Սիրուհիներին, ձիերին պատգամավոր կկարգեն

Հարցազրույց ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի հետ

Հայ Ազգային Կոնգրեսը, հիմնավորելու համար ԱԺ ոչ լեգիտիմությունը, հրապարակել է 76 պատգամավորի ցուցակ, որոնք հակառակ ՀՀ Սահմանադրության 65 հոդվածի, զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ: Մինչդեռ այդ պատգամավորներն ասում են, որ իրենք պարզապես բաժնեմասեր ունեն այդ ընկերություններում, բիզնեսը հանձնել են հավատարմագրային կառավարման ու անձամբ իրենք չեն ղեկավարում այն: Ձեր կարծիքով, կա՞ այստեղ Սահմանադրության խախտում, թե ոչ:

– Խախտումն ակնհայտ է, ամբողջ հասարակությունն է տեսնում, որ այդ պատգամավորները նիստերին չեն մասնակցում: Տեսնում է նաեւ, եւ այդքան խորամանկություն էլ չունեն, որ հեռուստատեսությունից կամ մամուլից թաքցնեն, թե ինչպես են նորանոր բիզնես-պրոյեկտներ նախաձեռնում, բիզնես հանդիպումներ ունենում: Ի դեպ, լավ կլիներ չհերքեին` թե չեն զբաղվում բիզնեսով, որովհետեւ բացի այն, որ բոլորին ի ցույց են դնում իրենց ստախոս լինելը, նաեւ վերացնում են իրենց նիստերին եւ հանձնաժողովների աշխատանքներին չմասնակցելու վերջին արդարացնող հանգամանքը:

Բայց պարոն Ռուբինյան, ստացվում է, որ իրենց պատկանող այդ ընկերությունների գործադիր տնօրենը, այսինքն` կոնկրետ ձեռնարկատիրություն իրականացնողը ոչ թե պատգամավորն է, այլ` մեկ ուրիշ անձ: Ու ստացվում է, որ նրանք անձամբ ձեռնարկատիրությամբ չեն զբաղվում, փաստաթղթային առումով իրենք ունեն արդարացում:

– Դա պարզ աչքակապություն է: Օգտվում են նրանից, որ ոչ մի պետական մարմին չի պատրաստվում ուսումնասիրել եւ ապացուցել հակառակը: Բերեմ օրինակ, թե ինչպես է վարվում հարկային տեսչությունը սովորական մահկանացու գործարարների հետ: Գործարարին, որը բիզնեսի տերն է, բայց ձեւակերպված չէ իր ընկերությունում իբրեւ աշխատող, հենց բռնացնում են իրեն պատկանող հիմնարկում, տուգանում են` իբր իրականում աշխատում է, բայց ձեւակերպում տրված չէ: Ասածս այն է, որ ցանկության դեպքում, լավ էլ պայքարում են, նույնիսկ թույլատրելիի սահմանն անցնելով:

Իսկ պատգամավորի կողմից նման խախտումը արդեն, առանց չափազանցության, ազգային անվտանգության խնդիր է, բացի հարկայինից, դրանով հանգիստ կարող էին զբաղվել եւ ԱԱԾ-ի, եւ Ոստիկանության ու դատախազության մարմինները: Իսկ իրականում, տեսեք, միայն մամուլին ու ընդդիմությանն է դա հուզում:

Ամեն անգամ, երբ Կոնգրեսն իշխանություններին մեղադրում է այս կամ այն ապօրինության մեջ, առաջին արձագանքներից մեկն էլ լինում է հետեւյալը. “Ձեր ժամանակ էլ էր այդպես, այս ամենի հիմքը ՀՀՇ իշխանության տարիներին դրվեց”: Ինչեւէ, հետաքրքիր է` իսկ ձեր պաշտոնավարման ժամանակ նման երեւույթներ չկայի՞ն:

– Չեմ հերքում, նման երեւույթներ եղել են եւ անցյալում: Ամենեւին ոչ արդարացնելու համար, նշեմ, որ դրանք սահմանադրական այդ նորմի ուժի մեջ մտնելուն հաջորդած առաջին տարիներն էին, եւ ազգային անվտանգության մակարդակի խնդիրներ չէին դարձել տնտեսության մենաշնորհացումն ու օլիգարխների` պետության հիմքերը քայքայող գործունեությունը:

– Պատգամավորների ցուցակը հրապարակելուց հետո, Ձեր կարծիքով, ինչ է սպասվում, ինչ պետք է տեղի ունենար այս ամենի հրապարակումից հետո:

– Ժողովրդի վստահությունը շահելուն ձգտող, օրինական իշխանությունն առանց այդ ցուցակի հրապարակման էլ վաղուց սկսած կլիներ պայքարն այդ երեւույթի դեմ: Սեփական ու պետական «բուրդը» վաղուց իրարից չտարանջատող «նախագահից» ու իր շրջապատի ավազակներից նման բան սպասելն անիմաստ է: Քիչ հավանական է, բայց կարող են ձեռնարկվել որոշ ցուցադրական միջոցառումներ: Ավելի հավանական է, որ հնչեն հավաստիացումներ, որ հաջորդ գումարման խորհրդարան օլիգարխները «ինքնակամ» չեն մտնի: Սուտ բաներ են: Կամ մենք կազատվենք այս հանցագործ ռեժիմից, կամ վկան կլինենք նույն երեւույթի այլափոխված մեկ այլ տարբերակի: Ինչ է, չգիտե՞նք օրինակներ, երբ իրենց պուպուշ զավակներին, սիրուհիներին կամ ձիերին են պատգամավոր կարգում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

http://www.lragir.am/armsrc/interview51912.html

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *