«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀՇ վարչության անդամ, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը:
– Պարոն Ռուբինյան, դեկտեմբերի 2-ին պետական այցով Հայաստան ժամանեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Վերջինիս այցն ուղեկցվեց բողոքի ակցիաներով, ոստիկանները ցուցարարների նկատմամբ ուժ կիրառեցին, հարյուրից ավել բերման ենթարկվածներ եղան: Կուսակցություններ կային, որ դատապարտեցին ցույցը, որոշներն էլ՝ աջակցեցին. Որպես նորաստեղծ ՀՀՇ կուսակցության անդամ՝ ի՞նչ կարծիքի եք:
– Միանշանակ ողջունում եմ ցուցարարների արածը, կարծում եմ, որ նրանք էին, որ ինչ-որ չափով բարձրացրեցին, Սերժի ապօրինի վարչախմբի համառ ջանքերով պատվազուրկ եղած Հայաստանի վարկը: Իսկ Հայաստանի իշխանությունները իրենց մշտական ամպլուայում էին… Սահմանադրություն, օրենք, ամեն ինչ մի կողմ դրած՝ լկտիաբար ոտնահարեցին խաղաղ ցուցարարների իրավունքները: Բռնությունները աննախադեպ էին ոստիկանություն բերման ենթարկվածների քանակի առումով, և երևի դա բացատրվում է իրենց ռուսաստանցի տիրակալի ներկայությամբ. չափից շատ էին կաշվից դուրս գալիս:
– Ասում են, թե սա ամբողջովին տեղավորվում է Մաքսային միությանն անդամագրվելու որոշման շրջանակների մեջ՝ այն իմաստով, որ այդ միության անդամ երկրներում հենց այսպես են վարվում խաղաղ ցուցարարների հետ:
– Անահարգալից վերաբերմունքը սահմանադրության, օրենքների նկատմամբ ակնհայտ է և՚՚՛ Ռուսաստանում, և՛ Բեալռուսում, և՛ Ղազախստանում, այստեղ նորություն չկա, բայց Հայաստանում էլ այդ նույն երևույթները կային դեռ մինչև Մաքսային միությանն անդամգրվելու գործընթացը սկսելը, հիմա էլ դրանք շարունակվում են: Արդեն ասացի, որ աննախադեպ էր բերման ենթարկվածների քանակը, մնացած առումներով նույն բռի, անտաշ, անհարգալից վերաբերմունքն է ռեժիմին ընդդիմացող քաղաքացիների նկատմամբ, որոնց, եթե հիշում եք, ոստիկանապետն օրերս հայտարարեց իր համակարգի թշնամիներ:
– Առհասարակ ի՞նչ գնահատական կարելի է տալ Ռուսաստանի ղեկավարի՝ Հայաստան կատարած այցին: 12 փաստաթուղթ ստորագրվեց, ուշագրավ էր հատկապես «Գազպրոմ»-ին «Հայռուսգազարդ»-ի 20 տոկոսը վաճառելու որոշումը:
– Բազմաթիվ վերլուծաբանների կարծիքով՝ Ռուսաստանի խարխուլ տնտեսությունը գոյատևում է շնորհիվ երկու հզոր պետական մոնոպոլիաների գործունեության՝ էներգառեսուրսների և սպառազինության արտահանման: Հիմա, որքան հասկացա, այդ երկու բաներից իբրև թուլափայ ինչ-որ բան են գցում Հայաստանին՝ իբրև բոնուս՝ եվրաինտեգրացիայից հետ կանգնելու ու վերջնականապես Ռուսաստանի խամաճիկը դառնալու համար: Սպառազինության գնումների հետ կապված՝ առանձնապես բան չունեմ ասելու, որովհետև դա փակ ոլորտ է և վիճակի մասին կարելի է միայն ենթադրություններ անել՝ դատելով ռուսական ռազմարդունաբերական ոլորտում կոռուպցիայի մասին ռուսական մամուլի հրապարակումներից: Իսկ գազի գնի հետ կապված՝ նախկինում էլ կասկածելի բաներ էին կատարվում, հիմա էլ նոր անակնկալ մատուցեցին: Պարզվում է, չգիտես որտեղից, Հայաստանը մի նոր ահռելի պարտք է կուտակել ու հիմա փակում է այդ պարտքը՝ փոխանցելով «Հայռուսգազարդ»-ի իր վերջին քսան տոկոսը «Գազպրոմ»-ին: Սա մութ պատմություն է, որին պետք է, անշուշտ, բացատրություն տրվի, որտեղի՞ց այդ պարտքը գոյացրեցին: Այդ փայաբաժինը սոսկ եկամուտներ ստանալու համար հո չէ՞ր: Դրանից զրկվելով՝ ՀՀ կառավարությունը զրկում է իրեն նաև վերահսկողական կարևոր լծակից
– Այս օրերին գուցե ծայրահեղ գնահատականներ են հնչում, այդուհանդերձ՝ նշվում է, թե Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան նման է Ռուսաստանի գաղութներից մեկը կատարած այցին, Հայաստանն էլ Ռուսաստանի գաղութ է դարձել այժմ: Համակարծի՞ք եք:
– Այցը կազմակերպողը ընդունող կողմն է, ուստի այն բանի համար, թե ինչ տպավորություն է թողնում այցը կարող ենք մեղադրել միայն Սերժի թայֆային: Իսկ որ նրանք հայտնի շողոքորթներ ու քծնողներ են, բոլորը գիտեն: Ռուսաստանի հետ հարաբերությունների ֆորմատը, մեր իշխանությունների պահվածքն այդ հարաբերություններում այնպիսին է, որ, ցավոք սրտի, նման եզրակացությունների համար իրական հիմքեր է ստեղծում: Դատելով դիտածս ռեպորտաժներից՝ որևէ տպավորություն չստացա, որ երկու իրավահավասար պետությունների ղեկավարների հանդիպում էր: Ինչ վերաբերվում է՝ մենք գաղութ ենք, թե ոչ, ապա կասեմ հետևյալը՝ մեզ այս իշխանությունները տանում են այդ ճանապարհով, իսկ կդառնանք, թե ոչ՝ կախված է նրանից, թե հասարակությունը դրա դեմ պայքարի համար ինչքան ներուժ կունենա և ինչ արդյունավետությամբ կօգտագործի այդ ներուժը:
– Կիևում հիմա զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունենում նախագահ Յանուկովիչի՝ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը հետաձգելու որոշման հետ կապված: Որպես Հայաստանի ընդդիմադիր ուժերից մեկի ներկայացուցիչ, ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ նույնը չեղավ նաև Հայաստանում սեպտեմբերի երեքից հետո: Գուցե մեր ընդդիմադիր կուսակցությունները ռուսամե՞տ են:
– Անկեղծ ասած՝ այս օրերին երկար եմ մտածել այդ ուղղությամբ: Այնուամենայնիվ, պետք է ընդունենք, որ մեր ժողովրդի մի ստվար հատվածի մոտ «մեխված է» այն թյուր համոզմունքը, որ առանց ռուսի Հայաստանը՝ որպես պետություն, չի կարող գոյություն ունենալ: Այստեղ, այդ վտանգավոր մտայնությունը վերացնելու առումով թերացել են Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը՝ բնականաբար, խոսքս նրանց մասին չէ, որոնք կիսում են այդ կարծիքը կամ ծառայում են ռուսներին: Մեղավոր է նաև մեր, այսպես կոչված, մտավորական սերուցքը: Սա է, ըստ իս, հիմնական պատճառը: Բայց սրան, անշուշտ, գումարվեց նաև այն հանգամանքը, որ իրեն հիմնական, իսկ որոշ դրվագներում նաև միակ ընդդիմադիր ուժ հռչակած կուսակցությունը՝ մի կողմից, և իրեն այլընտրանք հորջորջողը՝ մյուս կողմից, որոնք ունեին բավականաչափ ռեսուրս դիմադրությունը հզորացնելու համար, ըստ էության կրավորական դիրք բռնեցին ու մի կողմ քաշվեցին: Ռուսամետությա՞ն, թե՞ կոնյունկտուրային հաշվարկի արդյունք է դա, ինքներդ դատեք: Ես հակված եմ երկրորդին:
– Այն, որ ժողովուրդն այսօր փողոցում չէ, ընդդիմությա՞ն մեղավորությունն է:
– Բնականաբար, ընդդիմության թերացումն է, որովհետև, կարծում եմ՝ եթե ընդդիմությունը միավորվեր և կտրուկ քայլերի դիմեր, միանշանակ կստանար ժողովրդի աջակցությունը: Եվ դա չնայած վերը նշածս «մեխված» մոլորությանը: Ատելությունը Սերժի ռեժիմի նկատմամբ գերակա է ամեն ինչից: Սակայն, ինչպես տեսնում ենք, հիմնական բեռը՝ Հայաստանի պատիվ փրկելու առումով, ընկավ քաղաքացիական ակտիվիստների վրա:
– Գուցե Հայաստանի ընդդիմադիր ուժե՞րն էլ Ռուսաստանից կախվածություն ունեն:
– Ես այդպես չէի ընդհանրացնի: Արդեն ասացի, որ նեղ շահադիտական, կոնյունկտուրային հաշվարկներ էլ կարող են լինել: Համենայն դեպս՝ արձանագրենք, որ Ռուսաստանի կայսերապաշտական ոտնձգություններին մեր երկրում գործուն հակահարված չտրվեց:
– Վլադիմիր Պուտինն այստեղ հայտարարեց, թե զարմացած է Հայաստանի իրենց գործընկերների վրա, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում Մաքսային միությանն անդամագրվելու գործընթացն արագացնելու համար: ՌԴ ղեկավարը նշեց նաև, որ իրենք նույնիսկ «մեր հետևից չեն հասցնում»: Ի՞նչ կարելի է հասկանալ այս հայտարարության տակ:
– Հաճոյախոսություն էր, բայց միտումնավոր արված հաճոյախոսություն, որի ենթատեքստը հետևյալն էր՝ որ ոչ թե մենք ենք պարտադրում ու բրթում, այլ հայերն են սուպերակտիվությամբ շարժվում այս ուղղությամբ: Բայց դա սուտ է: Ամենաշահագրգռված անձը, պարտադրողն ու բրթողն էլ հենց պարոն Պուտինն է: Դա անթաքույց էր իր այս այցի ողջ ընթացքում: