ՄԻԹԵ ՀԱԿ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ՍԻԼԻ-ԲԻԼԻ ԱՆԵԼ ԲՀԿ-Ի ԵՎ ՕԵԿ-Ի ՀԵՏ՚

Երեկ ՙԺառանգություն՚ կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված անկուսակցական ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ ասուլիսի ժամանակ առաջարկել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանին Լոռիում առաջադրվելու փոխարեն Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքից հանել թեկնածությունը` իր տեղը զիջելով ՙերրորդ հանրապետության ամենալավ պատգամավորներից մեկին` Զարուհի Փոստանջյանին՚: Իսկ թե ինչու է պարոն Ռուբինյանը նման կոչ անում` հարցով դիմեցինք նրան:
-Քանի որ, Րաֆֆի Հովհաննիսյանը լինելով կուսակցության ղեկավար,  բարի կամք ցուցաբերելով, հանեց իր թեկնածությունը թիվ 7 ընտրատարածքից շատ արժանավոր մի մարդու` Նիկոլ Փաշինյանի առջեւից: Հիմա եթե նայում ենք սիմետրիայով, Արամ Մանուկյանը եւս կուսակցության նախագահ է եւ պետք է բարի կամք ցուցաբերի, հանի թեկնածությունը մեկ այլ շատ արժանավոր տիկնոջ եւ լավագույն մեր պատգամավորուհու առջեւից:
– Ձեր կարծիքով Արամ Մանուկյանը այդքան անարժա՞ն է:
– Ինչու Րաֆֆին, որ հանեց, ոչ այդքան արժանավո՞ր էր:
– Դա իր որոշումն է եղել: Այնուամենայնիվ, որտե՞ղ եք տեսնում պարոն Մանուկյանի թեկնածությունը եւ ինչո±ւ եք առաջարկում, որ Լոռիում դնի թեկնածությունը:
– Նա այլեւս չի կարող առաջադրել իր թեկնածությունը, ժամկետներն անցել են, բայց Ա. Մանուկյանը ընգրկված է ՙԿոնգրեսի՚ դաշինքի ցուցակում եւ համամասնականով կմասնակցի ընտրություններին, ի±նչ պրոբլեմ կա այստեղ: Ցանկացած պահի նա կարող է հանել իր թեկնածությունը ընտրություններից մի քանի օր առաջ: Իսկ ինչու եմ Լոռիում պատկերացնում, որովհետեւ նա ծնունդով վանաձորցի է:
– Երեկ ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը հայտարարել է, որ իրենք անտեսելու են որեւէ այլ կուսակցությունների եւ քաղաքական գործիչների մեկնաբանությունները, բացի Հանրապետական կուսակցությունից, իսկ Դուք փաստորեն ՀՀՇ վարչության ղեկավարին ինչ-որ առաջարկություններ եք անում: Ձեր կարծիքով, մի±թե այս կերպ սեպ չեք խրում տարբեր կուսակցությունների միջեւ:
– Ոչ, ինչ սեպ խրելու մասին է խոսքը, ես ընդամենը բարի կամքի կոչ եմ արել, կուզենան` կպատասխանեն, չեն ուզի` չեն պատասխանի: Ինչ վերաբերվում է միայն Հանրապետականին պատասխանելուն, ապա այդտեղ մի տխուր դրվագ կա իհարկե, որովհետեւ այսօր իշխանությունը ներկայացնում են ոչ միայն հանրապետականները, այլ եռամիասնություն կա, եւ հիմա ես այնքան էլ լավ չեմ հասկանում, արդյոք դա նշանակում է, որ իրենք պատրաստվում են սիլի-բիլի անեն կոալիցիայի մյուս երկու ներկայացուցիչների հե±տ, ինձ համար դա ընդունելի չէ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ,
03.04.2012թ. http://www.iravunk.com/

Related Posts