Եվրասիական միության նախագիծը կյանքի կոչելու համար ՌԴ-ն համապատասխան ռեսուրսներ չունի:«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց նախկին քաղբանտարկյալ Կարապետ Ռուբինյանն՝ անդրադառնալով Եվրասիական միության գաղափարին և Հիլարի Քլինթոնի հայտարարությանը, թե Ամերիկայի իշխանությունները մտադիր են խանգարել տնտեսական ինտեգրման անվան տակ Խորհրդային Միության նոր տարբերակի ստեղծմանը:
Ըստ Կ. Ռուբինյանի՝ զարմանալի կլիներ, որ ԱՄՆ-ի նման երկրի պետքարտուղարը տեղյակ չլիներ այս նախագծի մասին, պարզապես փոքր–ինչ զարմանալին այն է, որ բաց տեքստով ասվեց այս ամենի մասին, չնայած եթե չասեր էլ՝ որևէ կասկած չկար, որ ԱՄՆ-ն առնվազն չէր ողջունի նման քաղաքականությունը, իսկ իրականում իսկապես կխոչընդոտեր:
«Կարծում եմ, որ այն, ինչ որ անում են մեր իշխանությունները, պետք է դեռևս այդպես շարունակեն:Փաստարկում էին, որ Մաքսային միությանը միանալը մեզ ձեռք չի տալիս և միևնույն ժամանակ բավականին զգուշավոր էին, կոպիտ քայլերի, մերժման չէին գնում, քանի դեռ որևէ լուրջ բան չկա, որևէ փաստաթուղթ չկա, և ամեն ինչ խոսակցությունների մակարդակով է: Շատ ճիշտ կհամարեմ այ, երբ ռեալ ոտնձգություններ սկսվեն մեր ինքնիշխանության նկատմամբ։ Այդ դեպքում պետք է բավականին կոշտ դիմադրություն լինի: Նաև կարևոր է սպասել հույսով, որ ինքնըստինքյան խնդիրը կվերանա»,- տեսակետ հայտնեց Կարապետ Ռուբինյանը՝ հավելելով, որ ՌԴ-ն չունի տնտեսական և բարոյական ռեսուրսներ, որպեսզի նման «պրոյեկտը կարողանա առաջ տանել»:
Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարՀիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Ամերիկայի իշխանությունները մտադիր են խանգարել տնտեսական ինտեգրման անվան տակ Խորհրդային Միության նոր տարբերակի ստեղծմանը:Քլինթոնն ընդգծել է, որ «նոր ԽՍՀՄ-ը կարող է ստեղծվել նոր անվան տակ՝ Մաքսային միություն կամ Եվրասիական միություն»:
«Եկեք սխալներ չանենք: Մենք գիտենք, թե որն է սրա նպատակը և կփորձենք գտնել արդյունավետ տարբերակ՝ այդ գործընթացը կանխելու կամ դադարեցնելու համար»,- հայտարարել է պետքարտուղարը: