ՀՀՇ կուսակցության ազդեցիկ գործիչ, ղարաբաղյան շարժման մասնակից, իսկ 2008-ին եւ հետագա տարիներին ակտիվ «կոնգրեսական» Կարապետ Ռուբինյանը ՀԱԿ-ին հրաժեշտ տալուց եւ ՀՀՇ-ի կազմալուծվելուց հետո ոչ մի կուսակցության չի անդամակցում: Փետրվարի 20-ին նա տպավորիչ ելույթ ունեցավ Ազատության հրապարակում: Ապրիլի 9-ին նրան կրկին հանդիպեցինք այնտեղ եւ մի քանի հարց տվեցինք:
– Ինչպե՞ս կամփոփեք ժողովրդական պայքարի այս փուլը:
– Չգիտեմ, արդյո՞ք այսօր ամփոփելու պահն է, քանի որ իրադարձությունները դեռ թարմ են: Ըստ էության, ունեցանք հերթական կեղծված ընտրություններ, իշխանության հերթական բռնազավթում ռեժիմի կողմից եւ հերթական անգամ ժողովրդի ընդվզում, որի գագաթնակետը կարող է համարվել ապրիլի 9-ը:
– Ձեզ համար սպասելի՞ էր, որ ոստիկանները կծեծեն մարդկանց:
– Որ ոստիկանները կոպտորեն կոտնահարեն մարդկանց իրավունքները, կասկած չունեի, բայց ինչքան հասկանում եմ, եւ փորձն էլ դա է հուշում, որեւէ կոնտակտի պետք չէ գնալ ոստիկանության հետ, եւ որեւէ դրական սպասելիք էլ չէր կարող լինել այդ բախումներից: Այսինքն, ինչը որ կատարվեց, կարծում եմ` պլանավորված չէր, այլ պատահականություն էր, բայց հրապարակում հավաքված զանգվածին չտիրապետելու արդյունք էր դա:
– Կա՞ր ոստիկաններին ուժային գործողությունների հրահրելու պահը:
– Դուք տեսել եք, երեւի, YouTube-ում տեղադրված կադրերը: Ակնհայտորեն երեւում է, որ, իհարկե, կային սադրիչներ, եւ ոստիկանությունը, սադրիչներին բռնելու փոխարեն, բոլորիս աչքի առաջ բռնում է մարդու, որը փորձում էր զսպել սադրիչներին: Բայց այդ ընդհարմանը պետք չէր հասնել: Դա հետեւանք էր նրա, որ հստակ գործողությունների ծրագիր ներկայացված չէր ժողովրդին առաջնորդի կողմից, եւ հավաքվածների մոտ տպավորություն ստեղծվեց, որ ժողովրդի ընդվզումը հերթական անգամ ապարդյուն է անցնելու: Այստեղից էլ այդ սուլոցներն ու այդ պահանջներն են՝ գնալ եւ ինչ-որ բան այնուամենայնիվ ձեռնարկել: Համոզված եմ, որ եթե գործողությունների ծրագիր ներկայացվեր, եւ մարդիկ համոզված լինեին, որ պայքարի ընդամենը մեկ փուլ է ավարտվում եւ նոր, մտածված փուլ է սկսվում, եւ անելիք կունենա յուրաքանչյուրը, այդպիսի ռադիկալ քայլերի պահանջներ չէին լինի: Եթե լինեին էլ, դա օժանդակություն չէր ստանա հավաքվածներից մեծ մասի կողմից:
– Եթե համեմատեք այս շարժումը 2008-ի հետ, ի՞նչ տարբերություն կնշեք:
– 2008-ի շարժումը շատ ավելի հզոր էր ներգրավված զանգվածների, քաղաքական գործիչների առումով: Րաֆֆի Հովհաննիսյանի թատերաբեմ բարձրանալը, որպես իրականում ընտրված նախագահի, հույս ներշնչեց մի պահ, որ նրան ավելի հեշտ կհաջողվի համախմբել տարբեր քաղաքական ուժերի, քաղաքացիական շարժումների, եւ այդպիսի քննարկումներ սկսվեցին, որոնք, ցավոք սրտի եւ զարմանալիորեն, ոչ մի արդյունք չտվեցին: Եթե չհաշվենք ժողովրդին քիչ հայտնի մի քանի կուսակցությունների համախմբումը Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ, այդ թվում նաեւ Երեւանի ավագանու ընտրությունների ցուցակում ներգրավվելը, ապա ընդդիմադիր ուժերի էական եւ ոգեւորիչ համախմբում տեղի չունեցավ:
– Բայց ընդդիմադիրները հրապարակում էին՝ ՀԱԿ համակիրներ, առանձին քաղաքական գործիչներ, որոնք Րաֆֆուն սատարելու մասին չէին հայտնել, բայց աջակցում էին: Ինչո՞ւ:
– Զարմանալի ոչինչ չկա: Տարբեր քաղաքական հոսանքներում ներգրավված են մարդիկ, որոնք իրենց երկրի լիիրավ քաղաքացի են զգում եւ չեն կարող կողքից նայել, երբ ինչ-որ քաղաքական գործընթաց կամ պայքար կա: Իրենց համար սկզբունքորեն միեւնույն է, թե որ դրոշի ներքո կպայքարեն ռեժիմի դեմ: Խնդիրն առաջանում է այն ժամանակ, երբ հասնում ենք ղեկավարության դիրքորոշմանը: Այստեղ լինում են արտառոց երեւույթներ, խանդ, սեփական կուսակցության կամ քաղաքական ուժի շահը երկրի շահից վեր դասելու երեւույթներ եւ այլն, եւ այլն:
– Տեսնո՞ւմ եք փոխզիջման տարբերակ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ, եւ դրանից հասարակությունն ինչ-որ օգուտ կունենա՞:
– Կարծում եմ՝ չէ, որովհետեւ ռեժիմը չի փոխել իր բնույթը: Սերժ Սարգսյանն ինչ-որ երդում է տվել, բայց իրականում երդման տեքստը, որն ամրագրված է Սահմանադրությամբ, պետք է ընթերցել որպես հերթական հավաստիացում, որ ոչինչ էլ չի փոխվելու, օլիգարխները մնալու են արտոնյալ պայմաններում, ժողովուրդը շարունակելու է նույն ձեւով հարստահարվել եւ թալանվել: Հիմա այդ ռեժիմի հետ եթե Րաֆֆին կամ մեկ այլ քաղաքական գործիչ համաձայնության գա, ապա ժողովրդի շահն այդտեղ չի երեւում: Կարող է երեւալ առանձին մարդկանց եւ ուժերի շահը: Կարծում եմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, նախաձեռնելով ինչ-որ կոմպրոմիսային քննարկումներ, ըստ էության, փորձում էր ստանալ լծակներ՝ ռեժիմը քայքայելու համար: Միգուցե դա միամիտ փորձ էր, ես, համենայնդեպս, այդպես էի ընկալում: Որովհետեւ, ենթադրենք, դատախազի, Ազգային անվտանգության ծառայության, մենաշնորհների դեմ պայքարի լծակները, որոնք նա պահանջեց, թույլ կտային հաշված օրերի ընթացքում վերացնել քրեաօլիգարխիկ ռեժիմը եւ դրա ղեկավար Սերժ Սարգսյանին:
– Ապրիլի 13-ին ՀԱԿ համագումարն է: Դուք կմասնակցե՞ք: Պատկերացնո՞ւմ եք Ձեր համագործակցությունը ՀԱԿ նոր ստեղծվող կուսակցության հետ:
– Չէ: Նախ, ես որեւէ հրավեր չունեմ, հետաքրքրություն էլ չունեմ մասնակցելու: Նաեւ կոռեկտ չէ խոսել մասնավոր անձի եւ կուսակցության համագործակցության մասին, իսկ բուն տրանսֆորմացիայով ամենեւին ոգեւորված չեմ, քանի որ, փաստորեն, մեր անկախությունը կերտող կուսակցության փակման արարողակարգ է դա ի վերջո դառնալու: Հետաքրքիրն այն է, որ փաստացի գործող կուսակցությունը վերանում է կամ վերանվանվում է, փաստորեն, տապալված շարժման անունով: Կարծես թե պետք է հակառակը լիներ: Բայց ես գիտեմ նաեւ, որ այդ կուսակցությունում փորձում են համախմբել երիտասարդ եւ կրթված մարդկանց, եւ եթե նրանք գործելու են հանուն մեր երկրի ժողովրդավարացման, ռեժիմի դեմ պայքարելու են գործնականորեն, ապա, իհարկե, միայն հաջողություն կարող եմ մաղթել իրենց:
– Իսկ եթե հրավեր ստանաք, չե՞ք գնա համագումարի:
– Չեմ կարծում: Թող ձեւավորվեն, տեսնենք, թե ինչ ավանդույթներ են ստեղծվելու, արդյո՞ք հնից եկած անձնապաշտությունը պահպանվելու է, թե՞, այնուամենայնիվ, կհաջողվի ներքին կուսակցական ժողովրդավարություն հաստատել: Այդ ամենի համար փորձաշրջան է պետք:
– Եթե փորձեն ՀՀՇ-ն վերածնել, Դուք կլինե՞ք կրկին ՀՀՇ շարքերում:
– Իմ կյանքի ընթացքում ես միայն մեկ կուսակցության անդամ եմ եղել` ՀՀՇ-ի: Դա պայմանավորված էր նրանով, որ ես որեւէ այլ կուսակցություն չգտա, որը բավարարի իմ պահանջները, որը ոչ թե մեկ հոգու կամ մեկ փողի տոպրակի շուրջ հավաքված կուսակցություն լինի, այլ լինի իսկական կուսակցություն, դասական իմաստով՝ ներքին ժողովրդավարության, գաղափարների մրցակցության, ներսում լիդերի արդար ընտրությունների եւ այլ սկզբունքներով: Եթե այդ ծրագիրն իրականանա, եւ տեսնեմ, որ պահանջներս իրագործելի են վերաբացվող ՀՀՇ-ում, կանդամագրվեմ մեծ հաճույքով:
Հեղինակ: Սյուզան Սիմոնյան
Հինգշաբթի, Ապրիլ 11, 2013 | 10:56 |