Սա հաղթաթուղթ է տվել Հայաստանի իշխանությունների ձեռքը. Կարապետ Ռուբինյան

«Առցանց ազատականների ալյանս» կամ 3Ա նախաձեռնության ղեկավար Կարապետ Ռուբինյանն այսօր mardik.am-ի հետ զրույցում անդրադարձել է Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած, ցմահ ազատազրկման դատապարտված Ադրբեջանի քաղաքացի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու Հունգարիայի իշխանությունների քայլին և Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից նրան ներում շնորհելուն: «Ադրբեջանի արածը չի տեղավորվում ոչ միայն մարդկային բարոյականության սահմաններում, այլև կոպտորեն խախտում է բարոյականությունից բավական հեռու գտնվող քաղաքակիրթ աշխարհի քաղաքական փոխհարաբերությունների ու «նիստուկացի» նորմերը: Սա, ինչ խոսք, հաղթաթուղթ է տվել Հայաստանի իշխանությունների ձեռքը և, ինչպես տեսնում ենք, օտարերկրյա պետությունների և միջազգային կառույցների արձագանքներն էլ բավականին նպաստավոր են մեզ համար: Ճիշտ եմ համարում Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելը: Այդ քայլը թույլ տվեց, թեկուզ կարճատև ժամանակով, բևեռել աշխարհի ուշադրությունը դեպքի և Ադրբեջանի իշխանությունների հայատյաց ու ֆաշիստական բնույթի վրա: Ցավոք, դրան հետևած քայլերը, մասնավորապես արտգործնախարարի հապշտապ հայտարարությունը Մինսկի խմբի շրաջանակներում բանակցություններից դուրս չգալու մասին կամ ԱԺ հայտարարությունը, ըստ իս, չեն փայլում նպատակասլացությամբ: Արցախի անկախության ճանաչման կողմնակից լինելով, միանշանակ չեմ պնդի, որ Արցախի անկախությունը ճանաչելու ճիշտ պահն էր և այն բաց է թողնված: Ի վերջո, նման քայլի գնալու համար, ոչ այնքան հարմար առիթն է կարևոր, որքան «թիկունքի ամրության» պաշարը և գոնե լռելայն աջակիցների առկայությունը: Այս առումով երևի ճիշտ կլիներ մինչև հապշտապ ու անպտուղ հայտարարություններ անելը զոնդաժ անել «միջավայրը»: Իհարկե, թիկունքի ամրություն ունեցող, այսինքն` սեփական ժողովրդի աջակցությունը, վստահությունը և քվեն ունեցող, ինչպես նաև ազատ և ժողովրդավար երկրի ղեկավարի համարում ունեցող մեկից կարելի կլիներ պահանջել ավելի համարձակ ու կտրուկ գործողություններ: Ցավոք, այդպիսին լինելուց շատ հեռու է Սերժ Սարգսյանը»:

 mardik.am

Ուրբաթ, 07 Սեպտեմբեր 2012 | 18:14

Related Posts