«Վերսկսել միշտ էլ կարող ենք»

Հարցազրույց «ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների կոմիտեի» նախագահ, ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի հետ:

-Պարոն Ռուբինյան, հոկտեմբերի 17-ից սկսած Հայ ազգային կոնգրեսի հայտարարած հանրահավաքների երկամսյա դադարը այս ընթացքում շատերի տարակուսանքն է հարուցել, եւ հնչում են հակընդդեմ տեսակետներ հենց նույն Հայ ազգային կոնգրեսի շրջանակներում: Մասնավորապես՝ ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանն անընդհատ հայտարարում է, որ դա սխալ որոշում է, եւ պետք է վերսկսել հանրահավաքները:
-Կարծում եմ, որ հանրահավաքները դադարեցնել պետք չէր եւ վերսկսել միշտ էլ կարող ենք: Համենայնդեպս՝ ես չէի տեսնում եւ հիմա էլ չեմ տեսնում այն վտանգները, որոնք մեզ պետք է ստիպեին դադարեցնել մեր պայքարը:
-Այսինքն՝ «Մոսկովյան» հռչակագրի ստորագրումը ցույց տվեց, որ չկայի՞ն այն վտանգները, որոնց պատճառով ընդդիմությունը ժամանակավորապես դադարեցրեց իր պայքարը:
-Ոչ: Հենց «Մոսկովյան» հռչակագրի ստորագրման փուլում կային վտանգներ, բայց ես չէի տեսնում, թե պայքարը դադարեցնելու դեպքում մենք ինչով ենք օգնելու այդ վտանգները վնասազերծելուն:
-Հանրահավաքային պերմանենտ պայքարի կողմնակիցները փաստարկում են, որ այդ կերպ հնարավոր կլինի ճնշում գործադրել ՀՀ իշխանությունների վրա արտաքին քաղաքականության ոլորտում:
-Ես կարծում եմ, որ մենք իրավունք չունենք դադարեցնելու պայքարը եւ թույլ տալու, որ Սերժ Սարգսյանը հանգիստ ներկայացնի Հայաստանը, մեր երկրի շահերը միջազգային թատերաբեմում: Նա ընտրված նախագահ չէ եւ չպետք է թույլ տալ դա անելու:
-Մամուլում տեսակետներ են արտահայտվել նաեւ այն մասին, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Համաժողովրդական շարժման գերխնդիրը երկրում օրինականության, մարդու իրավունքների, ժողովրդավարական արժեքների վերականգնումն է, եւ տարակուսելի է, որ ընդդիմությունն իր պայքարի դադարեցումը կապում է արտաքին քաղաքական ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների հետ:
-Չարժե անընդհատ խոսել Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակետների կամ զգացմունքների մասին: Ավելի լավ է յուրաքանչյուրս, որպես ՀՀ քաղաքացի, խոսենք մեր մտադրությունների մասին: Օրինակ, ես իմ կյանքը ապականված եմ զգում 75 քաղբանտարկյալների առկայության պայմաններում: Ես չեմ կարողանում այս երկրում հանգիստ շնչել, հանգիստ ապրել: Հիմա թու՞յլ տանք, որ մեր կյանքը ապականեն 100-ավոր մարդկանց հալածանքների, բռնությունների գնով, ինչ է թե՝ մեկ-երկու մարդ պետք է թանկարժեք կոստյումներով ֆռֆռան եվրոպաներում եւ ներկայացնեն մեր երկիրը: Համակերպվե՞նք դրան: Եթե որոշել ենք համակերպվել, ուրեմն ոչ մի նշանակություն չունի, թե Տեր-Պետրոսյանն ինչ է ասում: Եթե որոշել ենք, որ չենք համակերպվելու, արժանապատիվ մարդիկ ենք, ուրեմն պետք է պայքարենք:
-Օրերս «Միացում» ազգային նախաձեռնությունը, որի անդամները ընդդիմադիր գործիչներ են, տարածել են մի հայտարարություն, որում, ի մասնավորի, նշել են. «Հաշվի առնելով բանակցային գործընթացի ողջ պատմությունը՝ ակներեւաբար հասկանալի է, որ, «միջազգային նորմերի ու սկզբունքների» անվան ներքո ընկալվում է ոչ միայն ազգերի ինքնորոշման, այլեւ, այսպես կոչված, «տարածքային ամբողջականության» եւ «սահմանների անձեռնմխելիության» նորմերը, որոնք 1991-2008թ.թ. հայոց դիվանագիտության կրավորական եւ անսկզբունք կեցվածքի պատճառով մեկնաբանվել եւ արձանագրվել են բացառապես հօգուտ Ադրբեջանի պաշտոնական տեսակետների»: Հաշվի առնելով, որ Դուք պաշտոնավարել եք 1991-98թ.թ. Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, համամի՞տ եք նրանց՝ արտաքին քաղաքականության ոլորտում այսօրինակ կոշտ դիրքորոշմանը:
-«Միացում» նախաձեռնության ամբողջ կազմին ծանոթ չեմ, բայց գիտեմ Ժիրայր Սեֆիլյանին եւ Տիգրան Խզմալյանին: Նրանք Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիներից են, չնայած Սեֆիլյանը ֆորմալ տեսանկյունից նույնիսկ այդ քաղաքացիությունը չունի: Նրանք, բնականաբար, մեզ հետ միասին ընդվզում եւ պայքարում են բռնապետական ռեժիմի դեմ: Այս առումով մեր մտածողությունը եւ շահերը համընկնում են հարյուր տոկոսով:

Ինչ վերաբերում է Ղարաբաղի խնդրին, բնականաբար, կարող են լինել տարբեր տեսակետներ: Կարծում եմ, որ նրանց դիրքորոշումը շատ կոշտ եւ պահանջատիրական է: Ոչ ոք չի ասում, թե նրանք նման դիրքորոշում արտահայտելու իրավունք չունեն: Սակայն ես ինձ համարում եմ առավել իրատես դիրքորոշման տեր եւ սկզբունքորեն չեմ բացառում Լեռնային Ղարաբաղի խնդրի այնպիսի կարգավորում, որը հիմնված կլինի փոխզիջման վրա: Մյուս կողմից՝ դա չի նշանակում, թե Սերժ Սարգսյանի դիրքորոշումը եւ «Մադրիդյան սկզբունքները» ինձ համար ընդունելի են: Սակայն այդ մասին կխոսենք, երբ պարզ կլինի, թե փոխզիջման ինչ աստիճան է, պահպանվա՞ծ է, արդյոք, հավասարությունը, թե՞ փոխզիջումները դարձել են միակողմանի զիջումներ հայկական կողմի համար:
-Իսկ հնարավոր համարու՞մ եք պատերազմի վերսկսումը:
-Միշտ: Կողմերի դիրքորոշումներն այնքան իրարամերժ են, որ ցանկացած պահի կարող է պատերազմ սկսել:

ԹԱԳՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

“ՏԱՐԵԳԻՐ”

Related Posts

0 Comments

  1. Իրականում ես ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների կոմիտեի նախագահը չեմ: Նախագահ կոմիտեն չունի: Կա համակարգող` ի դեմս Վարդան Հաարությունյանի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *