Պլեբսի նպատակը պլեբիսցիտն է կամ՝ ՍՍ-ի տակ մի փոքրիկ աղյուս

Նոյեմբերի 2-ին, Մոսկվայում, «Մայենդորֆ» ընդունելությունների տանը տեղի է ունեցել ՍՍ-ի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Այս տարվա ընթացքում սա արդեն երկրորդ հանդիպումն է: Առաջինը կայացել էր 2008 թ. հունիսի 6-ին, Սանկտ Պետերբուրգում, ԱՊՀ անդամ երկրների ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակում:

Tet a tet խոսելուց հետո «բանակցությունները շարունակվել են» ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ:

Բանակցությունների արդյունքում ՍՍ-ը, Իլհամ Ալիեւը եւ Դմիտրի Մեդվեդեւը ստորագրել են Հռչակագիր: Արարողությանը ներկա են եղել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Մեթյու Բրայզան, Բեռնար Ֆասյեն եւ ԵԱՀԿ Նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Հռչակագիրը բաղկացած է 5 կետից, որնցից միայն մեկն է տպավորիչ, այն իմաստով, որ հիշատակում է 2007 թվականի նոյեմբերի 29-ին Մադրիդում ընդունված այն փաստաթուղթը, ըստ որի պետք է կարգավորվի Ղարաբաղի հարցը: Մադրիդի փաստաթղթի բովանդակությունը կողմերը խնամքով թաքցնում են, սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանն իր վերջին հանրահավաքում հստակ ներկայացրեց դրա ծրագրային քայլերը, որոնք մոտավորապես բաղկացած կարող են լինել 10 կետերից եւ որի վերջնանպատակը պետք է լինի պլեբիսցիտի անցկացումը: Բայց մինչ այդ, Ղարաբաղում, անշուշտ, կստեղծվեն այնպիսի պայմաններ, որ քոչվորական պլեբսը էքսպանսիայի կենթարկի ամբողջ տարածքն ու կգերակշռի տեղաբնիկին: Դա Ադրբեջանի վաղեմի ռազմավարությունն է, որի ամենացայտուն օրինակը Նախիջեւանն է:

Ինչ վերաբերում է ստորագրված համատեղ հռչակագրին, ապա Հայաստանում այդ թղթին վերաբերվում են որպես հանդիպման իրական նպատակներից շեղելու դասական տարբերակի: Ազատագրված տարածքների պաշտպանության նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ այդ հռչակագիրը մեզ համար խիստ բացասական նշանակություն ունի ոչ այնքան իր բովանդակային, որի մասին հայտարարությամբ հանդես կգա ուսումնասիրելուց հետո, այլ գործընթացի տրամաբանության իմաստով: «Երկու գերտերությունների միջեւ ընթացող մրցակցությունը հստակ երեւում է: Կարծես թե Արցախի խնդիրը ձեռքից ձեռք քաշելու միտում կա: Ես նաեւ ունեմ տեղեկություն, որ ապագայում սպասվում է Ալիեւ-Սարգսյան հանդիպում Վաշինգտոնում: Երբ մրցակցությունը գտնվում է այսպիսի սրված վիճակում, ապա այդ տերությունների կողմից կտրուկ քայլերը անսպասելի չեն: Իսկ եթե այդպիսի քայլեր կատարվեն, մենք կարող ենք ոտատակ ընկնել: Այս իմաստով վտանգավոր եմ համարում սպասվող պրոցեսը»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը: Նրա կարծիքով՝ այդ հռչակագրից հետո իմաստ չունի, որ ընդդիմությունը շարունակի հանրահավաքների դադարեցման մարտավարությունը: «Ես նախկինում էլ եմ արտահայտել իմ անհամաձայնությունն այդ մարտավարության վերաբերյալ, սակայն հիմա, առավելեւս այս վիճակից հետո բոլորովին իմաստ չունի շարունակել այդ մարտավարությունը, եւ պետք է լուրջ պրոցես սկսել մի րոպե առաջ ազատվելու այսօրվա ռեժիմից»: Մեր հարցին, թե եթե ՀԱԿ-ը չվերսկսի հանրահավաքները, որո՞նք կլինեն իր կազմակերպության քայլերը, եւ հնարավո՞ր է արդյոք, որ Ազատագրված տարածքների պաշտպանության նախաձեռնությունը, ինչպես նաեւ վերջերս ձեւավորված «Միացումը» կազմակերպի բողոքի ակցիաներ, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց. «Այս հռչակագիրը լիներ թե ոչ, մենք որոշել ենք, որ անելու ենք ամեն ինչ, որ մեր երկրում գերիշխի «Ոչ մի թիզ հայրենի հողից» գաղափարը եւ ամեն ինչ անելու ենք, ներառյալ զանգվածային, համահանրապետական ակցիաները, ինչո՞ւ չէ»,-ասաց:

ՀԱԿ անդամ, ՀՀ ԱԺ նախկին փոխնագահ Կարապետ Ռուբինյանը ոչ Կոնգրեսի, այլ իր անունից ասաց, որ ՍՍ, Մեդվեդեւ, Ալիեւ համատեղ հռչակագրում, առաջին հերթին, բացակայում է Ղարաբաղի շահը: «Սերժ Սարգսյանը ստորագրել է մի փաստաթուղթ, որտեղ ղարաբաղյան կողմը հերթական անգամ անտեսված է»,- ասաց պարոն Ռուբինյանը: Նա նշեց նաեւ, որ այդ փաստաթուղթը ոչինչ չպարտավորեցնող, ֆորմալ հայտարարություն է, հերթական անգամ բանակցային գործընթացը ակտիվացնելու նպատակով: «Ընդհանուր առմամբ գոհունակություն պիտի հայտնեմ, որ որեւէ լուրջ իրադարձություն չի կատարվել Մոսկվայում, քանի որ լուրջ իրադարձություն կատարվելու դեպքում մենք սպասում էինք դեպքերի վատագույն ընթացքի»,-ասաց Կարապետ Ռուբինյանը:

«Լուրջ իրադարձություն» ասելով՝ նա նկատի ուներ այն, որ ռուսական կողմը կարող էր Հայաստանին պարտադրել հարցի կարգավորման այնպիսի տարբերակ, որը շահավետ կլիներ ռուսների համար եւ աղետալի՝ մեր երկրի: Խնդրեցի պարզաբանել: «Վտանգը այն էր, որ Ռուսաստանը, ոգեւորված իր կովկասյան «նոր քաղաքականությամբ», փորձում էր շատ ակտիվ գործողություններով հասնել արագ արդյունքների: Ամենայն հավանականությամբ դա չի հաջողվել, երեւի թե Հայաստանի, թե Ադրբեջանի, թե այլ շահագրգիռ գերտերությունների դիմադրության արդյունքում»,- բացատրեց Կարապետ Ռուբինյանը: Քանի որ հռչակագրում անդրադարձ կար Մադրիդի փաստաթղթին, խնդրեցի հայտնել իր կարծիքն այդ մասին: «Մադրիդի փաստաթղթով կոնֆլիկտի լուծման ընդհանուր ուրվապատկերն է ներկայացված, սկզբունքները: Տարածքները հանձնելու հարցը պայմանավորված է ինքնորոշման իրավունքով: Խնդիրն այն է, որ այդ ինքնորոշման իրավունքը ինչքանո՞վ է հստակեցվում, հատկապես այն ֆոնի վրա, որ Ադրբեջանը անընդհատ ասում է, որ Ղարաբաղը երբեք անկախ երկիր չի լինելու, իսկ մենք ասում ենք, որ պիտի լինի հանրաքվե եւ Ղարաբաղի ժողովուրդը պետք է ինքնորոշվի: Ամբողջ կռիվը այն էր, որ պետք է որոշվեին թե ժամկետները, թե հանրաքվեի ֆորմատը, թե տարածքը եւ այլն: Մանրամասները մեզ հայտնի չեն»,- ասաց Կարապետ Ռուբինյանը: «Իսկ կոնկրետ այս հռչակագիրը ենթադրո՞ւմ է արդյոք, որ ՍՍ-ին այնուամենայնիվ հաջողվեց պահպանել ստատուս քվոն եւ հարցի կարգավորման գործընթացը ձգձգել, կանխելով շուտափույթ լուծման տարբերակը»,- մեր հարցին պատասխանեց. «Անձնական առումով Սերժ Սարգսյանը, ինչպես նշում է մեր բարեկամ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, մեծ ձեռքբերումներ ունեցավ ու իր լեգիտիմության տակ մի փոքրիկ աղյուս դրեց, ոչ հայ ժողովրդի, այլ աշխարհի աչքի առջեւ (որովհետեւ ինչ էլ անի, հայ ժողովրդի աչքում նա լեգիտիմ չի դառնա) ձեռք բերեց անձնական հաջողություն»,-ասաց Կարապետ Ռուբինյանը: Հնարավո՞ր է արդյոք, որ հռչակագիրը ստիպի ընդդիմությանը վերականգնել հանրահավաքների մարտավարությունը. այս հարցին նա խուսափեց պատասխանել, նշեց միայն, որ սրանով վերացավ հանրահավաքներ կամ զանգվածային միջոցառումներ անելու խոչընդոտներից մեկը:

ԱՅԱՆԵ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ

“Տարեգիր” 04.11.2008թ.

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *