Ինչո՞ւ գործող նախագահը քարոզարշավի ընթացքում ընտրազանգվածի համակրանքը շահելու, խոստումներ տալու և ժողովրդի մասին մտածող թեկնածուի իմիտացիա ստեղծելու փոխարեն, իրար հաջորդող մի շարք պատմությունների մեջ է ընկնում հարցի շուրջ Կարապետ Ռուբինյանը իր բացատրությունն ունի. «Սերժ Սարգսյանը իր նախորդ անփառունակ նախագահության շրջանում տապալվել է բոլոր ոլորտներում և, ըստ էության, նա ժողովրդին ասելու այլևս ոչինչ չունի, իսկ եթե ինչ-որ բան ասում կամ խոստանում է, միշտ մի հարց է կախված մնում, եթե այդքան բան անող էիր կամ «ապահով Հայաստանի» մասին մտածող էիր, բա էս հինգ տարում ինչո՞վ էիր զբաղված»:
Իսկ վերջին ժամանակներում գործող նախագահի թույլ տված «բացթողումների» մասին խոսելիս ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը նշեց, որ դա ոչ թե ինչ-որ սկանդալային պատմություն կամ «կիքս» է, այլ` «Սերժ Սարգսյանի իսկական դեմքն է, նրա իրական մտածողությունը, եթե նախորդ խորհրդարանական կամ նախագահական ընտրարշավներում նա ավելի զգուշորեն էր փորձում թաքցնել դա, ապա այս ընտրություններում ընտրարշավի սկզբից ստեղծված մթնոլորտն այնպիսին էր, որ գործող նախագահը ընդհանրապես խնդիր չունի, մրցակից չունի և հեշտ ու հանգիստ ընտրվելու հեռանկարին է սպասում, ըստ երևույթին ինքն էլ էր այդպես մտածում և շատ ավելի անզգույշ և անհավաք էր»: Ըստ Կարապետ Ռուբինյանի՝ իրավիճակը և նախագահի քարոզարշավի ոճը սկսեց փոխվել, երբ վերջինս տեսավ, որ իր մրցակիցներից մեկը շատ լուրջ հաջողությունների է հասնում այս մրցարշավում. «Սերժ Սարգսյանը ստիպված եղավ նախորդ բարեհամբույր կոմպլիմենտները, որ շռայլում էր մրցակիցներին հանել իր քարոզարշավի տեքստերից և սկսեց քննադատել ու անդրադառնալ նրանց խոսքին»:
Նաիրա Նալբանդյան
ԳԱԼԱ