ՌՈՒԲԻՆՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՅՏՆՎԻ «ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻ» ՄՈՏ

Մինչ ՀԱԿ-ը ականջները չորս արած սպասում է, թե ով իրենց նոր առաջարկ կանի, կամ հետները տունտունիկ կխաղա, իշխանությունները պաշտոնական մակարդակով, առանց կաշկանդվելու ու երկմտելու, օրեր շարունակ փորձում են շատ պարզ ու հասկանալի տեքստով ՀԱԿ-ի ուղեղը մտցնել, որ իրենց զոռբայությունը չի անցնելու, եւ ոչ մի արտահերթ ընտրություններ էլ չեն լինելու: Այնպես որ, ԼՏՊ-ն կամ պիտի իր փափախը գետնով տա ու իշխանության շվաքի ներքո 2012-ին նորից դուրս գա մարդամեջ, թեեւ դա էլ մեծ հարց է, կամ էլ պիտի շարունակի ձեռնունայն նստել ու յոթ սարից այն կողմ` արտահերթ ընտրություններ, ու հիմա¯, հիմա¯ բացականչել: Ի±նչ կլինի ՀԱԿ-իշխանություն հարաբերությունների վերջը, ո±վ մինչեւ վերջ կմա ԼՏՊ-ի կողքին, եւ ինչի± համար արդյոք երկարատեւ սեթեւեթումներից հետո ՙկոնգրեսականներին՚ ու նրանց սազանդարին կհաջողվի մոնոպոլացնել ընդդիմադիր դաշտը: Թե ինչ վերաբերմունք ունի այս համատեքստում ընթացող գործընթացների վերաբերյալ ԱԺ նախկին փոխխոսնակ, նախկին ՙկոնգրեսական՚ Կարապետ Ռուբինյանը, պարզվեց, որ նրա սպասելիքները վաղուց ավարտվել են, քանի որ հեղափոխություն անելը, որի տակ նա հասկանում էր խորքային կտրուկ փոփոխությունների իրագործում, այլեւս կորսված է Հայաստանում:
-Պրն Ռուբինյան, կարծես թե նոր փոփոխությունների անվան տակ փորձում է ինչ-որ նոր բան էլ իրականացնել նորաստեղծ ՙԱզատ դեմոկրատներ՚ կուսակցությունը` Խաչատուր Քոքոբելյանի գլխավորությամբ, ուր հիմնականում հավաքված են այն մարդիկ, ովքեր երկար ժամանակ է` ինչ ՀԱԿ-ից երես էին թեքել: Դուք ի±նչ կարծիք ունեք այս նոր ուժի ձեւավորման հետ կապված, եւ հնարավո±ր է, որ մոտ ապագայում դուք էլ ընդգրկվեք այդ կուսակցության շարքերը:
– Կուսակցությանը գնահատական տալու համար դեռ շատ շուտ է. ես մամուլի հրապարակումներից իմացա, որ նրանք նույնիսկ դեռ գրանցման փուլում են, եւ որ այդ պրոցեսը դեռեւս չի ավարտվել, այնպես որ, հիմա գնահատականների մեջ շտապել պետք չէ: Իսկ ինձ, իհարկե, առաջարկ արվել է կուսակցության շարքերն անցնելու համար, բայց ես դեռ պետք է մտածեմ:
– Այսինքն` չեք էլ մերժում այդ առաջարկը, եւ չի բացառվում, որ համաձայնե±ք դրան:
– Ո°չ, չեմ մերժում, եւ շատ հնարավոր է, որ այնտեղ հայտնվեմ:
– Իսկ հնարավոր համարում ե±ք, որ ինչքան սրվի ՀԱԿ-իշխանություն խոսք ու զրույցի ընթացքը, այնքան ԼՏՊ-ն կթուլացնի իր դիրքերը իր թիմակիցների մոտ, որոնց մի մասը հաստատ ՀԱԿ-ում ՙտիտիկ՚ չի անի, եւ ԼՏՊ-ն էլ այդ ամենից բեզարած կփորձի ստվերային գործակցության մեջ մտնել ՙԱզատ դեմոկրատների՚ հետ, որոնց նկատմամբ ամերիկյան ուժերը լուրջ հետաքրքրություններ ունեն: Ի դեպ, դա էլ հենց այնպես չէր, որ ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը իր ոտքով այցելեց ՙԱզատ դեմոկրատներին՚:
– Այդտեղ ինչ-որ ենթատեքստ կա±: Մենք հիմա կընկնենք խորը ենթադրությունների ոլորտ, քանի որ այն բաները, որը դուք ասում եք, ինձ հայտնի չեն: Բայց կարելի է ենթադրել, որ բարդությունների առաջ կանգնելով, կարող են այդպիսի երեւույթներ լինել: Կա հակառակ վիճակը. այսօր լրագրողների, հրապարակախոսների մի ամբողջ բանակ, չնայած առանց որեւէ փաստի, լծված են փառաբանելու առաջնորդի հմուտ քաղաքականությունը եւ նրա կողմից ձեռնարկվող քայլերը: Իսկ ինչ վերաբերում է Մարի Յովանովիչի այցին, ապա ես ռեալ գիտեմ, որ նա այցելել է մի շարք գործիչների, այդ թվում նաեւ այցելել է ՙԿոնգրեսի՚ ղեկավարին, բնականաբար, պետական պաշտոնյաներին նույնպես, այնպես որ, եթե դուք ենթադրություն եք անում, որ ամերիկացիները հետաքրքրված են այդ նոր ուժով, ապա նրանք նույն չափ էլ հետաքրքրված են ՙԿոնգրեսով՚ ու մյուսներով:
– Պրն Ռուբինյան, ասացիք, որ որոշ շրջանակներ գովերգում են ԼՏՊ-ի հմուտ քաղաքականությունը: Իսկ ձեր տեսանկյունից, ո±րն է այդ հմուտ քաղաքականությունը, արտահերթ ընտրությունների փուչ պահա±նջը, որի հենքը երեւի թե ԼՏՊ-ն էլ չի պատկերացնում, թե±…
– Ես չգիտեմ, բայց համաձայնեք, որ կան մարդիկ, որ ցանկացած քայլ միանգամից ընդունում են եւ պատրաստ են փառաբանելու, եւ հենց որ հակառակ մի քայլ է կատարվում, միանգամից արդեն անցնում են հակառակ տեսակետները գովաբանելու ու հիմնավորելու գործին: Ինչ վերաբերում է նրան, որ Լեւոն ՏերՊետրոսյանը ինչ-որ բաներից կձանձրանա կամ կհոգնի, ես այդ առթիվ հակված չեմ ենթադրություններ անելու:
– Պրն Ռուբինյան, իսկ այս պահին դուք ի±նչ հարաբերություններ ունեք ԼՏՊ-ի հետ:
– Զրոյական:
– Անդրադառնանք նոր իրավիճակի ձեւավորմանը` ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը, եւ տունտունիկ խաղալուն: Ձեզ համար որքանո±վ է ընդունելի երկխոսություն ասվածն ընդհանրապես, եւ արդյոք իշխանություն-ընդդիմություն մերձեցման սցենարը շեղվո±ւմ է նախատեսվածից…
– Ընդհանրապես, ի սկզբանե ժողովրդից չպետք է թաքցնել ճշմարտությունը, եթե ինչ-որ բաների շուրջ պայմանավորվում են, պետք է ժողովրդին ասեն, որ այսպիսի պայմանավորվածություններ կան, պետք էր ասել, որ համոզված ենք` այս ճանապարհը ճիշտ է: Եթե ինչ-որ խոստումներ, պայմանավորվածություններ եղել են, եւ հիմա էլ դրանք դրժվում են, ապա պետք է ուղղակի ասել` առանց ակնարկներ անելու, թե ինչ պատասխան են տալու միջնորդներին, եւ այլն: Քանի որ այդ ամբողջը եղել է փակ ռեժիմով, եւ նույնիսկ փորձել են մեզ բոլորիս համոզել, որ ենթադրությունները որեւէ հիմք չունեն, ապա ամեն ինչ հիմա նույն ձեւով շարունակվում է: Համենայնդեպս, ես հաճույք չեմ ստանում այդ պրոցեսները տեսնելուց:
– Բայց չէ± որ ե°ւ ՀԱԿ-ը, ե°ւ իշխանությունները տարբեր առիթներով ասում էին, որ իրենց երկխոսությունը բաց է եւ հրապարակային: Հիմա այդ ի±նչ սեւ կատու անցավ, որ նորից երկխոսություն կոչվածը փակ ռեժիմի մեջ մտավ` չհաշված արտահերթ ընտրությունների պահանջը եւ դրա մերժումը:
– Հասկանանք այնպես, որ երկու կողմն էլ անկեղծ չեն, եւ դա երկուսին էլ պատիվ չի բերում:
– Իսկ դուք նորմա±լ էիք վերաբերվում ՀԱԿ-ի այն դեմագոգիկ պահանջին, երբ նրանք ասում էին, որ իրենց ներկայացրած երկխոսական պահանջների պատասխանը ակնկալում են միմիայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից, քանի որ մյուս ՀՀԿ-ականների ասածն իրենց համար ՙասնավանի՚ չի:
– Այդ ամենին նորմալ եմ վերաբերվում, քանի որ իշխանական թեւը մի հոգու որոշումներով ղեկավարվող մարմին է: Բայց, իհարկե, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պատասխանը ուղղակիորեն կարելի է համարել Սերժ Սարգսյանի պատասխանը: Կարեն Կարապետյանի հայտարարությունը պաշտոնական տեքստ էր, եւ հենց Սերժ Սարգսյանի պաշտոնական պատասխանը:
– Թե ինչ կլինի այս խմորման վերջը, հավանաբար դրան երկար չենք սպասի, բայց փաստ է մի բան, որ հիմա ՙԿոնգրեսը՚ լրիվ իրեն սպառել է` իր ոչինչ չասող քայլերով, նամանավանդ որ, օր օրի շատ շատերը հիասթափվում են ԼՏՊ-ի վարքագծից ու խոստովանում, որ, իհարկե, համաներումը շատ լավ էր, որ եղավ, բայց վատն այն է, որ ԼՏՊ-ի քայլերը դառնում են լղոզված ու անհասկանալի: Սրան ի±նչ կասեք:
– Համաներումը, անշուշտ, շատ կարեւոր բան էր, որ տեղի ունեցավ, բայց մնացած հարցերում ՙԿոնգրեսը՚ սխալ ուղի է ընտրել: Բայց եւ ՙԿոնգրեսը՚ ինչքան էլ սխալ ուղի ընտրի, դա ամենեւին չի վերացնում մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները: Խորը ճգնաժամը, սոցիալական ծանր վիճակը, իշխանության բռնազավթումը, այդ բոլոր գործոնները շարունակում են աշխատել, եւ եթե իշխանությունները համարում են, որ ՀԱԿ-ին իրենց մատի շուրջ պտտեցրին, խաբեցին, ապա իրենց ամենեւին խորհուրդ չէի տա մտածել, որ իրենք այս վիճակից դուրս պրծան: Այնուամենայնիվ, հրաժարականի պահանջն արդիական է, եւ ճիշտ կանեն, որ տան այդ հրաժարականը, թողնեն էս երկիրը նորմալ զարգանա:
– Պրն Ռուբինյան, իսկ այդ ո±վ է մի զարկով երկիրը նորմալ զարգացնելու ու սարեր շուռ տալու:
– Մի զարկով ոչ ոք չի կարող լուծել այդ խնդիրները, բայց իշխանության պիտի գա այնպիսի քաղաքական ուժ, որը կվայելի ժողովրդի մեծամասնության վստահությունը:
– Եվ դա ՀԱ±Կ-ն է:
– Ինչի±ց վերցրիք, որ դա ՀԱԿ-ն է: Հիմա ես այդպիսի ուժ չեմ տեսնում, բայց կարծում եմ, որ պիտի անպայման ձեւավորվի այնպիսի մի ուժ, որը պիտի վայելի ժողովրդի վստահությունը եւ գա իշխանության:
– Անշուշտ, դեռ շատ թաքնված ուժեր իրենց գլուխը վեր կհանեն: Ի±նչ եք կարծում, ՀՀ երկրորդ նախագահը կերեւա± այդ ուժերի շրջանակում, թե± նրա վերադարձն այլեւս ուշացած է:
– Երկրորդ նախագահը պարզապես հանցագործ է, ես ո±նց կարող եմ նրա գործոնը տեսնել:

Զրուցեց ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԸ

www.iravunk.com  10.06.2011

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *