Առավոտ, 08-04-2004
Ըստ Կարապետ Ռուբինյանի, իշխանության ամբողջ պայքարը աթոռը պահելու համար է:
-Պրն Ռուբինյան, ինչպե?ս եք գնահատում միավորված ընդդիմության իշխանափոխություն իրականացնելու հնարավորությունները:
-Ես դժվարանում եմ վերջնական գնահատականներ տալ « որովհետեւ նրանց նախորդ գործունեությունն այնքան էլ չի տրամադրում դեպի լավատեսություն: Բայց այն, որ նրանք այս պահին փորձում են իրականացնել մեր ժողովրդի ճնշող մեծամասնության ցանկությունը` անվերապահ ճշմարտություն է: Իմ անձնական շփումները ժողովրդի հետ նույնն են ապացուցում: Դա ակնհայտ էր դեռ վերջին շինծու նախագահական ընտրություններից հետո: Նույնը հիմա է: Կարծում եմ, ընդդիմության համար դա մեծ խթան է, որպեսզի կարողանան հաջողության հասնել:
-Իշխանություններն իրենց ձեռնարկած համապատասխան քայլերով (ձերբակալություններ, ձվահարում եւ այլն) կկարողանա?ն ժողովրդի պոռթկումը ճնշել:
-Չեմ կարծում, որ դրանք համապատասխան քայլեր են: Համապատասխանն այն կլիներ, որ իշխանությունը պարզապես հեռանար: Դա ցույց կտար նրանց սերը` հայրենիքի եւ հարգանքը` սեփական ժողովրդի նկատմամբ: Կատարված քայլերը հանցագործ են: Նաեւ նախորդ օրվա դեպքերն են հաստատում, որ իշխանությունը որոշել է պայքարել սեփական ժողովրդի դեմ` առանց միջոցների մեջ որեւէ խտրականություն դնելու:
Գործի են դրել ՙսեւ հարյուրակայիններին՚ եւ այդ ամբողջ պայքարը ոչ թե, այսպես կոչված, կայունության կամ երկրի բարգավաճման համար է, այլ սեփական աթոռը
թեկուզ մեկ օր, թեկուզ մեկ ժամ ավելի պահելու:
-Իսկ ինչպե?ս կմեկնաբանեք տարբեր բեւեռներից, եւ հատկապես ՀՅԴ-ի կողմից, հնչեցվող երկխոսության կոչերը:
-Եթե նկատում եք, այդ երկխոսության կոչի պայմանը հետեւյալն է` իրենց “պապան”, իրենց աթոռներ տված Քոչարյանը պիտի մնա անձեռնմխելի, մնացածի շուրջ կարող ենք բանակցություններ վարել: Մեկ-երկու աթոռ, մեկ-երկու դերակատարություն… Բայց ամբողջ հարցը հենց նրանում է, որ Հայաստանում իշխանությունը զավթված է հենց Ռ. Քոչարյանի կողմից: Հիմա խոսքը գնում է խաղաղ ճանապարհով սահմանադրական կարգը վերականգնելու մասին, չնայած իշխանությունը դա անվանում է սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելու գործընթաց: Ի դեպ, սահմանադրական կարգը վերականգնելը էնպիսի լավ եւ ժողովրդահաճո գործ է, որ նույնիսկ կարելի է այն բռնի կերպով վերականգնել: Դրա համար խրախուսել կարելի է: Այսինքն` երկխոսության այդ կոչերը ո°չ անկեղծ են, ո°չ էլ բխում են երկրի շահերից: Դրանք պատեհապաշտ կոչեր են, որոնցով փորձ է արվում ֆոն ստեղծել` իբր իշխանությունը կամ նրա մաս կազմող ուժերը ամեն ինչ անում են` երկիրն անկանխատեսելի զարգացումներից ետ պահելու համար: Մինչդեռ իրենք կանխատեսել են այդ զարգացումը եւ արդեն ցույց են տալիս, որ ցանկացած բռնության ու սահմանադրական խախտման պատրաստ են գնալ:
-Այս իրավիճակում հնարավոր կլինի? քաղաքացիական պատերազմից խուսափել:
-Քաղաքացիական պատերազմը ենթադրում է ժողովրդի պառակտվածություն: Մեր վիճակում ժողովուրդն ամենեւին էլ պառակտված չէ, ավելին, միակամ է ի’ր
իշխանությունը վերականգնելու, չհանդուրժելու քոչարյանական խունտայի գոյությունը: Ուստի, մենք ռեալ վտանգի առջեւ ենք կանգնած, որ Քոչարյանը պիտի
փորձի պահպանել իր բռնապետությունն ուժի գործադրմամբ: Սա բռնություն է սեփական ժողովրդի նկատմամբ:
-Տեսակետ կա, որ ՌԴ-ն էլ դեմ չէր լինի Քոչարյանից ազատվելուն: Այդ կոնտեքստում ինչպե?ս եք գնահատում Ռուսաստանի ազդեցությունն այս զարգացումների վրա:
-Ռուսաստանին ձեռնտու չէ, որ Հայաստանում տեղի ունենան ժողովրդավարական բարեփոխումներ եւ իշխանության գան ուժեր, որոնք ղեկավարվում են սեփական ժողովրդի շահերով: Որովհետեւ այդ դեպքում, ի դեմս Հայաստանի, նա կկորցնի հենարան, քանի որ իր սեփական զարգացումները, որպես պետության, ամենեւին էլ ժողովրդավարական չեն: Հայաստանում ժողովրդի շահով առաջնորդվող ոչ մի իշխանություն չի ստանձնի ՌԴ-ի ձեռքին խամաճիկ լինելու դերը: Ավելին, ձգտելու են Եվրոպային ինտեգրվելուն: Ներկայիս լիդերները (ընդդիմությունը.- Ն. Գ.), հաշվի առնելով նրանց հաճախակի այցերը Մոսկվա, ինձ այնքան էլ վստահություն չեն ներշնչում: Միգուցե դա իներցիա է, որը կհաղթահարվի, եթե նրանք իշխանության անցնեն:
-Եթե փորձենք կանխատեսումներ անել. ինչո?վ կավարտվի այս ամենը:
-Ես տեսնում եմ սպասումը` շատ արագ հանգուցալուծման: Բայց նաեւ պիտի զգուշացնեմ, որ պայքարը կարող է երկարատեւ լինել եւ ամենեւին պետք չէ հիասթափվել, եթե, ասենք, մոտակա 10 օրվա ընթացքում իշխանափոխություն չիրականանա: Ակնհայտ է, որ այս իշխանությունը տապալվել է բոլոր ոլորտներում
եւ չունեն որեւէ լծակ երկար ժամանակ ժողովրդին իշխելու: Եթե 10 օրից չլինի, 15 օրից կլինի, մեկ ամսից կլինի: Քոչարյանի ժամանակն ավարտվել է:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ