Ելույթ քաղաքացիական բաց ժողովում

Հարգելի քաղաքացիական ժողովի մասնակիցներ, հյուրեր, շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն է ընձեռվել խոսելու մեր երկրում ձեւավորված սոցիալ-քաղաքական վիճակի, հնարավոր զարգացումների եւ այն քայլերի մասին, որոնք, ըստ իս, կարող են նպաստել իրավիճակի բարելավմանը եւ երկրի զարգացմանը:
Հայտնի է, որ մեր երկրի միջինացված ներկայացուցչական քաղաքացու պահանջներն ու իղձերը, համեմատական առումով, բավականին համեստ են` խաղաղ կյանք, օրինականություն ու դրանից բխող արդարություն, կյանքի եւ ունեցվածքի ապահովություն, աշխատելով վաստակելու եւ ընտանիք պահելու հնարավորություն, երեխաների համար ավելի լավ կյանք ապահովելու հույս: Այս նվազագույն պահանջներն են, որ չեն կարողանում ապահովել իրար հաջորդող «ազգընտիր» իշխանությունները: Այս նվազագույն պահանջմունքները անտեսելու ու ոտնահարելու, դրանց ապահովմանը ուղղվելիք ռեսուրսների անխնա թալանի հաշվին է, որ ահռելի հարստություններ են կուտակվել մարդկանց մի փոքր խմբի ձեռքերում եւ սովի, աղքատության եւ անհուսության գիրկն է ընկել մեծամասնությունը:
Հույսն ու հավատը կորցրած հազարավոր մեր համերկրացիներ լքեցին եւ շարունակում են լքել Հայաստանը, բայց երկրում մնացածները ամենեւին էլ անճարակների ու անգործունակների հավաքածու չեն: Մենք պարբերաբար տեսնում ենք, թե ինչպես է իրական պայքարի եւ իրենց պահանջների կատարման առաջին իսկ հույսի դեպքում ոտքի ելնում ժողովուրդը, հայրենասիրության, վճռականության, անձնուրացության ինչպիսի սքանչելի դրսեւորումներ է ունենում: Ցավոք, մինչ այժմ, հանուն իր արժանապատիվ կյանքի, հանուն արդարության, օրինականության եւ ազատության, ընդդեմ քրեաօլիգարխիկ ռեժիմի, համաժողովրդական պայքարի բոլոր պոռթկումները արդյունք չեն տվել: Բայց դրա համար մեղադրել մեր ժողովրդին` անազնիվ է:
Նույն պոռթկմանն ու ցասումին պատրաստ էր մեր ժողովուրդը եւ այս տարեսկզբին: Նախորդ տարվա աննախադեպ տնտեսական անկման, գների թռիչքային աճի ու կենսամակարդակի էական անկման խորապատկերի վրա իր ողջ թշվառությամբ «փայլեցին» «հայկական աշխարհի» եւ «երրորդ սերնդի բարեփոխումների» մասին դատարկախաոսող կառավարությունը ու նրանց հոգեհայր, Մարտի 1-ի արյան գնով երկրում իշխանությունը յուրացրած Սերժ Սարգսյանը, որը հասցրել էր ոչ պակաս ապաշնորհ իրեն դրսեւորել հայ-թուրքական հարաբերություններում: Այս ամենին գումարվեց ու նոր, հզոր հեղափոխական շունչ հաղորդեց արաբական հեղափոխությունների շարանը ու դրանց նկատմամբ միջազգային հանրության եւ գերտերությունների ղեկավարների վերաբերմունքի փոփոխությունը:
Թվում էր թէ ստեղծված իրավիճակը անխուսափելիորեն բերելու էր Հայաստանում կեղծված նախագահական ընտրություններից եւ 2008թ. Մարտի 1-ից ի վեր ծագած խորագույն սոցիալ-քաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը: Ես, համենայնդեպս, այդպես էի մտածում: Կարծում էի, որ բավական է, որ ՀԱԿ-ը, որպես ընդդիմության առանցքային ուժ, համախմբի ողջ հասարակությանը, քաղաքական դաշտի ընդդիմադիր այլ ուժերի հետ հրապարակայնորեն պայմանավորվի իշխանափոխության եւ դրան հետեւող արտահերթ ընտրությունների վերաբերյալ խաղի արդար կանոնների մասին, հաստատակամորեն դուրս բերի ըմբոստ ժողովրդին փողոց ու պահի այնտեղ մի քանի օր ու բոլոր ճակատներում սնանկացած բռնակալի հրաժարականը անխուսափելի էր:
Գիտեք արդեն, որ այդ սպասումներիցս, ոչ մեկը չիրականացավ: Անսպասելիորեն ընտրվեց մեկ այլ` բռնակալի հետ «բաց երկխոսության» ուղի, որն աժմ ընթացքի մեջ է, եւ որի վերջնանպատակի եւ սպասվող արդյունքների մասին միայն ենթադրություններ կարելի է անել: Ես հասկանում եմ, որ իմ վերը ներկայացրած զարգացումների «հեղափոխական» սցենարը անվտանգ չէր, որքան էլ քիչ հավանական, բայց տեսականորեն հնարավոր զարգացումներից մեկը կարող էր նոր Մարտի 1 ծնել: Նոր ցնցումներ կլինեին: Բայց ձեռքբերումներն էլ արժեքավոր էին լինելու` Հայաստանը շանս էր ստանալու արագ վերադառնալու ժողովրդավարական զարգացման ուղի, ժողովուրդը հնարավորություն էր ստանալու արդար ընտրությունների միջոցով ձեւավորելու նոր, գործունակ իշխանություն, որը արմատական բարեփոխումներ կաներ տնտեսական եւ քաղաքական դաշտերում:
Հաճույքով կլսեի այս նոր ուղիով կատարվող քայլերի ճշմարտացիության վերաբերյալ փաստարկներ, ուրախ կլինեի եթե նշաններ տեսնեի, որ որոշումն ընդունվել է մտքերի բախման, կառուցողական բանավեճի արդյունքում: Ավաղ, ոչ նման համոզիչ փաստարկներ, ոչ կայացած բանավեճի նշաններ չեմ տեսնում, իսկ դեպքերի զարգացումը հուշում է, որ որքան էլ ցավալի է, կտրուկ եւ արմատական փոփոխությունների միջոցով Հայաստանը զարգացման ուղի հանելու եւ տարածաշրջանային մրցակցության բեմահարթակում տանուլ տվածի դերակատարությունից ազատելու շանսերը առայժմ կորսված են:
Չեմ հավատում նաեւ, որ ՀԱԿ-ի կիսալքած արմատական ընդդիմության դաշտը հնարավոր է արագորեն լցնել նոր կամ հին որեւե ուժով: Վորեւե ուժի համար բավականին երկար ժամանակ կպահանջվի վերջին զարգացումներից հերթական անգամ հիասթափված ու հուսալքված հասարակության վստահությունը վերանվաճելու համար: Արաբական հեղափոխությունների ալիքն էլ արդեն անցել է ու չի կրկնվելու:
Մեկ էական հանգամանք եւս: Մոտալուտ, հերթական խորհրդարանական ընտրությունները, որոնց ազդեցությունը արդեն իսկ զգացվում է քաղաքական դաշտում, ուզենք թե չուզենք փոխելու են քաղաքական ուժերի կամ անհատների գործունեության մոտիվացիոն դաշտը: Ուզենք, թե չուզենք կուսակցությունները առանձին կամ դաշինքներ կազմած հերթական անգամ մտնելու են այդ ճահիճը ու հերթական անգամ ապացուցվելու է, որ ընտրությունների միջոցով Հայաստանում էական բան փոխել հնարավոր չէ:
Ուրեմն ի՞նչ է ստացվում, ո՞րն է պահի խորհուրդը: Ցտեսություն հեղափոխություն, ցտեսություն արագ փոփոխությունների հույսին ու կեցցեն նոր ընտրությունները՞: Հերթական կեղծված ընտրություններ, որոնց հնարավոր արդյունքները այսօր էլ շատերի համար կռահելի են: Լավ, բա չկա՞ հուսադրող ինչ-որ բան, որով արժե, որ ավարտեմ ելույթս:
Ինձ համար հուսադրողն այն է, որ աշխարհը արագ փոխվում է: Փոխվում է նաեւ հայաստանյան հասարակությունը: Վերջին 3 տարիների պայքարի ծնունդ եւ նշածս արագ փոփոխությունների արգասիք եմ համարում այն, որ մեր աչքի արջեւ ձեւավորվում են քաղաքացիական նորանոր նախաձեռնություններ ու խմբեր, որոնք իրենց կառուցվածքով եւ գործելավոճով էականորեն տարբերվում են մեր կուսակցություններից: Հակառակ դրանց, քաղաքացիական նախաձեռնություններն ու շարժումները միանգամայն նոր, մեր իրականությանը եւ փոփոխվող աշխարհին համահունչ, դինամիկ կառույցներ են: Սա, ըստ երեւույթին, զգում են նաեւ «Ժառանգություն» կուսակցության իմ բարեկամները եւ պատահական չէ, որ ոչ թե համախոհ կուսակցությունների ղեկավարների ժողով կամ կոնֆերանս են նախաձեռնել, այլ քաղաքացիական ժողով:
Ուրեմն քաղաքացիական նախաձեռնություններ եւ միավորումներ: Ահա ձեզ մի նորարարական, հեղափոխական դաշտ, որտեղ արդեն արձանագրվել են թեկուզ փոքրիկ, բայց հաղթանակներ, դաշտ, որին, ըստ իս, արժե լուրջ վերաբերվել, օժանդակել կամ ուղղակիորեն մասնակցել, ստեղծելով նորանոր կառույցներ:
Այս համատեքստում ես հնարավոր եւ լուծելի եմ համարում նաեւ, քաղաքական նոր միավորի ստեղծումը, պայմանականորեն անվանեմ դա «Քաղաքացիական ֆորում»: Ֆորում իր եւ անտիկ, եւ արդի իմաստներով, որտեղ ընդգրկված անհատները պետք է փորձեն վերցնել իրենց վրա մեր երկրի հասարակական-քաղաքական զարգացման ավանգարդի դերը եւ նպատակ դնեն երկիրը դուրս բերել ժողովրդավարության ու զարգացման ուղի: Ֆորում որը կարող է մոդել հանդիսանալ ապագա պառլամենտական Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի համար:
Որքան էլ աղոտ լինեն այս պահին այդ կառույցի մասին մեր պատկերացումները, ակնհայտ է, որ այն իմաստ ունի ստեղծել միայն այն դեպքում, երբ համոզված կլինենք, որ այն իր բոլոր որակներով եւ գործելակերպով էապես տարբերվելու է գոյություն ունեցող քաղաքական միավորներից: Համոզված լինենք, որ կործանիչ անձնակենտրոնությանը հակադրվելու է շատ ավելի արդյունավետ կոլեկտիվ մտավոր գործունեությունը, արտեղ բաց, հրապարակային գործունեությանը այլընտրանք չի լինելու, որտեղ առաջին հերթին որպես առողջ կենսագործունեության պայման է դիտվելու ներքին խորը ժողովրդավարությունը, մշտական առողջ, քաղաքական մրցակցությունն ու ընտրությունները: Կառույց, որի յուրաքանչյուր անդամ բաց եւ պատասխանատու կլինի հասարակության առջեւ, պատրաստ ցանկացած պահի հաշվետու լինելու իր անցյալ ու ներկա գործունեության, իր եւ իր մերձավորների եկամուտների, ծախսերի եւ ունեցվածքի վերաբերյալ:
Ահա, շատ թռուցիկ ներկայացված մի գաղափար, որով, ինչպես երեւում է իմ անձնական շփումներից, այսօր հետաքրքրված են շատերը եւ որը կուզենայի, որ քննարկման առարկա դառնար թե՛ այս հավաքում, թե՛ այլուր:
Ավարտելով ելույթս, նորից իմ շնորհակալություն եմ հայտնում այս հավաքի կազմակերպիչներին եւ ուզում եմ հույս հայտնել, որ դեռ առիթներ կլինեն նոր քննարկումների եւ համագործաքցության համար:

Կարապետ Ռուբինյան,
Երեւան, 21.05.2011թ.

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *