսաավտորիտար երկրների շարքում է:

Զեկույցի խմբագիր Լիզա Մութսը պարզաբանել է այս առիթով. «Հայաստանը կիսաավտորիտար երկիր է, եւ այս արդյունքը անցյալ տարվա համեմատությամբ չի փոխվել, այս խմբում են Հայաստանը, Կոսովոն եւ Մոլդովան: Կիսաավտորիտար ռեժիմով են բնութագրվում այն երկրները, որոնք փորձում են քողարկել ավտորիտարիզմը ժողովրդավարության հանդեպ սահմանափակ հարգանքով: Իսկ ընտրական գործընթացն այս երկրներում նույնիսկ նվազագույն չափով չի համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին»:

Չնայած դրան, ընտրությունները դիտարկող միջազգային կազմակերպությունների գնահատականները հայաստանյան ընտրությունների վերաբերյալ կոշտ չեն եղել, ինչը եւս չի վրիպել զեկույցի հեղինակների աչքից. «Միջազգային դիտորդների կողմից արված մի շարք հետընտրական հայտարարությունները կասկածելի են կամ նույնիսկ մոլորեցնող», – ասված է զեկույցում:

Իսկ Freedom House-ի եվրոպական գրասենյակի տնօրեն Վլադիմիր Շկոլնիկովը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, անդրադարձել է այս խնդրին. «Հայաստանը հրաշալի օրինակ է… Եթե միջազգային դիտորդները նախագահական ընտրություններից հետո, ընտրախախտումների վերաբերյալ ստացված բազմաթիվ փաստերի, ընդդիմության ու իշխանության բախումների եւ Մարտի 1-ի ֆոնին հայտարարում են, որ հայաստանյան ընտրությունները համապատասխանում են Եվրոպայի խորհրդի հիմնական չափանիշներին, ուրեմն` մի բան սխալ է»:

Ինչպես հայտնի է Հայաստանը համարվում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը, մյուս կողմից` հայաստանյան գործող իշխանությունները առաջնորդվում են` «որքան հզոր լինի Ռուսաստանը` այնքան լավ Հայաստանի համար» սկզբունքով: Արդյո՞ք իշխանությունների ընտրած ուղենիշը Հայաստանը տանելու է դեպի լիակատար ավտորիտարիզմ: Երեկ Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար Միքայել Դանիելյանին նախ խնդրեցինք գնահատել Freedom House-ի զեկույցում Հայաստանի զբաղեցրած հորիզոնականի փաստը. «Մենք շարժվում ենք դեպի վերջնական ավտորիտարիզմ, ինչպես պատահում է ոստիկանական պետությունների հետ: Հայաստանի իշխանությունները չեն համագործակցում նորմալ, լիբերալ պետությունների հետ, այլ նախընտրում են այնպիսիք, ինչպիսին է օրինակ Ռուսաստանը»: Մ.Դանիելյանը կարծում է, որ Freedom House-ը մեղմ է գնահատել Հայաստանը. «Հայաստանը վաղուց է արդեն դարձել զինվորաոստիկանական պետություն, քանի որ Հայաստանում բանակը եւ ոստիկանությունը մասնակցում են ժողովրդավարության ամենակարեւոր ինստիտուտին` ընտրություններին եւ նրանք են, ըստ էության, որոշում ընտրությունների ելքը, եթե անգամ չեն որոշում, ապա օգնում են այդ ելքին, իսկ բոլոր զինվորաոստիկանական պետությունների վերջը ավտորիտարիզմն է»: Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ` «համահունչ առաջ ընթանալուն», ապա Մ.Դանիելյանն այս առիթով նկատեց, որ անգամ Բելառուսն է վերջին շրջանում փորձում Ռուսաստանից իրեն հեռու պահել. «Անգամ Լուկաշենկոն է փորձում ավելի լիբերալ դառնալ, քան մեր Սերժ Սարգսյանը»:

Հայաստանի «Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի» անդամ Կարապետ Ռուբինյանը երեկ նախ նկատեց, որ Ռուսաստանը մեզ համար երբեք էլ ուղենիշ չի եղել. «Մեզ համար ասելով` ես նկատի ունեմ Հայաստանի առաջադիմական ուժերը, եւ մեզ համար պետք չէր, որ Freedom House-ը գնահատական տար, որպեսզի մենք իմանայինք, թե Ռուսաստանը ինչպիսի երկիր է: Իսկ ուղենիշ եղել է Ռոբիկների եւ Սերժիկների համար: Առավել եւս հիմա պարզվեց, որ ոչ թե Ռուսաստանն է, այլ Ռուսաստանի օլիգարխների մոտ ազատորեն աշխատելն է եղել «ուղենիշը» այս մարդկանց համար: Մասնավորապես Քոչարյանը, երբ օրերս նշանակվեց «Սիստեմայի» տնօրեն` դա ազգային խայտառակություն կարելի է համարել: Երեւի Սերժ Սարգսյանն էլ նման ուղենիշ ունի: Իսկ մեր ջանքերը ուղղված են նրան, որպեսզի այդպիսի մարդուկների ուղենիշը երբեք չդառնա մեր հասարակության ուղենիշը»: Ինչ վերաբերում է Freedom House-ի կողմից Հայաստանը` կիսաավտորիտար պետությունների շարքում դասելուն, ապա Կարապետ Ռուբինյանը նշեց. «Իմ կարծիքով` օբյեկտիվ, ոչ շատ խիստ գնահատական է, իմ գնահատականը մասնավորապես շատ ավելի խիստ կլիներ, բայց իրականությանը համապատասխանում է, որովհետեւ ժողովրդավարության ինչ-որ ձեւական նշույլներ դեռ պահպանվում են մեր երկրում»:

“Ժամանակ”

02.07.2009թ.

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *