ՄԵՐ ՊԱՅՔԱՐԸ ԵՎՐՈՅՈՆՋԱՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ

«ՀՀ քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի» համակարգող, նախկին քաղկալանավոր Կարապետ Ռուբինյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում «ցավալի երեւույթ» որակեց ԵԽԽՎ-ում թիվ 1643 բանաձեւի ընդունումը, որը, նրա ձեւակերպմամբ՝ «տգեղ արարողակարգի արդյունք է եւ Հայաստանին ոչ մի լավ բան չի խոստանում»: Ինչ վերաբերում է ընդդիմության եւ հասարակության առաջիկա անելիքներին, ապա, Ռուբինյանի դիտարկմամբ, նրանք պիտի շարունակեն անել այն, ինչ արել են մինչեւ հիմա. «Համենայնդեպս, քաղբանտարկյալների պաշտպանության մեր կոմիտեն ստեղծվել է ոչ այն բանից հետո, երբ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը արտաբերեց քաղբանտարկյալ բառը, այլ դրանից շատ առաջ, եւ չի դադարելու գործել, երբ այդ բառը բանաձեւում տեղ չգտավ: Ընդհանուր առմամբ էլ, մեր պայքարը հանուն Հայաստանի ժողովրդավարացման է եւ որեւէ կապ չունի եվրոյոնջաների հետ»:

«ՀՀ քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի» համակարգող, նախկին քաղկալանավոր Կարապետ Ռուբինյանի համոզմամբ՝ ակնհայտ է, որ ԵԽԽՎ բանաձեւը գործարքի արդյունք է: «Կոլոմբիեն եւ Պրեսկոտը եկան՝ գող կատվի պես, ընդդիմության հետ ընդհանրապես չհանդիպեցին, ինչն արդեն կասկածելի էր, իսկ հետագան ցույց տվեց, որ նրանք Հայաստանում սովորական բազար են արել: Իշխանությունները խոստացել են, որ իրենց դեմքը փրկելու համար ոչ թե քաղբանտարկյալներին բաց կթողնեն, այլ օրենսդրության մեջ փոփոխություն կանեն եւ դրա արդյունքում բաց կթողնեն: Նրանք էլ՝ եվրոյոնջաները, մտածել են, որ կարեւորն արդյունքն է. երկու ամսից այդ մարդիկ ազատության մեջ կլինեն, եկեք սրա վրա պայմանավորվենք, վերջացնենք ու էլ պատժամիջոցներ չկիրառենք: Բայց այստեղ երկու խոշոր «բայց» կա. այդ գործարքը ոչնչով չի նպաստում ՀՀ ժողովրդավարացմանը եւ, բնականաբար, այդ գործարքից չի հետեւում, որ մեր երկրում կլինեն բարեփոխումներ: Երկրորդ, ԵԽԽՎ-ում մոռացել են, որ բազմաթիվ շինծու գործերով կան դատապարտյալներ, որոնք այդ երկու՝ բարեփոխման ենթակա հոդվածներով չէ, որ դատապարտված են: Այսինքն՝ այդ գործարքի արդյունքում մեր երկրում էլի մնալու են քաղբանտարկյալներ»,- նկատեց Կ. Ռուբինյանը:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
“ԱՌԱՎՈՏ”

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *