ԱԺ նախկին փոխխոսնակ, նախկին ՀՀՇ-ական եւ ՀԱԿ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը իշխանություն-ՀԱԿ երկխոսության հետագա ընթացքի մասին կանխատեսում անելը դժվար է համարում, քանի որ հայտնի չէ, թե բեմի հետեւում իրականում ինչ է կատարվում: Henaran.am-ին Կարապետ Ռուբինյանն ասել է, որ իր զգացողությամբ, քաղաքական կուլիսներում թաքուն ինչ-որ բան է կատարվում:
“Երկու կողմերի քայլերը հեռու են տրամաբանությունից, եւ ես համարում եմ վատ, որ հասարակությունից ճշմարտությունը թաքցնում են”,-ասել է Կարապետ Ռուբինյանն ու նկատել, որ հանդիսատեսի, այսինքն, հասարակության աչքից այն կողմ ինչ-որ սցենար է իրականացվում: “Որեւէ հիմք չունենալով, այնպիսի պնդումներ են անում, որ մի քանի օր հետո տեսնում ես, այդ պնդումն իրականություն է դառնում, այդտեղից էլ սցենարի մասին հետեւություն ես անում”,-նշել է Ռուբինյանը:
ՀԱԿ նախկին անդամի կարծիքով, եւ իշխանությունը եւ ՀԱԿ-ը շարունակում են անկեղծ չլինել ժողովրդի հետ եւ իրականությունը չեն ներկայացնում հանրությանը: Henaran.am-ի հարցին, թե իր կարծիքով իշխանությունը կգնա՞ արտահերթ ընտրությունների, Կարապետ Ռուբինյանն ասաց.”Այնքան քիչ ժամանակ է մնացել հերթական ընտրություններին, որ չի կարելի համարել տրամաբանական, թե կարող է այդպիսի սցենար լինել, մանավանդ, որ ՀԱԿ-ը բազմիցս պատրաստակամություն է հայտնել լսել նաեւ հակառակ կողմի օրակարգը եւ մշակել երկկողմանի ընդունելի օրակարգ:
Այսինքն, խոսքն այն մասին է, որ ծայրահեղ մոտեցումները երկու կողմից դրվելու են մի կողմ եւ խոսելու են բոլորովին այլ, միջանկյալ ինչ-որ բանի մասին ”: Նշանակո՞ւմ է արդյոք, որ այդ միջանկյալ թեման հերթական ընտրություններով ՀԱԿ-ին ԱԺ-ում հատկացվելիք տեղերն են լինելու: “Ես ինքս շատ ավելի խելամիտ կհամարեի, եթե կողմերը կարողանային քաղաքական կամք դրսեւորել եւ պայմանավորվել ընտրությունների արդարացիությունն ապահովող քայլերի մասին, թե օրենսդրական, թե ոչ օրենսդրական”,- Henaran.am-ի հարցադրմանն ի պատասխան նշեց Կարապետ Ռուբինյանը:
Ինչ վերաբերվում է ստեղծված իրավիճակում մյուս ընդդիմադիր ուժերի հնարավորություններին, Կարապետ Ռուբինյանը կարծիք է հայտնել, որ գործելու հնարավորությունը ոչ ոք չի խլել նրանց ձեռքից: “Իրենց կամքն է գործել-չգործելը, ուղղակի, քանի որ իրավիճակը հասկանալի չէ, նաեւ անորոշություններ է պարունակում այլ քաղաքական ուժերի համար, բայց դա սեփական ծրագրերն իրականացնելուն չպետք է խանգարի”,-ասել է նա:
Ի դեպ, Կարապետ Ռուբինյանը Henaran.am-ին ասաց, որ “Ազատ դեմոկրատներ”-ին անդմակցելու վերաբերյալ որոշումը կհայտնի սեպտեմբերին: