ՇԱՌԱՉՈՒՆ ԱՊՏԱԿ

Իրավապահ մարմինները երեկ լուրջ անակնկալի եկան, երբ Նիկոլ Փաշինյանը ինքնակամ ներկայացավ Հատուկ քննչական ծառայություն:

Ակնհայտորեն, նրանք Փաշինյանին երեկ չէին սպասում: Հիշեցնենք, որ անգամ Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո, որ ինքը նախընտրում է բանտը եւ առաջիկա 1 ամսվա ընթացքում կներկայանա իրավապահներին, նրա հանդեպ հետախուզումը ոչ միայն չէր դադարեցվել, այլ ավելին, ԱԱԾ-ն բազմապատկել  էր ուժերը` Փաշինյանին հայտնաբերելու համար, եւ ակնհայտորեն փորձում էր ամեն ինչ անել, որ մինչ ներկայանալը հայտնաբերի նրան: Ու երեկ, այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն անձամբ ներկայացավ ՀՀ Գլխավոր դատախազության շենքում գտնվող Հատուկ քննչական ծառայություն, որտեղից նրան տարան ոստիկանության Կենտրոնի բաժին, Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը լրատվամիջոցներին ասել էր, թե Փաշինյանը բերման է ենթարկվել ոստիկանություն, ինքնակամ չի ներկայացել իրավապահներին: Այս կապակցությամբ երեկ նախկին քաղբանտարկյալ, “Այլընտրանքի” ներկայացուցիչ Դավիթ Մաթեւոսյանն ասաց. “Նիկոլի այս որակով հայտնվելը Դատախազության, Հատուկ քննչական ծառայության, Ազգային անվտանգության ծառայության եւ Ոստիկանության ամոթն է: Այսինքն` Նիկոլը մեն-մենակ ապացուցեց, որ այս ամբողջ համակարգերը օրենքից դուրս, քրեական ռեժիմի համար որպես գործիք են ծառայում, գրագիտության, տրամաբանության, օրենքների իմացությամբ օժտված չեն: Բնականաբար, դատախազությունը փորձելու էր քողարկել նրա ինքնակամ ներկայանալը: Բայց որովհետեւ գործ ունեն Փաշինյան Նիկոլի հետ, ակնհայտորեն` Նիկոլը չէր ստորագրի մի փաստաթղթի տակ, որը իրականությանը չէր համապատասխանում: Ընդհակառակը, Նիկոլը կպարտադրի եւ կստորագրի մի փաստաթղթի տակ, որը համապատասխանում է իրականությանը: Դա ինքնակամ ներկայանալու մասին արձանագրությունն է”: Մեր այն հարցին, թե իր կարծիքով, հիմա իրավապահներն ինչպե՞ս կվարվեն Փաշինյանի հետ, եւ ինչ կարող է փոխել նրա վերադարձը, Դավիթ Մաթեւոսյանը պատասխանեց. “Հիմա այս ռեժիմը օժտված չէ բանականությամբ, տրամաբանությամբ, խելքով, այլ օժտված է նենգությամբ: Նայած նենգությունը որ աստիճանի է: Բայց ես կարող եմ ասել, որ Նիկոլի ներկայությունը Հայաստանում բավական լուրջ իմպուլս է սահմանադրական կարգը երկրում վերականգնելու համար: Թերեւս` ազատության մեջ գտնվելով` ավելի քիչ, քան անազատության պայմաններում”: Իսկ Քաղբանտարկյալների աջակցության կոմիտեի համակարգող, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը երեկ տեղի ունեցածի կապակցությամբ ասաց. “Նիկոլը այս ամիսների ընթացքում ցույց տվեց, որ Հայաստանի իրավապահ մարմինները չեն կարողանում աշխատել, ու իր ինքնակամ վերադարձով նա, փաստորեն, ցույց տվեց նրանց թուլության վերջին աստիճանը: Եւ նրանք, եթե փորձում էին ձեւակերպել, որ ինքնակամ չի եկել, փորձում էին իրենց համար գտնել ինքնաարդարացում, իբր` մենք այնքան լավն ենք, որ մենք ենք գտել: Բայց եկել էր, իհարկե, Նիկոլը. կարծում եմ` ճիշտ քայլի է դիմել, որովհետեւ նոր ստեղծված իրավիճակ է Հայաստանում: Մարտի 1-ից հետո փաստորեն այս համաներման տարբերակով մենք անցնում ենք 2-րդ փուլ: Իրավապահներն, իհարկե, պարտավոր էին հետախուզումը նրա նկատմամբ դադարեցնել, ինչը չարեցին: Հիմա, փաստորեն, Նիկոլը դառնալու է փորձաքար` ինքնակամ գնալով այս զոհողությանը: Նաեւ Նիկոլով կերեւա, թե ինչ է լինելու մնացած 4 հետախուզվողների հետ: Ես կրկնում եմ. ԵԽԽՎ-ի եւ ՀՀ հասարակության պնդմամբ եւ ստիպմամբ ընդունված համաներումը նոր իրավիճակ է ստեղծել: Մենք ունեինք մի իրավիճակ` նախընտրական փուլ, ընտրական փուլ, հետո` հետընտրական, հաջորդ իրավիճակը Մարտի 1-ն էր, որը կարմիր գծով մեր պատմության միջով անցավ, ու որից հետո այս ակցիայով, Նիկոլի գալով սկսվում է հաջորդ փուլը` ինչի՞ են պատրաստ մեր իշխանությունները, ի՞նչ կարող են անել: Հասարակությունը, մարդիկ, քաղաքական գործիչները, բոլորը ամեն ինչ ասել են, եւ Նիկոլը, փաստորեն, կամավոր հանդիսացավ այն փորձաքարը, որի վրա փորձը դրվում է”: Մեկ այլ նախկին քաղբանտարկյալ` ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը, երեկ հայտարարեց, թե իրավապահների հոգեվարք հիշեցնող գործողություններն իրեն չեն հետաքրքրում: “Կարեւորը Նիկոլի արարքն է, որը ես գնահատում եմ փայլուն, որպես հասուն քաղաքական գործչի քայլ: Նա, փաստորեն, եւս մեկ շառաչուն ապտակ հասցրեց ավազակապետությանը եւ դասական քաղաքական պայքարի առումով էլ արեց մի քայլ, որով միայն կարելի է հպարտանալ եւ ուրախանալ: Դուք գիտեք, որ դասական քաղաքացիական անհնազանդության զինանոցում կա` լցնենք բանտերը մեզանով. սա հզոր պայքարի ձեւերից մեկն է, եւ Նիկոլը, հուրախություն ինձ, օգտվեց այդ զինանոցից”: Մեր այն հարցին, թե ինչ կարող է փոխվել պայքարի մեջ Նիկոլի գալով, Ռուբինյանը պատասխանեց. “Ես գիտեմ միայն մի բան, որ բռնապետությունը տապալվում է, երբ հասարակության մեջ ամեն մեկը զգում է պայքարի կարիքը եւ իր` թեկուզ ամենափոքր քայլով խարխլում է բռնապետությունը: Մեր` ամեն մեկիս թեկուզ կենցաղում, թեկուզ կոլեկտիվում ըմբոստացումը բերում է բռնապետության խարխլմանը: Իսկ Նիկոլի քայլը ամենափոքրիկը չէ, հավատացեք, բավական հզոր քայլ է”: Երեկ զրուցեցինք նաեւ հանրապետական պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանի հետ: “Կարող է միանգամից ազատվի, կարող է պատահի… Համենայնդեպս, հօգուտ իրեն է այդ քայլը: Ես շատ լավ եմ վերաբերվում, եթե այդքան տղամարդկություն է արել, ներկայացել է, ինձ թվում է` իրավապահները վերաբերմունքը ցույց կտան”,- ասաց հանրապետական պատգամավորը: Նա հայտարարեց նաեւ, թե իրավապահներն իրավունք չունեին չարձանագրել, որ Փաշինյանն ինքնակամ է ներկայացել: “Այդպիսի իրավունք չունեն, որովհետեւ եթե նա ներկայացավ, ուրեմն` այստեղ է եղել, եթե այստեղ է եղել, եւ նրանք անզոր են եղել, չեն կարողացել գտնել, ուրեմն` կաշխատեն ցույց տալ, որ իրենք են հայտնաբերել: Բայց ամեն տեղ պետք է ասվի, գրվի, որ նա կամովին ներկայացել է”,- ասաց Ռաֆիկ Պետրոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ

“Հայկական ժամանակ”

02.07.2009

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *