ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն կմասնակցեն նոր «կոալիցիոն բազարի», եթե ուժերը հերիքի` կպահանջեն Քոչարյանին որպես վարչապետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ժառանգություն-Ազատ դեմոկրատներ համամասնական ցուցակի ներկայացուցիչ, ԱԺ նախկին փոխխոսնակ, նախկին քաղբանտարկյալ Կարապետ Ռուբինյանը:

– Պարոն Ռուբինյան, նախընտրական քարոզարշավի բազմաբնույթ իրադարձություններին զուգահեռ` ակտիվորեն քննարկվում է ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի գործունեության հարցը և այդ շտաբում ընդգրկված 3 կուսակցությունների՝ ՀԱԿ, ՀՅԴ և ԲՀԿ քննադատության ալիքն ուղղված է Ժառանգության կողմը` այն պատճառով, որ իրենց բնութագրմամբ, Ժառանգությունը բոյկոտում է այս լավ ծրագիրը: Ձեր գնահատմամբ, ինչո՞ւ են նրանք քննադատության թիրախ ընտրել Ժառանգությանը, ու ըստ Ձեզ` ո՞րն է այդ շտաբի իրական նպատակը:

– Ի սկզբանե ողջունել եմ շտաբը ստեղծելու գաղափարը և կարծում եմ, որ կողմերի անկեղծորեն ջանքեր ներդնելու դեպքում այն կարող էր արդյունավետ լինել: Ինչ վերաբերում է բոյկոտել-չբոյկոտելուն, ապա Ժառանգությունն ամենևին էլ չի բոյկոտում և բարյացակամորեն մասնակցել է առաջին նիստին և առաջարկություններ է արել, որոնք ոչ թե պատրվակ էին, այլ շատ հեշտ լուծելի առաջարկներ, ու ասել է, որ առաջարկները ընդունելու դեպքում պատրաստ է մասնակցել շտաբի աշխատանքներին: Եվ այստեղ է, որ սկսեց բացահայտվել շտաբի ստեղծման ենթանպատակը, որն էլ արդեն օրեր անց ավելի հստակ է դառնում, և այստեղ կողմերն ինչքան էլ քննադատում են, նաև տողատակում բացահայտում են իրենց իրական մտադրությունները: Այս պահի դրությամբ բացահայտվել է հետևյալ պատկերը, որ շտաբի հիմնական նպատակը ոչ թե ընտրակեղծիքների դեմն առնելն է, այլ դա Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի վերլուծության հիման վրա արված մի քայլ է, որի նպատակն է ԲՀԿ-ին կտրել ՀՀԿ-ից և նրանց հանել միմյանց դեմ: Սա Կոնգրեսի ղեկավարին և աջակիցներին դրել է բավականին երկիմաստ վիճակի մեջ, որովհետև ստիպված են ոչ սկզբունքային դիրքորոշում որդեգրել, ենթադրենք` օլիգարխիայի հարցում ու ստիպված մեկին պետք է առանձնացնեն, և ամենակարևորը՝ ընտրախախտումների հարցում ստիպված են կամ աչք փակել բոլոր խախտումների վրա, կամ առանձնացնել մեկը մյուսից: Ժառանգության նախընտրական շտաբը, ըստ իս, սկզբունքային դիրքորոշում է որդեգրել՝ նա ասում է, որ իր համար իշխանական թևը հավասար պատասխանատվություն կրող կոալիցիայի անդամներն են, և եթե այդ կոալիցիայի անդամներից մեկը, այնուամենայնիվ, որոշում է, որ պիտի մասնակցի հակառակ թևի պայքարին արդար ընտրությունների համար, ապա առնվազն ինքը պետք է դադարեցնի կեղծ բարեգործությունը: Բայց մենք տեսնում ենք, որ նման բան չկա, և ԲՀԿ նպատակն է մի ձեռքով իր ավանդական ընտրախախտումները կատարելը, մյուս ձեռքով ձևական մի փաստաթուղթ ստորագրելը, որն իրեն թույլ է տալիս ավելի շատ երևակվել ընդդիմադիր դաշտում, բայց սա էլ հին խաղ է ու անցած ընտրություններում էլ է սա կիրառվել, երբ ընտրությունների նախաշեմին դառնում են խիստ ընդդիմադիր, սկսում են քննադատել իրենց գործընկերներին` այն դեպքում, երբ տարիներ շարունակ անծպտուն միշտ կողմ են քվեարկել ՀՀԿ առաջարկներին: Այնպես որ, այս շտաբը Բարգավաճի համար շատ հաճելի պայմաններ է ստեղծել՝ մի կողմից կոալիցիայից դուրս չի գալիս, մյուս կողմից` երևում է որպես ընդդիմադիր և պահպանում է այն ճկունությունը, որ ընտրությունների արդյունքում հանգիստ մասնակցի նոր կոալիցիոն բազարի:

– ԲՀԿ շահը, կապված այս շտաբի հետ, հասկանալի է, հասկանալի է նաև ՀՅԴ դիրքորոշումը, սակայն ինչպե՞ս բացատրել ՀԱԿ-ի քայլերը՝ ի՞նչ է տալիս այս շտաբը Կոնգրեսին:

– ՀԱԿ-ը շատ ավելի ոչ ակնհայտ ակնկալիքներ ունի, որ իբր ԲՀԿ-ն առճակատման կգնա ՀՀԿ հետ: Տեսականորեն ես դա չեմ բացառում, բայց եկեք դրա մասին ռեալ խոսենք և տեսնենք, թե գոնե մի փոքրիկ առճակատում կարձանագրենք ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև, ասենք` ինչ-որ մի պահի ԲՀԿ-ն մեղադրի ՀՀԿ-ին անձնագրեր հավաքելու, փող բաժանելու մեջ: Համոզված եմ, որ նման բան չի լինի, որովհետև ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն օգտվում են ընտրախախտումների միևնույն գործիքակազմից, ու հենց որ Բարգավաճը փորձի նման մի պահանջ դնել, նշանակում է, որ ինքն իր դեմ է պահանջ դնում: Ես լիազորված չեմ Ժառանգության շտաբի անունից ասելու, բայց համոզված եմ, որ Ժառանգությունն այսօր էլ պատրաստ է միանալու միասնական շտաբի աշխատանքին, եթե մեր առաջարկներն ընդունվեն:

– Պարոն Ռուբինյան, արդեն իսկ հնչել է կարծիք, որ այդ միասնական շտաբի հետևից երևում են Ռոբերտ Քոչարյանի ականջները և այդ կարծիքը նաև կարելի է ինչ-որ կերպ հիմնավորել այդ շտաբում ակտիվ գործունեություն ծավալող ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի գործոնով: Դեռևս այս տարվա սկզբին, երբ քննարկվում էր ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցում կատարելու հարցը, Օսկանյանը ողջունել էր այն միասնականությունը, որ կա այս հարցի շուրջ և շեշտել, որ թեև այս ընտրությունները դժվար թե ամբողջությամբ համամասնական ընտրակարգով անցնեն, սակայն այդ ընտրակարգին անցնելու համար պայքարող ուժերը կարող են ընտրությունների շեմին համախմբվել հանուն ազատ և արդար ընտրությունների անցկացման: Հենց սրանից հետո նմանատիպ գաղափար ծնվեց ԲՀԿ ցուցակի 9-րդ տեղում գտնվող Հմայակ Հովհաննիսյանի մոտ: Հաշվի առնելով այս հանգամանքը և այն կապը, որը կա Քոչարյանի և Օսկանյանի միջև` արդյոք կարո՞ղ ենք ասել, որ միասնական շտաբ ստեղծելու գաղափարը Հովհաննիսյանին տվել է Օսկանյանը՝ պայմանավորված մեծ քաղաքականություն Քոչարյանի վերադառնալու հավակնություններով:

– Վերլուծությունը խելքին մոտ է, բոլորս էլ գիտենք այդ կապերի մասին, Բարգավաճ Հայաստան կուսակցության ստեղծման մասին, նաև նշեցիք, որ Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, մի երկու աստիճան ներքև կանգնած Վարդան Օսկանյանը այս երկրի օլիգարխներն են և ունեն մեծ բիզնես-շահեր, այդ թվում` նաև ընդհանուր բիզնես-շահեր, ի վերջո` նաև ընդհանուր վախ այդ բոլորը կորցնելու առումով: Մենք գիտենք, որ Օսկանյանը տարիներ շարունակ հավատարմորեն ծառայել է Քոչարյանին և բավականին մեծ հնարավորություններ է ստացել, գիտենք նաև, որ մեծ քաղաքականություն վերադառնալու Քոչարյանի հավակնությունները չեն դադարել: Կարծում եմ, որ ՀՅԴ-ն էլ երազում կամ արթմնի երանությամբ է հիշում Քոչարյանի ժամանակ իրենց մասնակցությունը կոալիցիային և զբաղեցրած պաշտոնները, ու նրանք դա չեն էլ թաքցնում, նաև պնդում են, որ միակ նորմալ նախագահն այս երկրում Քոչարյանն է եղել: Այսինքն` կախված ձայների քանակից, որոնք կկարողանան ամրագրել ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ընտրությունների արդյունքում, ապա նաև կմասնակցեն նոր կոալիցիոն բազարի ու եթե ուժերն էլ հերիքի` կպահանջեն Քոչարյանին որպես վարչապետ: Այստեղ, սակայն, մի նրբություն կա. մեղադրել Տեր-Պետրոսյանի թիմին, որ նրանք գնացել և խաղում են Քոչարյանի դաշտում` անհեթեթություն կլինի, որովհետև ինչպես արդեն նշեցի, Տեր-Պետրոսյանի Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցության մեխը մի օլիգարխին մյուսի դեմ հանելն է, այլ հարց է, թե որքանով ենք մենք հավատում, որ դա կհաջողվի:

– Այն, որ այս միասնական շտաբը հետագայում նաև կոալիցիա ստեղծելու խնդիր ունի, և ինչպես նշեցիք` հնարավոր է նաև պահանջեն Քոչարյանին որպես վարչապետ, ապա ի՞նչ է անելու այդ դեպքում ՀԱԿ-ը: Փաստացիորեն պայքարելով Սերժ Սարգսյանի դեմ` ՀԱԿ-ը մտել է մի գործընթացի մեջ, որը մեծացնում է Քոչարյանի վերադարձի հավանականությունը, ի՞նչ է` Քոչարյանի դեմ պայքարելը ՀԱԿ-ն առավել հե՞շտ գործ է համարում:

– Այդ հարցերն արդեն պետք է ուղղել Լևոն Տեր-Պետրոսյանին: Ցավոք սրտի, մենք արդեն ականատես եղանք մեկ շախմատային պարտիայի, որը կարծում եմ, որ պարզապես տապալում էր, բայց ինչպես տեսաք վերջին հանրահավաքում, Տեր-Պետրոսյանն իմ կարծիքն ունեցողներին համարեց քաղաքականությունից ոչինչ չհասկացող և ասաց, որ երկխոսությունը մեծագույն նվաճում է հայ քաղաքականության պատմության մեջ: Ոչ մի մեծագույն բան ոչ ոք դրանում չի տեսնում, բայց որ պնդում է մարդը, թող պնդի: Հիմա նոր պարտիայի ենք ականատես լինում, և այս պարտիայում հաշվարկները հետևյալն են՝ օլիգարխիայի սյուներին հանել միմյանց դեմ ու դրանով թուլացնել օլիգարխիան, իսկ թե հետո ինչ կստացվի` երևի մտածում են, որ սրանք իրար այնպես կխփեն, որ արդյունքում Կոնգրեսը 51 տոկոս ձայներ կարձանագրի իր օգտին: Դե, ասում են` երազելը վնասակար չէ առողջությանը:

– Նախընտրական քարոզարշավի այս ընթացքից դատելով ի՞նչ արդյունքներ են լինելու ընտրություններում և ի՞նչ որակի ընտրությունների ենք ականատես լինելու:

– Թե՛ ՀՀԿ-ի, թե՛ նրա կոալիցիոն գործընկերների գործողությունները ցույց են տալիս, որ բոլոր խոստումները դատարկ բաներ էին և կեղծիքների նույն զինանոցն օգտագործվում է, և կարծել, թե հանկարծ ընտրարշավի կեսից հնարավոր է, որ մյուս 15 օրերին դառնան կարգապահ և օրինապահ` որևէ հիմք չկա: Նաև ակնհայտ է, որ հիմնական խախտումները կատարվում են ոչ թե ընտրության օրը, այլ ընտրություններից օրեր առաջ և ընտրական տեղամասից հեռու, ուստի ձևեր թափելը, թե տեսախցիկներ կդնենք` կվերահսկենք, որևէ էական նշանակություն չեն ունենալու ընտրությունների արդյունքների վրա: Եթե ուզում են էական արգելքներ դնեն ընտրախախտումների վրա, ապա հենց հիմա պետք է պահանջեն, որպեսզի ներքին գործերի նախարարությունը, դատախազությունը, ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ ձեռնարկեն մոտակա 10-15 օրերի ընթացքում և բացահայտեն ու պատժեն ընտրակաշառք բաժանողներին: Այդ ցանցը հայտնի է դեռևս նախորդ ընտրություններից և բավական է ընդամենը մեկ կարգադրություն լինի, ու տեղական մարմինները հինգ րոպեի ընթացքում կներկայացնեն ցուցակները, թե ով ում համար է փող բաժանում: Մի քանի հոգի պետք է բռնվեն ու պատժվեն, որ մնացածները դադարեցնեն իրենց նման գործողությունները, երկրորդ՝ անկախ նրանից ինչպես իրեն կպահի Ժառանգությունը, այդ միասնական շտաբին առաջարկում եմ միջոցներ ձեռնարկել, որպեսզի արգելվի ընտրողներին ընտրության օրը տրանսպորտային միջոցներով ընտրատեղամաս բերելը: Վերջերս կա փաստարկ, թե ԱՄՆ-ում էլ են նման բան անում, բայց ընդունելի չէ, քանզի մեզանում ընտրախախտումները, մասնավորապես փող բաժանելը հենց այդ տրանսպորտային միջոցներում են արվում: Այսինքն` այսօր որևէ հուսադրող բան չկա, որ կլինեն արդար ընտրություններ և կարձանագրվի ժողովրդի իրական կամքը:

 

25.04.2012 | Անժելա Խաչատրյան

Related Posts